Գրողների միությունում կա լոկ մի տղամարդ` ասում էր ժողովուրդը, ակնարկելով Սիլվա Կապուտիկյանի համարձակությունը
…Սիլվա Կապուտիկյանին սիրում ենք ոչ միայն հայերս, այլև հայոց սահմաններից անդին, ողջ աշխարհում: Մեր քնարերգության դասականներից Ավ. Իսահակյանը իր զրույցներում Եղ. Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի», Ս. Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» և Գ. Սարյանի «Դեպի կառափնարան» ստեղծագործությունները համարել էր մեր ժամանակների հայոց հայրենասիրական պոեզիայի ամենախոշոր դրսևորումները: Սիլվա Կապուտիկյանը ոչ միայն մեծ հայրենասեր է, այլև հանգդնության հասնող համարձակությամբ, նույնիսկ տոտալիտար հասարակարգի դժվարագույն ժամանակներում բարձրացնում էր այնպիսի կենսական հարցեր, որ մարդիկ անգամ շշուկով անկարող էին խոսել… Հայաստանի գրողների միությունը, ուր այն տարիներին եփվում էր մեր ազգային խիղճը, ուր կային ոչ քիչ թվով համարձակ ու ազնիվ գրողներ, որոնց մեծ մասը ի դժբախտություն և ի ցավ մեր գրականության այսօր ննջում են պանթեոններում, դեռ այն օրերին Սիլվա Կապուտիկյանի ձայնը լսելի էր այդ մեծ սիմֆոնիայի մեջ: Գրողների միությունում կա լոկ մի տղամարդ` ասում էր ժողովուրդը, ակնարկելով նրա համարձակությունը: Եվ ժողովուրդը իրավացի էր: Սիլվայի քաղաքացիական կերպարը ավելի ամբողջացավ և զորացավ արցախյան իրադարձությունների ժամանակ: Նա արդեն քաղաքական, հասարակական այնպիսի մեծամասշտաբ գործիչ էր և նրա ծառայություններն այնքան ոգեշունչ էին, որ անկարելի էր գերագնահատել… Երանի գար այն երջանիկ օրը, որ ինչպես այսօր այստեղ, այսպես էլ վաղը այնտեղ լինեինք` քո սիրելի Վանում և զբաղվեինք մեր կարոտախտի բուժումով…
Մկրտիչ Սարգսյան
Ջավախք, 1999 թ.