«Գրողը, ի վերջո, կերտում, վերստեղծում է իր գերդաստանը, իր ազգը, մշակույթն ու արժեքները». Վիլյամ Սարոյան
«Նա ատում է դաժանությունը բոլոր դրսևորումներով. նա հարգում է մարդկային հպարտությունն ու արժանապատվությունը»:
ԲԱՐԹՈՆ ՌԱՍՔՈ
Պատահական չէ, որ Արևմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքը մինչև վերջ մեծ արժեք ու նշանակություն ուներ Սարոյանի աչքին. հայրը՝ Արմենակը, գաղթել էր Բիթլիսից: Բիթլիսից էին եկել նաև Թագուհի մայրը, Զաբել ու Կոզետ քույրերը և Հենրի եղբայրը: Ընտանիքի կրտսերը՝ Վիլյամը, ծնվեց 1908թ. օգոստոսի 31-ին, միակը, որ աշխարհ եկավ Ամերիկայում և անվանակոչվեց ի պատիվ Արմենակի լավագույն ընկերոջ՝ երիցական քահանա Վիլյամ Սթոունհիլի. վերջինս մահացել էր տղայի ծնվելուց երկու ամիս առաջ:
Վիլյամը կանոնավոր կրթություն չի ստացել. եղել է լրագրավաճառ, աշխատել հեռագրական ընկերությունում սևագործ բանվոր, մշակ ագարակներում ու այգիներում: Ապա պատանին հայտնագործում է գրելու կախարդական հրապույրը, որի առաջին փորձերը վերաբերում են 14 տարեկան հասակին: 26 տարեկանից նա լիովին նվիրվում է գրականությանը՝ շուտով դառնալով Ամերիկայի ամենասիրելի գրողներից մեկը: Նրա անձնական կյանքը նկատելի արձագանք ունի իր ստեղծագործության մեջ: 35տ. ամուսնանում է գեղեցկուհի Քերոլ Մարկոսի հետ, ունենում Արամ և Լյուսի զավակներին: Ծնողներից հետո մարդ էակի համար ամենաթանկ արածները զավակներն են, ահա թե ինչու Սարոյանը գրում է. «Ես ամենից շատ ուրախ եմ, որ բախտ եմ ունեցել հանդիպելու երկու անձանց՝ իմ որդուն՝ Արամին՝ իր ծննդից 2 ժամ հետո, և իմ դստերը՝ իր ծննդից 4 ժամ հետո: Հորդ և մորդ հանդիպելուց հետո քո որդուն և դստերը հանդիպելը ամբողջացնում է մարդկային փորձառությունը»: Յուրայինների մասին խոսելիս նա աշխատել է միշտ ուշադրության կենտրոնում ունենալ բարձրն ու մարդկայինը, իսկ մնացյալին վերաբերվել հումորով ու ներողամտությամբ: «Գրողը, ի վերջո, կերտում, վերստեղծում է իր գերդաստանը, իր ազգը, մշակույթն ու արժեքները, և, իմ կարծիքով, ես առավել հաջողությամբ, քան Սարոյան գերդաստանի որևէ ուրիշ անդամ, վեստեղծեցի այդ գերդաստանը, մի բան, որ դրսևորվել է իմ բոլոր գրվածքներում»: Եթե այլ օտարագիր գրողներ կյանքի մի որոշկի պահի էին հասու լինում իրենց արմատներին, ապա Սարոյանի մեջ հայն ու հայկականը եղել են ի սկզբանե՝ իբրև աշխարհին նայելու և ապրելու ի վերուստ տրված շնորհ. «Հայերեն չեմ գրեր, բայց հայերեն կը նայիմ աշխարհին»:
Նա իր գրական ստեղծագործությունն սկսել է բանաստեղծությամբ: Սովորաբար խուսափել է մեծ թեմաներ շոշափելուց: «Ես ուզում եմ օգնել դժբախտ մարդկանց, սրտապնդել, համոզել, որ կարիք չկա հուսահատվել, որ այս աշխարհում ևս արժե ապրել ու դեռ կարելի է սիրել աշխարհը, և կան բաներ, որոնց վրա կարելի է ծիծաղել կամ գոնե ժպտալ»: Նա պատմվածքը համարել է ամենաբնական ժանրը, որ ծնունդ է առնում կենդանի զրույցից, կատակից ու բամբասանքից, երևակայության թռիչքներից: Նրանով կարելի է ամեն ինչ անել՝ ծիծաղեցնել, զբաղեցնել, գրավել, վանել, հաստատել ու հերքել: Կ. Պասմուճյանին հետ իր նշանավոր հարցազրույցում Սարոյանն ասել է. «Ես համաձայնեցի լինել մի յուրահատուկ կերպար գրական աշխարհում՝ բարձր ու բացահայտ խոսող, խանդավառ ու եռանդուն, ինքնավստահ, ամբարտավան: Ես միշտ եղել եմ մի քիչ ավելին, քան մեկ հոգի: Իմ բոլոր կերպարները ես ինքս եմ»: Հայտնի է, որ Սարոյանը, հրաժարվելով «Քո կյանքի ժամերը» պիեսին տրված Պուլիտցերյան մրցանակից, ասել է. «Դրամի ուժն իրավունք չունի խնամակալելու արվեստը»: Նրա մարդասեր հերոսները մի պարզ փիլիսոփայություն ունեն. աշխարհը տխուր է, աշխարհին ծիծաղ է պետք: Այդ մարդիկ ավելի պատկանում են սեփական աշխարհին, քան իրականությանը, և չունեն ինքնության կորուստներ, փորձում են ապրել մարդուն վայել կյանքով, այսինքն՝ մի կյանքով, որն աղետներ չի բերում այլոց:
Անահիտ Հակոբյան
(«Եղեգան փող», 2008, նոյեմբեր)
Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan ֆեյսբուկյան էջից