ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ (ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ)
Սկիզբը՝ նախորդիվ
10
Խաշթառակում տասներկուերրորդ օրը խաղաղ էր։ Ավոն, առավոտյան սև գառ էր մորթել, որովհետև, երեկոյան Վարպետի հինգ զավակները, ընտանյոք հանդերձ, տասներկու մեծ ու փոքր թոռներով պիտի հավաքվեին ու նշեին պապիկի վերադարձը՝
միութենական մայրաքաղաք Մոսկվայից։ Ավոն քսանհինգ լիտրանոց մուսկաթի գինին ու մի քանի շիշ հոնի օղի մառանում մի կողմ էր դրել։ Գառը՝ որն արդեն սառնարանում էր, որոշել էր կախել թոնիրում, տակն էլ փլավ դնել, որ խորովածի հյութերով համովանա։
Ավոն ավագ որդին չէր։ Ավագը՝ Արմեն էր, որ տեղափոխվել էր Իջևան ու աշխատում էր գազի գրասենյակում։ Բայց Արմենը իր ավագությունը դեռ դպրոցական տարիներին էր զիջել կրտսեր եղբորը։ Նա էլ պատրաստակամ էր ու սիրտը մեծ, սակայն երբեք որոշում չէր կայացնի։ Տիկին Վարսենիկն ամեն առիթով ասում էր՝ Հորդ ես քաշել, մի տեղ գնաս՝ կկորչես։ Իսկ Ավոյին համարում էր իր տեսակը, Ճկուն, ուշիմ, ճարպիկ, անվախ։ Սակայն, երբեք, տիկին Վարսենիկը հինգ զավակների ու թոռների մեջ տարբերություն չէր դնում, որպեսզի երջանկության շաղախը իրենց օջախից անպակաս լինի։
Վեց աղջիկ, վեց տղա թոռներ ունեին Վարդանյանները։ Ամեն անգամ՝ Խաչը գնալիս, տիկին Վարսենիկը Աստծուն շնորհակալ էր լինում եղածի համար ու միշտ ասում՝ ՄԵզ ավելը պետք չի, Տեր Աստված։ Ավելը տուր նրանց, ով դրա կարիքն ունի։ Նրանց տանը միշտ բարի ու ջերմ մթնոլորտ էր։ Հարևանները, երբեմն տեսնում էին տիկին Վարսենիկին, ջղայնացած ու վրդովված, բայց վարպետին՝ երբեք։ Ապրում էին նրանք այդպես, իրենց հատկացված կյանքի սահմաններում։
Հարևաններն էլ, տեսնելով Վարդանյանների տանը առաջացած իրանցումները, անցնում՝ հարց էին տալի՞ս․
— Բարի աջողում։ Մոսկվացին գալիս ա՞, Վարսիկ։
— Գնացքը երեկ գիշերվա կողմ պիտի հասած լինի, Ղազումյան ջան։ Ուր որ է, կերևա։
— Դե մենք էլ կերևանք, կպատմի՝ Լենինը տեղու՞մ էր, թե տեղում չէր։
— Իհարկե, կգաք, հարևան ջան,— ասում էր տիկին Վարսենիկը՝ բոլորին։
Ավոն, մայրիկին լսելով, երեսուն հոգու երկար սեղան էր պատրաստում։ Ժամը տասներկուսի կողմերը նա զանգ տվեց եղբորը, ու խնդրեց երևանից եկող առաջին մի քանի «Իկարուսները» դիմավորի, որոնք, որպես կանոն, ժամը մեկի կողմերն էին երևում ու կես ժամը մեկ, մինչև Նոյեմբերյանի ու Բերդի վերջին ավտոբուսները՝ երեքի-չորսի կողմերը։ Չորսն անց քսանին Արմենը զանգեց ու ասաց, որ Հայրիկը չի ժամանել։
— Ո՞նց, ախպեր ջան։ Ետդարձի գնացքի տոմսը երեկվա վրա էր, չէ՞։ Լավ։ Դու արի, ես էլ փորձեմ զանգ տամ Վանիկին։
Ավոն արդեն հոգնել էր հեռախոսի սկավառակը քաշելուց։ Վանիկի հեռախոսը չէր պատասխանում։ Նա զանգեց քրոջը, Ռուզանին ու խնդրեց, որ նա էլ փորձի։ Ապարդյուն։ Ռուզանը մտածեց, գուցե Երևանի ուղիղ համարո՞վ փորձի, ինչի համար մտավ օպերատորների աշխատասենյակ, գործընկերներին խնդրեց՝ թույլատրել գործկոմի ուղիղ գծով զանգ տալ։ Իհարկե, կարգի խախտում էր, բայց դա էլ չօգնեց, ինչի մասին զանգեց ու պատմեց եղբորը։
— Լավ, քույրիկ ջան, դու՝ մերոնց բոլորին զանգ տուր, ասա, որ այսօրվա ճաշկերույթը հետաձգվում է, ես էլ տեսնեմ ի՞նչ եմ անում, բայց լավ կլինի որ գաք, այսօր՝ մայրիկի մոտ լինեք։
—Գուցե մեքենայո՞վ, Վանիկի հետ միասին գան, Ավո,— հարցրեց քույրը։
—Դե, պիտի սպասենք, իսկ ես վաղը կմեկնեմ Երևան, Ռուզան ջան։ Պետք լինի, Մոսկվա էլ կգնամ, բայց իմ հորը կբերեմ իր տուն, չմտածես։
Տիկին Վարսենիկը Ավոյի բալիկների հետ, բակի թախտին նստած, լոբի էր հնդրում, երբ Ավոն մոտեցավ, նստեց կողքին, ձեռքը գցեց ուսին ու ասաց․
—Մամ, հայրիկը չի եկել այսօր։ Ես վաղը առավոտ շուտ կգնամ Երևան։ Վանիկի հեռախոսն էլ չի պատասխանում։
Տիկին Վարսենիկը գունատվեց, ձեռքի լոբին լցրեց ալյումինե թասի մեջ, գլխաշորը քանդեց, վարսերը ետ սանրեց, կապեց գլխաշորը, ապա որդու կոպիտ ձեռքերն առավ իր ձեռքերի մեջ ու կամաց ասաց․
—Ավո, տղա ջան, չկորչի էդ մարդը, էս ի՞նչ խայտառակություն էր։
—Հիմա ո՞ր դարն է, որ մարդ կորչի, մամ ջան, Ռուզանը կգա, քո կողքին կլինի, ես կգնամ Երևան։
Երեկոյան կողմ հարևանները՝ անցնելիս հարցնում էին, տիկին Վարսենիկն էլ ասում էր․
—Զանգել է, ասել՝ Երևանում գործ կա։ Քենակալ՝ Վանիկի հետ երկու օրից կգա, Ղազումյան ջան։
Բայց գյուղացիները միամիտ հո չե՞ն։ Աչք ու հոնքից, Վարսենիկի ձայնի ելևէջներից, Ավոյի դեմքի արտահայտությունից, Արմենի, Ռուզանի՝ ժամանելուց ու գիշերակաց մնալուց ենթադրեցին, որ Վարդանյան Վանիկը Մոսկվաներում կորել է։ Բոթը, մինչև հովիվների հանդերից տուն դառնալը, արդեն ամբողջ գյուղում տարածվել էր, բայց ոչ ոք դեռ չէր ուզում հավատալ, չնայած, բոլորն էլ գիտեին, որ Վարդանյան Վաղարշակը կարող էր կորչել․
—Հաստատ կորած դի լիլ էդ խեղճ մարդը,— ամուսնու հետ անկողին մտնելուց առաջ եզրակացրեց դպրոցի տնօրեն՝ հարևան Ղազումյանի կին՝ Նազիկը, ու սենյակի լույսը անջատեց։ Գիշերվա մեկն էր։ Մութը գյուղը կուլ տվեց։
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ
Շաարունակելի