Դավիթ Մուրադյան. «Սա մի երկիր է, որտեղ կողք կողքի ապրում են տարվա չորս եղանակները»
Սա մի երկիր է, որտեղ կողք կողքի ապրում են տարվա չորս եղանակները: Նույնիսկ ամռանը կարող ես ձմեռ տեսնել, եթե Արագածի գագաթը բարձրանաս: Երկիր, որի ուզածդ անկյուն հասնելու համար հարկավոր է … բարձրություն հաղթահարել: Այսինքն՝ ըստ վերելքի ապրելու պարտադրանքը տրված է բնությունից: Եվ ամենայն լավը, որ եղել է մեր արվեստում, ծնվել է այդպիսի պարտադրանքից: Նույնիսկ տուն հասնելու համար, ոչ հազվադեպ, բարձրանում ենք Երևանի փողոցներով:
Իսկ հորիզոնը փակված է լեռնաշղթաներով, ուստի, երբ ցանկանում ենք տարածություն տեսնել, ակամայից նայում ենք դեպի երկինք, այլ խոսքով՝ գլո՛ւխ բարձրացնում: Այստեղից էլ՝ բանաստեղծների անպատկերացնելի առատությունը, երբեմն նույնիսկ՝ ջղեր սղոցող, և հայկական խառնվածքից անբաժան ռոմանտիզմը, որը հարազատ եղբայրն է … փորձությունների:
Վա՞տ է սա, թե՞ լավ: Չգիտեմ: Պարզապես մտածում եմ, որ քարերի մեջ այգիներ գցելու համար ռոմանտիզմի ոչ քիչ պաշարներ են հարկավոր: Քարաշատ հողը ստոիկներ է թրծում: Փորձությունները՝ նույնպես: Ստացվում է, որ ստոիցիզմի ներսում, առանց իր մասին բարձրաձայն հայտարարելու, բնակվում է հեգնանքներից ու սայթաքումներից չվհատվող ռոմանտիզմը:
Դժվար ենթարկվող հող: Դժվար պատմության բեռ: Դժվար ներկայի ծանրություն: Այս երկիրը կիսատոներ չունի: Ահավասիկ, մեր ամբողջ գեղանկարչությունը՝ մեզ օրինակ: Դրա համար էլ գրեթե չի հաջողվել մի կարգին … Չեխով բեմադրել, բայց Շեքսպիր կամ Լորկա՝ խնդրեմ: Անկիսատոն խոսում ենք, անկիսատոն՝ գործում: Գուցե սա մի խիզախ ու հմայիչ մաքսիմալի՞զմ է, ճշմարտությունը մերկ ձեռքերով որսալու մղո՞ւմ, թեկուզև՝ մատներդ խանձվե՞ն: Մինչդեռ ավելի քան երկու հազարամյակ առաջ հնդիկ իմաստախոսները զգուշացնում էին. մի՛ ջանացեք ճշմարտություն որոնել: Միևնույն է, չեք գտնի: Ի՛նքը կգտնի ձեզ, եթե արժանի եք իրեն:
Մեզ գտած ճշմարտությունը այս ժողովրդի ու երկրի շարունակվող ներկայությունն է պատմության մեջ: Համարյա թե հետջրհեղեղյան ժամանակներից, բոլոր կորուստներով ու վերքերով հանդերձ, մանավանդ որ մեր հասակակից ազգերից ու պետություններից շատերը, ավելի զորեղ երևացող, վաղուց չկան:
Իհարկե, ծանր անկումներ: Իհարկե, պատմության վիհեր՝ «քառսուն ջաղցի քարով» փակված, ինչպես հենց էպոսն է վկայում: Եվ իհարկե, ծանր վերադարձներ: Այսինքն՝ ճշմարտությանը այնուամենայնիվ արժանի:
Ուրեմն և՝ փայփայելու երկիր: Անվերջ մշակելու հող: Առանց ջնջելու անցյալը: Առանց մեջք դարձնելու գալիքին: Տերյանական «դառն ու անուշի» հետ: Որովհետև, հակառակ դեպքում, այդ տիեզերական ճշմարտությունը, մի ոչ այնքան գեղեցիկ օր, առանց ցտեսություն ասելու, կհեռանա մեզնից:
«Ձեռքով գրված նամակներ»-ից
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Արձակագիր, կինոգետ