ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. «Հիմնարար Հայակենտրոնություն»
Մենք բոլորս տարբեր ենք։ Ոմանք ծնվել են ԽՍՀՄ-ում, ոմանք անկախ Հայաստանում։ Մեկը Արցախցի է, մյուսը պարսկահայ։ Մեկը հարուստ է, մյուսը աղքատ։ Մեկը մտածում է արևելահայերենով, մյուսը՝ արևմտահայերենով, երրորդն էլ համշենահայ է։
Մեկը դաշնակցական է, մեկը հանրապետական։ Մեկը կաթոլիկ է, մյուսն աղանդավոր։ Մեկը ազգային է, մյուսը՝ ոչ։
Մենք եթե տասը միլիոն ենք, ապա տասը միլիոն վարչապետացու ենք կամ նախագահ։ Մեզնից յուրաքանչյուրն է մաքսիմալիստ՝ եթե Հայ է։
Ու, արդեն մի քանի տարի, մենք պարտված, կոտրված, փրփրած՝ յուրաքանչյուրս մեր ճշմարտությունն ենք ապացուցում, ու պատրաստ ենք այդ ճշմարտությամբ սրախողխող անել իրար։
Մենք, որ անհատականությունների ազգ ենք, բազմաբարբառ ու տարբեր՝ մեր խառնվածքով, կարող ենք հազար տարի վիճել իրար հետ, երկիրը տանուլ տալ, սակայն հպարտանալ այս կամ այն հրապարակում հաղթանակած հայազգի մեր ներկայացուցիչներով։ Մենք կարող ենք տասնամյակներ շարունակ ապացուցել, որ սրանք, կամ նրանք ծախեցին Հայաստանը, ու ոչ մի քայլ չձեռնարկել իրական դավաճաններին դատելու համար։
Մենք պիտի իրար լսել սովորենք։ Իսկ լսել սովորելու, արդյունավետ լինելու և այս անդունդից դուրս գալու համար մենք պարտավոր ենք մշակել բանավեճի ու շահախնդրությունների համապատասխանեցման, կամ «օրենքների» մեր ժողովածուն, որը ես անվանում եմ «Հիմնարար Հայակենտրոնություն»։
Աշխարհասփյուռ Հայ Ժողովրդին ու ազգին լոզունգներով ու կոչերով անհնար է միավորել։ Իսկ եթե հնարավոր չէ իմի բերել մեզ՝ մեր էության ընկալումների շուրջ, ապա անհրաժեշտ է միավորել այն ընդհանուր հասկացությունների շուրջ, որոնք սուրբ աքսիոմաներ են բոլորիս համար՝ Լեզու, Պատմական Հայրենիք, Պետություն, Եկեղեցի, ընտանիք։ Այս հինգ, գուցե ավել կետերի շուրջ էլ մենք կմշակենք «Դեպի Արարատի»` կարմիր գծեր պարունակող այն «օրենսգիրքը», որը հիմք կհանդիսանա տասը միլիոն հայ-համարիչներին ընդհանուր Հայաստան-հայտարարի բերելու։
«….» Ուշադիր լինենք նրանց հանդեպ, ով որդի, ամուսին կամ հայր կորցրեց այս դաժան պատերազմում։ Ով տուն ու քաղաք կորցրեց։ Ով շիրիմ կորցրեց։ Ով անցյալի հետ շփվելու հնարավորությունը կորցրեց։
Այս պարտությունը մեզ վերագործարկման առիթ է տալիս։ Մենք վերջապես տեսանք մեր իրական դեմքը։ Հիմա հարկավոր է այդ ստորին կամ ամենաներքևի կետից կամաց վեր կենալ ու հզոր համաշխարհային երևույթ դառնալ՝ Նոր հզոր Հայաստան։
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ
31 դեկտեմբերի, 2021 թ.