ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ
Սկիզբը՝ նախորդիվ
14
Առավոտյան հինգն անց երեսունին Ավոն իջավ գնացքից ու քայլեց դեպի տաքսինների կանգառը։ Առաջին հրավառության քաղաքը դեռ քնած էր։ Վարորդները շրջապատեցին հյուրին ու սկսեցին առաջարկել իրենց ծառայությունը։
—Տղերք, մի վայրկյան սպասեք, բան եմ ասում, եթե օգնեք, լավ կվճարեմ։
Բոլորը համակ ուշադրությամբ անծանոթի վրա սևեռվեցին։
—Հորս եմ կորցրել։ Մայիսի ութի առավոտյան, այս ժամին, մի կնոջ հետ իջել է այստեղ, Երևան-Մոսկվա գնացքից, հնարավոր է, որ տաքսի է վերցրել։ Ոչ մեկդ չե՞ք հիշում նման բան։
—Ի՞նչ մարդ էր, նկարագրի,— ասաց նրանցից մեկը։
—Ինձ նման, նիհար, հնարավոր է՝կեպիով, չնայած, կարող է գլխարկը՝ սխալվեմ, չեմ հիշում, բայց տարիքով, վաթսունն անց։
Բոլորը մի պահ մտածեցին ու հերթով ասացին, որ չեն տեսել։
—Իսկ ի՞նչ հյուրանոցներ կան քաղաքում, կուզնայի հյուրանոցներով անցնել, հարց ու փորձ անել։
Այդ հարցի վրա վարորդներից մեկը ասաց․
—Լսի, հարգելիս, Մայիսի ութին ես մի զույգի տարել եմ «Օրյոլ» հյուրանոց, բայց, հետո, սպասել եմ, ու հինգ րոպե անց կինը դուրս եկավ, ու ես նրան կենտրոնում տուն տարա,—Վանիկի աչքերը փայլեցին,— բայց այդ մարդը քո ասածի հակապատկերն էր, թիկնեղ, լիքը կազմվածքով, անգլխարկ, կիսաճաղատ․․․
Այս խոսքերի վրա Ավոն ամեն ինչ հասկացավ։ Կարծես կայծակ խփեց ու լուսավորեց նրա մտքերը։ Հասկացավ, որ հայրը Վանիկի բնակարանում փակված է լինելու, որ դա նման է նրան, որ ինքը հիմար է՝ չբարձրացավ, չստուգեց։ Տաքսիստի նկարագրածը՝ Վանիկն է լինելու, հաստատ։
—Ընկեր ջան, էս չերվոնեցը քեզ, ինձ տար այդ հյուրանոցը։ Էս մեկն էլ Ձեզ, տղերք ջան, մի շիշ բան կխմեք, ինձ հաջողություն կցանկանաք,— ասաց Ավոն ու վազելով նստեց այդ Տաքսիստի ցույց տված մեքենան, և երբ ճանապարհվեցին, հարցրեց նրան,— ընկեր ջան, այդ զույգի անունները չեք հիշու՞մ։
—Չէ, ընկեր, չեմ հիշում։
—Մի քիչ էլ պատմի, թե ինչպիսի՞ն էին նրանք,— և տաքսիստը որքան շատ էր պատմում, այնքան Ավոն ավելի էր համոզվում, որ խոսքը Վանիկի մասին է։
15
Վանիկին գտնելուց, նրա պատմությունը լսելուց, բարձրաձայն վիճելուց, խռովելուց, հաշտվելուց հետո, նրանք երկուսով գնացին միջքաղաքային, զանգ տվին Ռազմիկին ու Արմենին, հանձնարարեցին՝ առանց որևէ մեկին, որևէ բացատրություն տալու, գնալ երևան, Վանիկի բնակարանի դուռը այնքան ծեծել, մինչև վարպետը կբացի, ու տանել տուն, սպասել իրենց։ Երեք օր անց Վանիկը, Օլգան ու Ավոն էլ վերադարձան ու միացան Վարդանյանների գերդաստանին։ Նույն օրը Ավոն ստացավ Վանիկի նամակն ու դրամական փոխանցումը, ինչը, վարպետի կարգադրությամբ նվիրեց նորաստեղծ զույգին։ Գյուղում այդպիսի քեֆ ու հարսանիք չէր եղել։ Այդ օրը, ամենաուրախը տնօրեն Փափազյանն ու Օլգան էին, իսկ Վարպետի մասին մինչ այսօր էլ ասում են, որ ճանապարհվել է Մոսկվա, բայց հայտնաբերել են Խաբարովսկում։
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ
Շարունակելի