Դավիթ Մուրադյան. ԱՆՆՅՈՒԹԵՂԵՆ ՊԱՏԵՐԻՆ ԳՐԱՌԵԼՈՎ
Քարի վրա գրելը դժվար էր, մագաղաթի վրա գրելը՝ թանկ, ու հին ժամանակների լակոնիզմը, մինչև այժմ այդպես էլ չգերազանցված, իր նյութի դիմադրությանն է պարտական։Իսկ հիմա “պատերին” ենք գրում՝ անշոշափելի, աննյութեղեն ու դյուրընկալ, ինչն էլ առաջ է մղում մեր բառերը՝ անիծյալ երիվարների պես։ Տեքստը դառնում է անհամբեր։ Ցանում ենք՝ առանց հերկելու՞…Վախենամ, որ խոհն ավելի կարճ է, քան նախադասությունը, օրը նկարագրվում է չապրված, կարծիքը փոխարինում է եղելությանը, եղելությունը՝ մոլորվում կարծիքների մեջ, քանի որ չի հասցնումմարսվել։Մեր խոսքի առատությունը չի՞ դառնում արդյոք միգամածություն, որի մեջ անհետանում են առարկաների պարագծերը, կամ նույնիսկ ժամ առ ժամ ընդարձակվող լաբիրինթոս, որին չի բավականացնելու անգամ Արիադնայի ուղենշող կծիկը, քանի որ Արիադնան… ամենքիս համար չէ։Մինչդեռ վերջին մեծ վեպը գրվել է համարյա կես դար առաջ։ Վերնագիրը՝ “Մենության հարյուր տարին”։ Իսկ հետո, իհարկե, գրվել են լավ վեպեր կամ հետաքրքիր, նկատելի կամ նույնիսկ՝ տաղանդավոր, բայց դարակազմիկը, մեծը, կեցության առեղծվածների հետ մերձեցողը, որ կյանքն առասպելի չափով է վիպերգում և գաղտնազերծում է իրակականությունը՝ երևակայությամբ, դեռևս՝ ո՛չ։* * *Մեզ խորհրդավորն է գերում։ Այն, ինչ լիովին բացատրելի է մտքով, դառնում է պակաս հետաքրքիր։ Իսկ Ջոկոնդան՝ իր անմեկնելի ժպիտով, խորհրդավոր է։ Ինչպես և կռնատ աղջիկը՝ Միլոսյան Վեներան, որի առջև, Լուվրում, Հայնեն նստել է համրացած, այնքան, մինչև որ աշխատակիցն ասել է՝ թանգարանը փակվում է, մեսյո՛։Բայց մի քիչ պակասեց, չէ՞։ Մեր այս շատ ինքնավստահ դարում, որին, առայժմ, կարծես թե չի կրծում փիլիսոփայական կասկածը։ Ռացիոնալը շա՞տ երևակայեց իրեն։ Բայց ինքն ամենակարևորը չգիտի։ Ամենակարևորը համարյա ոչ ոք չգիտի։ Ամենակարևորը առեղծվածն է՝ կյանքի ծագման գաղտնիքի պես, գեղեցիկ արվեստների բացարձակ տիրապետության ուժը։ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ“Ձեռքով գրված նամակներ” գրքից