«Գրողը սեր ու լույս պիտի ավելացնի աշխարհի վրա…»
«Ո՞ր ազգն ունի այն լեզուն, ո՞ր լեզվի մեջ կարող է միտքը այնքան ազատ շրջիլ, հոգին ազատ թռչիլ, որքան հայ լեզվի մեջ, փայլակին բեկյալ այլ փայլուն գիծն այն արշավագույն, ո՞ր լեզուն կարող է պատկերացնել, ո՞ր լեզուն է՝ ո՞ր պարբերությունք կրնան մերթ գետի մը չափ երկարիլ, պարբերությունք ՝ որք սակավ գետերու նման ունին և վախճան, որք բարձրերեն կբղխին, և գունագեղ բուրումնավետ դաշտաց ընդմիջեն ադամանդներ հոլովելով կամ ժայռեր գլորելով կանցնի գոռալով ու գալարելով, և ուր որ ուրեմն ի խորս անդ օվկիանին անդնդախոր կհասնին»,- այս խոսքերը պատկանում են 19-րդ դարի արևմտահայ արձակագիր, բանաստեղծ, փիլիսոփա Եղիա Տեմիրճիպաշյանին: Եվ նրա խոսքերի ճշմարտությունը հաստատել են մեր բոլոր ժամանակների հանճարեղ բանաստեղծները, որոնց համար Հայոց լեզուն եղել է ներշնչանքի կենարար աղբյուր, մշտաբորբոք փարոս՝ անցնող հազարամյակների մեր ծով գանձերը սերունդերին հասցնելու համար: 21-րդ դարի հայ պոեզիայի ընթացքն ու ուղին հենց այդպիսի հզոր անհատների ձեռքում պետք է լինի, որով հայ գրականությունը շարունակելու է իր արժանի տեղն ունենալ համաշխարհային մշակույթում: Նրանցից մեկը մերօրյա հրաշալի բանաստեղծ, Հովհաննես-Հովհաննիսյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Խաչիկ Մանուկյանն է՝ հզոր անհատականություն, որի բանաստեղծություններում ճախրում են Հայաստանի գույնեը: Նրա յուրաքանչյուր տողում նախնիների կանչն է, դարերով ամբարված իմաստությունը:
ՀՀ պետական «Ոսկե եղեգ», ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան գրական մրցանակ, ՀԳՄ Ավ. Իսահակյանի անվան մրցանակ, Մ. Սարգսյանի անվան լավագույն գրքի մրցանակ, Մայր Աթոռ Ս.Էջմիածնի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» մեդալ, Դ. Վարուժանի ամենամյա մրցանակ…թվարկվածներն ընդամենը մի փոքր մասն են այն պարգևների ու մեդալների, որոնց արժանացել է մերօրյա տաղանդաշատ բանաստեղծը: Իսկ նրա ստեղծագործությունները բազմաթիվ լեզուներով սերունդներին, աշխարհին պատմում են մեր հնամյա երկրի, հայ ոգու հաղթանակի մասին՝ «Վիրավոր խաչ», «Զարմանալի ժամանակը», «Գոյահանդես», «Բիբլիական ընդմիջումներ», «Վավերացումներ», «Էն աշխարհը չի», «Եթերային ապարանք»… 2015-2016 թվականներին լույս տեսավ Խաչիկ Մանուկյանի ստեղծագործությունների 4 հատորյակը: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն, սերբերեն, լեհերեն, վրացերեն։ Առջևում բազմաթիվ նոր ստեղծագործություններն ու գրքերն են, որոնք խաչիկմանուկյանական գույնով շարունակելու են հարստացնել են մեր գրական-մշակութային կյանքը: Այսօր բանաստեղծի ծննդյան օրն է: Եվ սա եզակի առիթ է ոչ միայն վերընթերցելու Խաչիկ Մանուկյանի գործերը, այլև զրուցելու նրա հետ…
– Պարո՛ն Մանուկյան, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով Ձեր բանաստեղծությունների նման լուսավոր ստեղծագործական ուղի և նոր գրքերի ծնունդ: Հիշու՞մ եք, թե երբ և ինչպես ծնվեց առաջին բանաստեղծությունը:
-Շնորհակալ եմ՝ շնորհավորանքի համար։ Վաղուց եմ գրել, ինքնաբերաբար։ Դպրոցահասակ տարիներին բանաստեղծական առաջին շարքս տպագրվեց։ Հետո չստացվեց գրականությունից հեռանալ, թեև շինարարական կրթություն ստացա Պոլիտեխնիկական ինստիտուտում։
– Ինչպե՞ս սկսվեց Ձեր ճանապարհը դեպի հայ պոեզիայի մեծ ու անընդգրկելի աշխարհ:
-Մի անըմբռնելի, աստվածային հմայք ուներ գիրը, որն այդպես էլ չխամրեց. կարծես բանաստեղծներին է տրված արարումների շնչով կենսավետ խոսք հնչեցնելու առաքելությունը, և ճշմարիտ ստեղծագործողն ինքնամփոփվելու իրավունք չունի։
– Ձեր բանաստեղծություններում մեր միջնադարյան պոետների շունչն եմ զգում՝ մարդու հոգևոր աշխարհը, արարումները, ազգային բարոյական նկարագիրը… Ձեր կարծիքով ի՞նչն է հայ պոետին մշտապես առանձնացրել օտարներից:
– Մարդն իր էությամբ մնացել է նույնը. Ջրհեղեղից առաջ և հետո էլ՝ նույն հուզումներն ու զգացողություններն են, նույն որոնումները, չարի և բարու բախումներն են մեր հոգում, մեր շուրջը։ Անկախ ժամանակահատվածից, պստիկ հոգով երերունները չեն կարող մեծ արժեքներ ստեղծել։ Գրողը սեր ու լույս պիտի ավելացնի աշխարհի վրա, մինչդեռ, շատերի սերը հազիվ իրենց վեհերոտ անձին է բավում։
– Ավետիք Իսահակյանն ասել է. « Հայաստանը ես միշտ և հանապազ պահել եմ իմ հոգում: Նայել եմ Մոնբլանին, բայց տեսել եմ Մասիսը: Կանգնել եմ Աթենքի Պարթենոնի առաջ, բայց զգացել եմ Երերույքը և Հռիփսիմեի տաճարը: Լսել եմ Նեապոլի ժողովրդական երգերը, բայց հուզվել եմ իմ ժողովրդի երգերով»: Ձեզ համար որո՞նք են հայ մշակույթի ոգին ու այն առանձնահատկությունները, որոնք կարող են մեր պոետների ներաշխարհում այսպիսի զգացմունքներ ծնել:
-Ամեն մարդ իր ներաշխարով, իր իմացությունների ու կարողությունների սահմաններում է ծանրութեթև անում տեսածը, լսածը, ապրածը։ Եզակի բախտավորություն է՝ հայ ծնվելը, մշակութային բարձր արժեքների ժառանգորդ լինելն ու դրանց անմնացորդ նվիրվելը։ Թեև մեր ուժն այսօր չի բավում մեր ազգային ոգու տարածական մեծ սիրո լույսն ու ոգեղենության կենսավետ արարումների հրճվանքն ամենուր սփռել, բայց, մեզանից անկախ, տիրոջ պարտավորություն ենք զգում մոլորակի և ողջ մարդկության բարօրության համար։ Կոմիտասի, Թումանյանի ներկայությունը միշտ էլ տիրական է լինելու, և Քոչարի հրեղեն ձիու ընթացքը սանձվելու, կառավարվելու է Հայոց էպոսի հսկայի մեր հավաքական կերպարով…
-Հույն գրող Միցոս Ալեքսանդրոպուլոսը, տարիներ առաջ այցելելով Հայաստան, իր «Հայերը» գրքում գրեց. «Հայերի հիշողությունը մի տապան է ՝ բնակեցված ցեղի սրբություններով: Ջրհեղեղն այնտեղ շարունակվում է»: Խաչիկ Մանուկյան պոետի համար որո՞նք են այն սրբությունները, որոնց շնորհիվ մենք կարողացանք դիմադրել պատմաքաղաքական տարբեր ժամանակների ջրհեղեղներին և լողալ հոսանքին հակառակ՝ պահելով սեփական գույնը ազգերի մեծ ընտանիքում:
-Փորձենք ավելի բարձրից նայել՝ տիեզերքի այս հատվածում մեր առաքելությունը չենք ավարտել, մեր ոգեղեն ուժը, որն առավելապես մեր լեզվի բացառիկ հմայքով է ներկայանում, մարդկության բազմերանգ շարքերի միջով դեռ շա՜տ երկար է տանելու Հայոց բոլորանվեր լույսն ու անվախճան սերը։
-Անվանի հայագետներից մեկի համոզմամբ՝ եթե մենք հայերս Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ից բացի ուրիշ արժեք ստեղծած չլինեինք, դա էլ բավական էր, որպեսզի մեկընդմիշտ մեր արժանի տեղն ամրագրեինք համաշխարհային քաղաքակրթության մեջ: Ձեզ համար ո՞րն է հայ մշակույթի այցեքարտն ամբողջ աշխարհում:
– Ռուս անվանի դերասան Սմակտունովսկին Նարեկացու մատյանը վկայակոչելով, հայտարարեց, որ վերծնունդը Հայաստանում է եղել։ Մեր այցեքարտը մոլորակով մեկ սփռված հուշարձաններն են, տաճարներն ու խաչքարերն են։ Ափսոս, մեր գիրը դեռ արժանի ճանաչում չի գտել աշխարհում։
-Ի դեպ, այսօր նաև Գրողի միջազգային օրն է… Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել հայ պոեզիայի ընթացքը 21-րդ դարում: Ո՞րն է Ձեր պատգամը այսօրվա մեր ստեղծագործողներին:
-Համո Սահյանն ասում էր՝ միջակությունը միջուկային զենքի ուժ ունի և չէր սխալվում։ Նրանց համառությունը հնարավորություն է տալիս որոշակի ժամանակահատված ծածանվել գրական մայրուղու շրջակայքում, բայց հետո անպետք լաթի պես փռվում են քայլիդ առաջ։ Կան, օժտված երիտասարդներ կան, որոնք դուրս կգան միջակության պաշարումից և իրենց ներկայանալի խոսքը կհնչեցնեն։
Հասմիկ Պողոսյան
3 մարտի, 2018 թ.