ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Ես չգիտեմ՝ նախախնամությունն ինչու է ինձ հայ ծնել, բայց համոզմունքս է, որ այդ «որոշումը» չի եղել «քմահաճորեն», այլ՝ նպատակային»
«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք բանաստեղծ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
— Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:
-Նախ շնորհակալություն զրուցելու հնարավորության համար:
Մասնագիտական ուղիս նախանշվեց երազանքի հիմքով, երբ դեռ դպրոցական տարիներին հստակ դարձավ ինձ համար, որ ուզում եմ դառնալ բանասեր (գրականագետ)՝ ի մոտո ծանոթանալու և քննելու հայ գրական-գեղարվեստական միտքը, թռիչքներն ու նվաճումները: Բայց նաև մեր բացառիկ լեզվի նկատմամբ պաշտամունքային սերը կողմնորոշեց մասնագիտության ընտրության հարցում: Այսպես, 14-15-ամյա պատանու երազանքը տարիներով փայփայվեց, ապա միայն 23 տարեկան հասակում կարողացա անվճար ընդունվել մայր բուհի մայր ֆակուլտետ (ավելի վաղ երազանքի համար վճարելու հնար չկար) և
ի կատար ածել մասնագիտորեն ով դառնալու իմ վաղեմի երազանքը: Կար նաև մի լրացուցիչ, բայց և խորքային պատճառ. ես գրում էի բանաստեղծություններ, դպրոցում ակտիվ կերպով կազմակերպում էի համերգ-միջոցառումներ, որտեղ ես և մյուս մասնակիցները կարդում էինք նաև իմ բանաստեղծությունները… Դպրոցում, որի հետ ես շատ կապված էի հազար ու մի կապով, արդեն ավագ դասարաններում գրողի համարում ունեի. պատի թերթերում տպվում էին իմ բանաստեղծությունները, շարադրություններն ու էսեները: Ոգևորությունս մեծ էր՝ բանաստեղծ «դառնալու» համար մասնագիտական կրթություն ստանալու:
Ահա, այսպես սկիզբ առավ իմ մասնագիտական ուղին:
— Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները իրացնելուն:
—Առաջարկ-պահանջարկի անհամապատասխանությունը առաջին հերթին: Երկրորդը՝ մարտնչող միջակությունները, որոնք, որպես կանոն, նաև միջակ մասնագետներ են, փակում են նոր մասնագետների մասնագիտական ունակությունների իրացման հնարավոր բոլոր ճանապարհները: Թեև ժողովուրդն ասում է՝ տաշած քարը գետնին չի մնա, սակայն համակարգային խնդիրները անհատի ուժերով գլոբալ լուծելի չեն. քչերը կկարողանան «գլխով պատ քանդել»: Փակագծում ասեմ, որ, առհասարակ, համբերատարությունն ու համառությունն են մեծ հարցեր լուծում:
Այս հարցի համատեքստում պետք է նկատել մեկ այլ խնդիր. քչերն են բուհական կրթությունից հետո, որն, ըստ իս, մասնագետ չի դարձնում, այլ ծանոթացնում է ընտրածդ մասնագիտության հիմնակում տեսական մասի հետ, համառորեն խորացնում իրենց գիտելիքներն ու փորձը, հետևողականորեն ինքնակրթվում և անձնական աճ ապահովում իրենց մասնագիտական կարողությունների հարցում: Հարաճուն փոփոխվող տեխնոլոգիական մեր դարը լուսանցքից դուրս է դնում բոլոր նրանց, ովքեր այլընտրանքներ չեն փնտրում թե՛ մասնագիտական, թե՛, առհասարակ, կյանքի բոլոր ասպարեզներում կենսունակ մնալու համար:
Շարունակելով թեման՝ պետք է մատնանշել նաև սոցիալական բաղադրիչը: Բացի մի քանի ժամանակի հրամայականով խիստ արդիական դարձած կամ համարվող մասնագիտություններից, մնացած բոլոր դեպքերում վարձ-ծառայություն հավասարակշռությունը խախտված է ծայրահեղ աստիճանի: Սրա ամենացցուն օրինակները մանկավարժի և զիվորականի մասնագիտություններն են: Սրան էլ գումարում ենք հասարակության մեջ նրանց նկատմամբ բարոյական (կարգավիճակի) ընկալումը՝ պատկերն ամբողջանում է: Ահա, այստեղից էլ սկիզբ են առնում խոտելի, պետությունն ու սոցիումը քայքայող բազում երևույթներ՝ կոռուպցիա, կաշառակերություն, քծնանք և այլն:
— Կպատմե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումների մասին:
-Ուղիղ իմաստով՝ երկու հրատարակած և երկու հրատարակության պատրաստվող ժողովածու: Իսկ, առհասարակ, ստեղծագործական ձեռքբերում է լինել գրական, մշակութային ու հասարակական բուն պրոցեսների մեջ: Եվ գերազանցապես իմ ակտիվ գործունեությունն է հնարավորություն տալիս՝ ունենալու այն գերագույն ձեռքբերումը, որն է իբրև բանաստեղծ ընկալվելը ժամանակակիցների մեջ: Սա միակ անգին վարձքն է, որ ի տրիտուր կարող է քեզ տալ համաժամանակում ապրող քո ընթերցողը: Իսկապես, իմ ստեղծագործական անգերազանցելի ձեռքբերումը համարում եմ ինձ «փնտրող» ընթերցողին: Ես անասելի հուզվում, ոգևորվում ու լիանում եմ, որ հաճախ դպրոցական միջոցառումներում ընթերցում են արդի հայ պոեզիա, այդ թվում՝ և իմը: Նախ պատիվ մերօրյա այն ուսուցիչներին ու տնօրեններին, որոնք դասական գրականության կողքին դնում են իրենց ժամանակակից գրողներին. քրեստոմատիաներում ներառում են ինձ և իմ գրչակից-գաղափարկից ընկերներին: Եվ այս մոտեցումը միայն հայաստանյան իրականության մեջ չէ: Երբեմն սփյուռքի տարբեր ծագերում գործող կիրակնօրյա դպրոցների և այլ կրթօջախների տնօրեններ և ուսուցիչներ են ինձ հետ կապվում և, անակնկալ կերպով, ցուցադրում են իմ բանաստեղծություններով միջոցառումներ կամ ասմունք-ընթերցանության մրցույթներ: Սա նշանակում է, որ արդի գրողն ու գրականությունը դառնում է մեծի ասած՝ ժամանակի շունչը, և այսօրվա հեղինակները հաջողությամբ կարողանում են իրենց Ազգի ու ժողովրդի ցանկությունների, հույզերի ու երազանքների «երակը բռնել», ինչի համար ես շնորհակալ եմ նաև ինձ ճանաչ կամ անճանաչ այս ուղով գնացող բոլոր պոետներին ու գրողներին:
Անհատական ստեղծագործական մի ձեռքբերում էլ եմ ուզում նշել, որի լինելությունն արդեն վեց տարեկան է: Վեց տարի առաջ ես և իմ բովանդակ հոգու ու մտքի տեր ընկեր հեղինակ-կատարող Ռուբեն Քամալյանը հիմնեցինք «Բոհեմ» գրական-երաժշտական խումբը: Վաղուց արդեն չորս հոգանոց հիմնական կազմով (Հեղինակ-կատարող՝ Վահե Քոչար, հեղինակ-կատարող, սոլոկիթառահար՝ Գագիկ Շիբոյան) «Բոհեմ» խումբը հայ հանրությանն է ներկայացնում իմ պոզիան և տղաների հեղինակային երգերը՝ սցենարական թեմատիկ լուծումներով: Այս իսկապես հաջողված մշակութային նախագիծն արդեն վեց տարի շրջել ու շրջում է Հայաստանով մեկ ու նրա սահմաններից դուրս՝ վերջին մեկ տարին «Բոհեմական Հայաստան» խորագրի ներքո՝ «…Եվ կորած չէ ոչինչ» խիստ արդիական ուղերձով:
— Կխոսե՞ք Ձեր գիտական գործունեությունից:
-Ցավոք, քիչ կամ ոչինչ չկա ասելու իմ գիտական գործունեությունից: Օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքները հնարավորություն չընձեռեցին ակտիվ ստեղծագործական պրոցեսի զուգահեռ նաև գիտությամբ զբաղվել հիմնարար կերպով: Մինչ այս պահը իմ մասնագիտական միտքը կարողացել եմ հիմնականում կենտրոնացնել գեղարվեստական գրականության և հրապարակախոսության վրա: Սրան գումարած կազմակերպչական բազում աշխատանքներում ներգրավված լինելուս հանգամանքը: Թեև դեռ արդիական է թեկնածուական ատենախոսություն գրելու նպատակը՝ նվիրված ամենամեծին՝ Թումանյանին:
— Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ:
-Ես որոշ բառ-հասկացությունների խիստ զգուշավոր եմ մոտենում: Դրանցից է առաքելությունը: Առաքյալ լինելն ու առաքելություն ունենալը միստիկ է՝ ըստ իս, որի «հասցեատիրոջը» պիտի որոշի հետմահու ժամանակը՝ դատելով որևէ գործչի կատարած հանրորեն օգտակար գործի գործակցից, այն է՝ թե տվյալ մարդը որքան է «մասը կազմել» իր Ազգի ու ժողովրդի, իր Պետությա՛ն երազանքի, և որչափ նպաստ է բերել դրա կատարմանը: Առանց ավելորդ համեստության (իմ տեսակը համեստությամբ չի փայլել երբեք) ասում եմ, որ ես դեռ չեմ կատարել հանրորեն նշանակալի մի այնպիսի գործ, որը կշիռ կհաղորդի մեր Ազգի ու Պետության երազանքին և մի քայլ առաջ կմղի այդ երազանքի կատարումը: Ուրեմն, ես առավել «զուսպ» մի բառ եմ ուզում կիրառել՝ պարտք…
Ես չգիտեմ՝ նախախնամությունն ինչու է ինձ հայ ծնել, բայց համոզմունքս է, որ այդ «որոշումը» չի եղել «քմահաճորեն», այլ՝ նպատակային: Հետևապես, ես ինձ պարտ ու պարտավոր եմ զգում ա՛յն հանրույթի, ա՛յն սոցիումի առաջ, որի բջիջն եմ ես, և իմ կենսագործունեությունը բխում է նրանից և հանգում է նրան: Սա ամբողջ կյանքի համար որդեգրած մոտեցում է, որն, իհարկե, դեռևս լի է պակասություններով ու թերություններով: Ավա՜ղ, մեր ցանկություններն ու նպատակները հաճախ հակադարձ համեմատական են մեր հնարավորությունների հետ: Համենայն դեպս, ես էլ՝ իբրև նյութական ու ֆիզիկական արարած, պարտքս եմ համարում, սպառելուն զուգահեռ, նաև հավելյալ արժեք ստեղծել որևէ կերպ, որպեսզի դույզն-ինչ համակշռվի սպառող-արարող մարդկային այս երկու բնույթը: Այսուամենայնիվ, աներևակայելի գայթակղիչ է աստեղային ժամի սպասումը:
— «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,- ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:
-Եզոպոսի ու Լաֆոնտենի «հետ սեղան նստած» Գոշի միտքը ինչպես կարելի է մեկնաբանել, եթե ոչ տառացի համաձայնելով: Պատեհ առիթ է, որ ասեմ՝ և, ահա, հենց այստեղ է «թաղված շան գլուխը»…
Երբ մեր վզին այսօր փաթաթում են աշխարհի որևէ ծագում բուծած իզմեր, իրավ է մեր զայրույթն ու ըմբոստությունն առ այն, որ մեզ դրանք հասու են եղել դեռ միջնադարից ու դրանից էլ առաջ: Երբ մեր առաջ ճամարտակում են՝ «կնոջ ու երեխայի իրավունքներով», «կանանց կրթական իրավունքներով», «հանրակրթության ցենզով», տարաբնույթ օրենքներով, իրավունքներով, կոնվենցիաներով և հարանման քաղաքակրթական «գյուտերով», այդ նույն պահին իրենց իսկ մտավորականներն ու մտածողները Գոշին, որն ապրել է 12-13-րդ դարերում, համարում են հայկական վերածննդի՝ Լուսավորության հիմնական ներկայցուցիչներից մեկը՝ իբրև հայ օրենսդիր, մանկավարժ, առակագիր, գիտնական, հասարակական գործիչ և հոգևորական՝ վարդապետի աստիճանով։ Ուրեմն, ինչո՞ւ մենք պիտի թողնենք ամենամեծի ասած՝ «մեր գանձերը ծով, ինչ որ դարերով երկնել է, ծնել մեր խորունկ հոգին» և տուրք տանք հազար ու մի «ռումբերի» վրա դրված իզմերի:
Երկրորդելով, իսկ ավելի ստույգ՝ հետնորդելով Գոշին, պիտի նկատեմ, որ ոչ միայն կրթված կանայք են հասարակության համար գանձ, այլև՝ կրթված մարդիկ, առհասարակ: Իսկ եթե այստեղ տեղին մտաբերենք մեր մյուս՝ ռազմի հանճարի դրույթը, որ մայրերի ափի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագիրը, ապա կանանց միայն կրթված լինելը կարևոր, բայց ոչ բավարար բաղադրիչ է. կրթված ապազգայինները չե՞ն ավելի վտանգավոր հենց նույն հասարակության համար: Հետևապես, նախ և առաջ պետք է լինել հոգևոր, մշակութային, քաղաքական որևէ աղանդի չհարո՛ղ Հայ (թե՛ կին, թե՛ տղամարդ), ապա նոր՝ կրթված, ինտելեկտուալ, խելացի, իմաստուն…
— Ի՞նչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:
—Այն, ինչ տվել է Շլիմանի պնդումից հետո անցած մոտավորապես 150 տարին: Այսինքն՝ ազգային սնապարծություն: Եվ ինչո՞ւ միայն Շլիմանի: Եվրոպայի բոլոր ժամանակների առաջադեմ մտածողներն են Հայքի ու հայերիս մասին հայտնել իրենց հիրավի մեզ և մեր բնօրրանը բնորոշող մեծարժեք կարծիքը: Հիմա էլ Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներից հետազոտողներ գալիս են Հայաստան և, դիցուք, Սյունիքում փնտրում են իրենց ծագումն ու նախահիմքը: Բացահայտ և թաքուցյալ արտահանվում է հայկական գենոմը: Եվ ի՞նչ: Այս ամենը տրամագծորեն հակառակ արդյունքն է տվել և մեզ խոր թաղել լեթարգիական քնի մեջ: Մեզ թմբիրել են բոլոր մեզ վերագրվող դրական և գերադրական էպիտետները: Ստացվում է, որ բոլորը՝ աշխարհի բոլոր ուժային և ուղեղային կենտրոնները, մեզ անհամեմատ ավելի լավ են ճանաչում, քան մենք՝ ինքներս: Իսկ կհիշե՞ք՝ Հին աշխարհում Դելփյան տաճարին ինչ էր գրված: Այո՛, «Ծանիր զքեզ» («Ճանաչիր ինքդ քեզ»): Բայց մենք ինքնաճանաչման ուղին բռնելու, արմատի կանչով ու հետքով գնալու, մեր իսկ հայրենիքում մեզ սնուցող կենսավիշը գտնելու, մեր լեզուն, ռազմական ներուժը, բուն հայկական ուսմունքն ու դավանանքը հառնելու, պահպանելու, փայփայելու ու պաշտելու փոխարեն տևական ժամանակ բռնել ենք բոլոր տեսակի աղանդների ուղին և առնվազն 2000 տարի որմ առ որմ քանդում ենք մեր վաղնջական ու արարչական շինվածքը: Ինչպես կասեր տեզերածավալ մեծը. «…Մենք թե՛ դրսից, և թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը»։
Այս «մենք»-ը ես այսպես եմ հասկանում, որ հայկական մշակույթը՝ լայն իմաստով, թերևս հելենիզմի գլոբալիզացիոն հարձակումից սկսած՝ մինչև հիմա չի կարողանում դոմինանտ դառնալ անգամ իր բնական սահմաններից ներս, չի կարողանում իր միջից դուրս նետել այլածին ու խառնածին տականքին, այն է՝ հայկական գործոնը իր պատմական կենսատարածքում, իր պետության մեջ և հայրենիքում չի դառնում տիրապետող և իշխող: Դեռ հին աշխարհում հայոց թագից ներս ներդրել են պառակտման որդը, որը լափում է մեր ինքնագիտակցությունը և հավաքական Ազգային գիտակցությունը: Ահա, կեղծ ու պատիր հանդուրժողականության քողով երկպառակություն ծնող չարիքը: Տեղին է հիշել Դարեհ Մեծին. «Հայերին հնարավոր չէ՛ հաղթել, հայերին հնարավոր է պառակտել»: Սա է մեր ամենաֆանտաստիկ բնութագիրը՝ բովանդակ կերպով: Եվ այս բնութագիրը մեզ տրվել է Շլիմանից մոտ երկուսուկես հազարամյակ առաջ:
Իբրև հետգրություն այս հարցի՝ ասեմ, որ, բոլոր դեպքերում, ինչ էլ ասեն Եվրոպայի բոլոր ժամանակների առաջադեմ գործիչները, հավաքական իմաստով, Եվրոպան, մեղմ ասած, երեսպաշտ է եղել և է: Ամենացցուն վկան՝ մեր օրերը… Եվ, եթե մենք մի աննշան բարոյական պարտք ունենք Եվրոպային, միայն անհատների մակարդակով:
-Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործություններում:
-… Ինչպես որ է: Զորօրինակ արդեն հատոր կազմող Սիմվոլականների շարքը, որ թեև ձևով խորհրդապաշտական է կամ սիմվոլիկ, սակայն բովանդակությամբ՝ խիստ իրապաշտական կամ ռեալիստական:
— Ի՞նչ վերաբերմունք ունեք այսօրվա իրականության նկատմամբ։
-Նախ պետք է բնորոշել մեր այժմյան իրականությունը, նոր միայն վերաբերմունք ունենալ։
Բոլորիս կյանքը բաժանվել է երկու մասի՝ մինչև 44 օրյա ճակատամարտը (Սրբազան պատերազմը առջևում է) և դրանից հետո: Արտաքին ցավոտ, շա՜տ ցավոտ պարտությունն իր հերթին, բայց ամենաանտանելին դրանից հետո բացված ներքին ճակատներն են, որոնցում բարիկադի մի կողմում են բոլոր «իզմերը», իսկ մյուս կողմում՝ անտեր, անօգ և միայնակ մնացած Ազգը: Իսկ առավել պատկերավոր ասած՝ Եռաբլուրում 2 տարի անց իր որդու շիրմաքարը գրկած ու սաստիկ դառնությամբ ողբացող Հայ ՄԱՅՐԸ, հաշմված մեր եղբայրները, գերության մեջ հածող ու հալածվող մեր արյունակից եղբայրներն ու քույրերը, անհետ կորած և անթաղ մնացած մեր հերոսների մի փշուր տեղեկույթի հույսով տարբեր պատկան մարմինների դռները ծեծող հարազատները, օրավուր ծվեն-ծվեն լինող Հող հայրենին, դարակազմիկ երազանքի ներուժով ձեռք բերված Պետականության անհայտ ու անորոշ գալիքը և վերջապես՝ արդարություն աղերսող մի ամբողջ Ազգ, որի բնական արարման վիճակը դարձյալ խաթարել են բոլոր կողմերի թշնամիք։ Սա է, ահա, մեր այժմյան օբյեկտիվ իրականությունը, որի նկատմամբ իմ վերաբերմունքը ուղիղ համեմատական է։
— Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:
-Մեկը, միայն մեկը՝ ուժեղ Պետություն, զորեղ Պետություն և կրկին հզոր Պետություն։
— Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:
-Ես հայրենիք չեմ ուզում ավանդել սերունդներին։ Ես ո՞վ եմ, որ հայրենիք ավանդեմ։ Թե՛ մեր նախնիներին, թե՛ մեզ, թե՛ գալիք սերունդներին մեր նախահայր Հայկը (հասկանալ՝ հայի Արարիչը)՝ մեր պատմական ծնունդից սկսյալ, ավանդել է հայրենիք։ Ո՞վ կարող է ժխտել, որ, ֆիզիկական իմաստով, մեզ ավանդված հայրենիքը, մեր բնական կենսատարածքը այժմ էլ կա և լինելու է մինչև «աշխարհի վերջը»։ Չէ՞ որ մենք հիմա էլ նույն հաճախականությամբ գնում կամ կարող ենք գնալ ինչպես Լոռի, Շիրակ, Սյունիք, Արցախ, այնպես էլ՝ Վան, Մուշ, Էրզրում, Կարս, Բիթլիս, Ադանա․․․ Ավելին՝ էս տեղերում նույնիսկ հայեր են ապրում՝ թեկուզ դավանափոխ, թեկուզ մթագնած ազգային գիտակցությամբ, ոմանք էլ իրենց ծագմանն ու «ով» լինելուն բավականին ճանաչ։ Հետևապես, մեզ ավանդված հայրենիքի տարբեր հատվածների միջև ընդգծելի տարբերությունն այն է, որ, օրինակ, Շիրակ աշխարհի վրա տարածվում է հայկական պետականությունը, իսկ Կարսի վրա՝ ոչ։ Ուրեմն, այժմ և ընդմիշտ մեր գերագույն խնդիրը պետք է լինի կուռ Պետության կերտումն ու ժառանգորդաբար փոխանցումը սերունդներին։ Եվ եթե պետք է ընդլայնվեն, ոչ թե հայրենիքի սահմանները, այլ ամրակուռ Պետության և Պետականության ազդեցությունն ու կշիռը։ Իսկ թե ինչպես, ավելի ռացիոնալ հնարավոր չէ բանաձևել, քան արել է Քերթողահայրը․ «Սահմանք քաջաց զէնն իւրեանց․․․»։
Հասկանալի է, իհարկե, որ «զենք» ասվածը ժամանակակից աշխարհում բազում դրսևորումներ ունի և միշտ չէ, որ այն պետք է ուղիղ գործադրման տանել, թեև խաղաղության համար, հայտնի ճշմարտություն է, որ պետք է պատրաստ լինես պատերազմի՝ դասական՝ բիրտ կամ կոպիտ ուժի կիրառմամբ։ Ուրեմն, մեր լինելությանը սպառնացող նոր աշխարհակարգում ապրել-տևելու իրավունքը վաստակելու համար պարտադիր է հիշել լավ մոռացված հինը, այն է՝ հենց հիմա, հենց այսօր կերտել մտավորական ռազմիկի ազնվական դաս, որը՝ ըստ պատեհության, գործի կդնի տվյալ պահին առավել արդյունավետ զենքը կամ բոլորը միասին։ Եվ վերջապես՝ այս ազնվական խավից կսերվեն մեր երազած զորեղ Պետության հմուտ թիավարները, քանզի, ժամանակին ինչպես նկատել է մեզ քաջ հայտնի սպարապետ Վահան Մամիկոնյանը․ «Այն գունդը, որի զորագլուխը վատ է, անհնար է, թե լավ լինի ինքը` գունդը: Այդպես էլ անհնար է, որ առաջադեմ ու անվանի լինի մի աշխարհ, որի իշխաններն են հետադեմ»։
ՄԱԳԱՂԱԹՑԻ