ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ (ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ)
Սկիզբը՝ նախորդիվ
6
Մինչ վարպետ Վաղարշակը, Երևանում, Վանիկի տանը, ինքն իրեն կամավոր բանտարկել էր, Վանիկը գնացքի փոքրիկ վագոնախցիկում, գեղեցկուհի Օլգայի հետ կում առ կում հայկական կոնյակ էր ըմբոշխնում, իսկ նա, ալկոհոլի հաճելի լիցքերից կարմրել էր, մի տեսակ՝ բաց թողել իրեն, և ուզում
էր ամուսնու կերպարը խեղդամահ անել այդ լիցքերում։ Կես ժամ անց նա հասկացավ, որ հարբում է, և ասաց․
— Ես արդեն հարբում եմ այս հրաշալի խմիչքից, այնպես որ, դադար կտամ, բայց Դուք պատմեք Ձեր մասին, հետաքրքիր է, թե ինչու՞ եք Մոսկվա մեկնում։
— Ես կպատմեմ, բայց երկու պայմանով,— ասաց Վանիկը,— առաջինը՝ խնդրում եմ, մի բան կերեք։ Հիմա, ես Ձեզ համար լավաշով, թարմ կանաչիով ու պանիրով մի բրդուճ կպատրաստեմ։
— Իսկ երկրորդ պայմանը՞,—հետաքրքրված հարցրեց Օլգան։
— Ես Ձեզ եմ պատմում, Դուք ինձ, լա՞վ։
— Լավ,— ասաց նա ու վերցրեց Վանիկի պատրաստած բրդուճը։
Վանիկը սկսեց նրանից, որ, դեռևս երիտասարդ հասակից աշխատել է երկաթուղային տրանսպորտի բնագավառում, սկզբից՝ որպես բանվոր, ապա վագոնի ուղեկցող, հետո՝ ընդունվել է Դնեպրոպետրովսկի երկաթուղային Տրանսպորտի ինստիտուտը, որը ավարտելուց հետո գնացքի պետ է նշանակվել, սակայն, կնոջ մահից հետո թողել է աշխատանքը և սկսել է զբաղվել սեփական բիզնեսով։ Երբ նա պատմում էր, Օլգան կարծես թե, զգաց նրա ցավը, և ներողություն խնդրեց։ Հետո, Վանիկը պատմեց սոցիլիստական աշխատանքի հերոսի թեկնածու ընկերոջ ու բարեկամի, նրա՝ Մոսկվայի ուղեգրի և իր առաքելության մասին։ Սկզբից Օլգան զարմացած լսում էր, բայց քիչ անց սկսեց լիաթոք ծիծաղել։
— Չեմ հավատում,— ասաց նա։
Վանիկը, պատից կախված կոստյումի ծոցագրպանից հանեց գնումների ցուցակը, և սկսեց թարգմանել Վաղարշակի թոռների պատվերները։ Օլգան սկսեց լիաթոք ծիծաղել։
— Դուք իսկական արկածախնդիր եք։ Եվ Դուք, և Ձեր ավագ ընկերը,— ապա մտածեց մի քանի վայրկյան, ու շարունակեց,— չէ, բոլոր հայերն են արկածախնդիրներ։ Դրական իմաստով, իհարկե։ Վերջերս մի պատմություն լսեցի մի երիտասարդի մասին, ով միջին ասիական հեռավոր մի աուլում անգլերենի ուսուցիչ է կարգվել ու անգլերենի փոխարեն, աշակերտներին հայերեն է դասավանդել։
Այս պատմության վրա Վանիկը ինքնագոհ ժպտաց, ու մի կում արեց։
— Եւ գիտե՞ք ինչն է հետաքրքիր։ Երբ ես այս մասին պատմում եմ ազգությամբ հայ ծանոթներիս ու ընկերուհիներիս, բոլորը Ձեզ պես ժպտում են, կարծես թե դա նորմա է, և հայը այդպիսին էլ պիտի լինի։
— Կա այդպիսի բան,— ասաց Վանիկը,— հիմա ձեր պատմելու հերթն է։
— Ես ծնվել եմ Օրյոլում։ Այն, Վոլգայի վտակ Օկա և Օրլիկ գետերի խառնվելու տեղում կառուցված քաղաք է, որը բոլորի հիշողության մեջ մնում է որպես, ինչպես Դուք ասացիք, առաջին հրավառության քաղաք։ Սակայն իմ քաղաքը ես սիրում եմ այլ պատճառներով։ Օրինակ, մենք մի հրաշալի գրական զբոսայգի-արգելանոց ունենք՝ “Դվորյանսկոյե Գնեզդո”։ Իմիջիայլոց, գիտե՞ք, մեր հողը շատ տաղանդավոր, նույնիսկ, հանճարեղ գրողներ է տվել։ Տուրգենև, Բունին, Տյուտչեվ, Լեսկով, Անդրեեվ, Աֆանասիյ Ֆետ։ Եվ սա միայն մի մասն է: Վաղուց չեմ եղել իմ հայրենի քաղաքում, անասելի կարոտել եմ, հավատացեք,— Օլգան մոռացված պատմում և պատուհանից նայում էր դուրս, կարծես մոլորվել էր հիշողությունների մեջ, իսկ Վանիկը՝ հմայված ու նրանով արբած, ուշադիր լսում էր։
— Մենք երիտասարդ օրիորդներ էինք, ուսանողուհիներ։ Ես մասնագիտությամբ դիրիժոր եմ, նվագավար։ Մեր քաղաքում ռազմական մի ԲՈւՀ կա, որը կոչվում է «Կապի բարձրաագույն ուսումնարան»։ Այդ ուսումնարանը Պետ Անվտանգության համակարգին է պատկանում և գտնվում է Գործիքաշինական փողոց, 35 հասցեով։ Մեր, նաև իմ սիրելի ծնողների տված դաստիարակությունն այնպիսին էր, որ հաջողություն էր համարվում բանակի սպայի հետ ամուսնանալը՝ բարձր աշխատավարձ, պետական ապահովում, թոշակ, պատիվ, հարգանք ու նման բաներ։ Դե, իսկ պետանվտանգության ապագա սպայի հետ ընկերություն անելը մեծ հաջողություն էր։ Յուրաքանչյուր շաբաթ կամ կիրակի, երբ այդ ռազմական ԲՈւՀ-ը թույլատրում էր իր կուրսանտներին՝ քաղաք, զբոսանքի դուրս գալ, ուսումնարանի դարպասի մոտ հերթ էին կանգնում քաղաքի ուսանողուհիները, որպեսզի ծանոթանան նրանց հետ։ Հիմար էինք, կամ ժամանակներն էին այդպիսին։ Գարնանային մի տաք օր էլ, ես ու ընկերուհիս գնացինք ու կանգնեցինք այդ դարպասների մոտ։ Երկու ընկեր դուրս եկան՝ Միշան, ով հետագայում ամուսնացավ ընկերուհուս՝ Գալյայի հետ, և այսօր երեք երեխա ունեն ու երջանիկ ապրում են, և իմ ապագա ամուսինը, ում հետ ես ողջ Խորհրդային միությունը, թուրքմենական Մարիից մինչև Կալինինգրադ, Թբիլիսի ու Երևան՝ չափեցի, ոչինչ կյանքից ու նրանից՝ ամուսնուցս, չհասկացա, ու հիմա, կոտրած տաշտակի առջև կանգ առած, ստիպված եղա Երևանում որոշում կայացնել։
Օլգան, դարձյալ մտածումների մեջ ընկավ, ապա շարունակեց։
— երբեմն մտածում եմ, որ եթե առաջինը ես կանգնած լինեի այդ ծիծաղելի, չակերտավոր հերթում, հաստատ ես երեք երեխա կունենայի։ Իմիջիայլոց, Երևանում, երբ ես տեսա Ձեր՝ հայերիդ, վերաբերմունքը ընտնիքին ու զավակներին, վերջնականապես որոշեցի բաժանվել նրանից։ Մի խոսքով, այսպես։ Եկեք թեյ պատվիրենք։
Զրույցը շարունակվում էր և անտեսանելիորեն մտերմացնում զրուցակիցներին։ Երեկոյան նրանք արդեն այնքան բան գիտեին մեկը մյուսի մասին, որ, կողքից նայողը կկարծեր, թե հարազատներ են։ Վանիկը շատ ուշդիր էր Օլգայի նկատմամբ, Օլգան էլ թույլ էր տալիս այդ ուշադրությունը դրսևորելու։ Նրանք այդպես էլ չնկատեցին, թե ինչպես մթնեց ու լուսացավ, և առավոտյան հինգը կլիներ, երբ որոշեցին փոքր ինչ հանգստանալ։ Վանիկը դուրս եկավ վագոնախցիկից, ազատություն տվեց ուղեկցին, ապա, կես ժամ անց վերադարձավ, պառկեց ու մտքերի գիրկն ընկավ։
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ
Շարունակելի