ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՀԱՅԱՑՔՈՎ
Ձեռքիս տակ է ժամանակակից բանաստեղծուհի Անահիտ Վարդանանցի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Անահտական» վերնագրով: Երախտիքի իմ խոսքն եմ ուղղում տիկին Վարդանանցին՝ այն բանի համար, որ կատարելով խնդրանքս՝ գիրքն ուղարկել է ինձ։Ես գրադարանավարի հայացքով եմ ուզում մի քանի խոսք ասել այս գրքի մասին։Առաջին հայացքից վերը նշված գրքի տպագրության բարձր մակարդակը գերազանցեց իմ սպասելիքները։ Տպագրվել է բարձր որակով. նկատի ունեմ թե՛ տպագրական թուղթը և թե՛ շարվածքը: Իսկ գրքի կազմն այնքա՜ն գեղեցիկ է… Բարձրաճաշակ գունային համադրությամբ ձևավորված գիրքը փառահեղ տեսք ունի։ Այս գիրքը, տպագրված թղթի բարձր որակի և ամուր կազմի շնորհիվ, ձեռքից ձեռք անցնելով, կանցնի երկար ճանապարհ։Շնորհակալություն գրքի խմբագիր և սրբագրիչ Հովհաննես Հակոբյանին՝ ստեղծագործությունների գեղարվեստական արժեքը բարձրացնելու և նրանց տեքստը լեզվական տեսանկյունից կատարյալ դարձնելու, ինչպես նաև ծավալուն վերլուծական հրաշալի գրախոսական հոդվածի համար։Ընդամենը 256 էջ, և որքա՜ն բազմաբովանդակ… Ընթերցողի առաջ մի-մի ուրույն աշխարհ է բացում ժողովածուի ինը բաժիններից յուրաքանչյուրը: Նրանցում արտահայտված են հեղինակի հոգու ջերմ ու նվիրական հույզերը, որոնք, ըստ իս, ջերմ արձագանք կգտնեն ամեն մեկի սրտում։Բանաստեղծուհու ասելիքն այնքա՜ն շատ է, այնքա՜ն հարուստ և այնպիսի՜ գունեղ բառապաշարով… Որպես տարիների վաստակ ունեցող գրադարանավար, շատ բարձր եմ գնահատում «Անահտական» գիրքը, որը ծնունդ է առել սրտի ջերմ սիրուց ու հոգու լուսավոր ակունքներից և կունենա ընթերցողների մեծ լսարան։ Այս գիրքը եթե հայտնվի գրադարաններում, իր պատվավոր տեղը զբաղեցնելով նոր լույս տեսած գրականության ցուցադրությունում՝ ձեռքից ձեռք կանցնի:Գրքի էջերում բանաստեղծուհին դրել է իր շունչն ու ոգին՝ փիլիսոփայական խորհրդածություններով և համամարդկային արժեքներով։ Այս գիրքը լավ նվեր է ընթերցողներիցս յուրաքանչյուրի համար։Վերջում ուզում եմ շնորհավորել բանաստեղծուհուն գրքի լույսընծայման կապակցությամբ՝ ցանկանալով բեղմնավոր գրիչ և ստեղծագործական նոր հաջողություններ։ Էմմա Ղալումյան