ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ (ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ)
Սկիզբը՝ նախորդիվ
9
Օլգայի հետ, Օրյոլում գնացքից իջնելուց հետո, Վանիկն արդեն տասն անգամ գնացել էր միջքաղաքային կապի կենտրոն, իսկ տասներկուերորդ օրը զանգում էր ու զանգում։ Նա իրեն չէր ներում այն բանի համար, որ
հարևաններից ոչ մեկի հեռախոսահամարը չուներ, բայց ինքը այդ շենքի նոր բնակիչներից էր ու չէր էլ հասցրել մարդավարի բարեկամանալ։
Բայց, մյուս կողմից, Վաղարշակը, վերջիվերջո, խելացի, իմաստուն մարդ է։ Կգնա տուն, ինքն էլ կզանգի երկու — երեք օրից, ներողություն կխնդրի։ Հիմա եթե զանգի, ընկերոջ տան անդամները իրեն ճիշտ չեն հասկանա։
Վանիկը, մի կողմից բռնել էր անձնական երջանկության ծայրից, սակայն մյուս կողմից՝ մեծ անախորժություն էր պատճառում ընկերոջը։
—Բայց, ընկերն էլ նրա համար է, որ հասկանա, ու Վաղաարշակը կհասկանա,—մտածում էր նա։
Վանիկը վեր կացավ, գնաց կենտրոնական փոստ, որպեսզի Վանիկի երեք հազար ռուբլին Ավոյի անունով ուղղարկի Իջևան։ Երիտասարդ աշխատակցուհին նրան տեղեկացրեց, որ հեռագրային փոխանցումը անմիջապես կստանան՝ նույն օրը, իսկ փոստայինը՝ տեղ կհասնի մեկ շաբաթվա ընթացքում։ Նա մտածեց, որ անմիջաապես ստանալը ինֆարկտի կհասցնի Վարսիկին։
Եւ միայն դա էր պակաս՝ մտածեց նա, ու առաքեց փոստայինով, ապա նստեց սեղաններից մեկի մոտ ու նամակ գրեց ընկերոջը։
«Սիրելի Վաղարշակ, սիրելի Վարսիկ, բարև Ձեզ։
Ես ներողություն եմ խնդրում։ Ես հասկացա, որ ես էլ երջանկության իրավունք ունեմ, ու այնպես ստացվեց, որ գնացքում մի շատ լավ կնոջ հանդիպեցի։ Գիտեմ, որ առաջին հարցը, որ Դուք ուզում եք ինձ տալ, հայուհի՞ է, թե՞ ոչ։ Միանգամից ասեմ, որ ոչ։ Վանիկ ջան, ուշունց չտաս։ Բայց ի՞նչ անեմ, սիրահարվել եմ ու արդեն ուշ է։ Ես Օրյոլ քաղաքում եմ, առայժմ՝ «Օրյոլ» հյուրանոցում։ Զանգում եմ իմ բնակարանի հեռախոսի համարին, չի պատասխանում։ Երևի Վաղոն անջատել է։
Սիրելի Վարսիկ, Վաղարշակն ամեն ինչ կպատմի։ Դու ինձ կներես։ Երկնքում՝ Արփիկն էլ, հուսով եմ, կհասկանա։ Ու՞մ եմ պետք՝ մեն-մենակ ու անժառանգ։
Ճիշտն ասած, ես վստահ եմ, որ նամակս ստանալու պահին, Դուք արդեն միասին կլինեք։ Որպես ներողության ու հարգանքի խորին նշան, իմ նոր, նոր նորոգած բնակարանը՝ Ավոյի ընտանիքին՝ նվեր։ Կգամ, կձևակերպենք։ Բանալին էլ Ձեր մոտ է։ Ես կուտակած փող ունեմ, այստեղ՝ նորը կառնեմ։
Խնդրում եմ, խիստ չդատեք։
Սիրով ու հարգանքով՝ Վանիկ»
Վանիկը ծալեց նամակը, լեզվով, խնամքով խոնավացրեց, գրեց հասցեն ու Իջևանի փոստային ինդեքսը, ու այնպես բաց թողեց փոստարկղի մեջ, որ կարծես մեղքերի թողություն-ինդուլգենցիա ստացավ։
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ
Շարունակելի