ԳՆԱՀԱՏԵԼԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ
Համացանցի անթիվ-անհամար կայքերից ինձ համար առանձնահատուկ է Մագաղաթ պատմամշակութային կայքը, որի հետ իմ բարեկամությունը սկսվել և շարունակվում է 2014 թվականի կեսերից․ հոդված էի գրել Աշոտ Սիմոնյանի «Արփա-Արենին Վայոց ձորի պատմության հոլովույթում» ( 2000 թ.) և «Վայոց ձոր, 20-րդ դարի քառուղիներում (1914-1921 թ.թ.)» գրքերի մասին։ Հրապարակելու համար իմ ընտրությունը կանգ առավ այս կայքի վրա։ Եվ դա պատահական չէր․ ես հաճախ էի այստեղ ընթերցում պատմական և մշակութային բազմաբնույթ հետաքրքիր հրապարակումներ՝ դիտարժան, առանձին դեպքերում՝ եզակի լուսանկարների ուղեկցությամբ։ Մագաղաթ պատմամշակութային կայքը գնահատելի առաքելություն է ստանձնել․ մերօրյա հակասական, թարս ու շիտակ, կեղծ ու անկեղծ, սև ու սպիտակ, շփոթահար իրականության մեջ մեր մեծերի կյանքի ու գործի մասին նյութերի հրապարակումով բացել լույսի ու ճշմարտության ճանապարհ, ընթերցողին պարուրել հոգևորի, բարոյականի, ազգայինի վեհ գաղափարներով, հույսով ու հավատով։
Զեմֆիրա Սարգսյան
Ջերմուկի քաղաքային գրադարանի տնօրեն
07․01․2022