«Գիտեի, որ ամեն ինչից կարող եմ մահանալ, բայց չէի պատկերացնում, որ կմեռնեմ սովից». Համո Սահյան
Պետք է խոստովանել, որ Սահյանն իր կյանքի վերջին տարիներին բազմաթիվ ողբերգական պահեր ապրեց:
Քաղաքական փլուզումներից տագնապած, նա ամենից շատ անհանգստացած էր ղարաբաղյան հակամարտության ելքի ու Հայաստանի ճակատագրի համար: Սահյանը թեև մշտապես ասում էր, որ ժողովրդի ողբերգությունները չպետք է բանաստեղծության թեմա դառնան, բայց և այնպես գրեց մի քանի հոգեցունց բանաստեղծություններ, որոնք մտան հետմահու լույս տեսած «Ինձ բացակա չդնեք» ժողովածուի մեջ:
Վատթարացել էր բանաստեղծի առողջական վիճակը,-պատմում է Շչորս Դավթյանը,- ապրում էր ծայրահեղ կարիքի մեջ, տունը չէր կարողանում ջեռուցել, վառարանում սկսել էր այրել իր տան գրքերն ու ձեռագրերը, քանիցս հինգերորդ հարկ մի կերպ, շալակով փայտ ու ցախ էինք բարձրացնում, որ բանաստեղծը ցրտից չմեռնի:
Այդ տարիներին, հիշում եմ, նա տանը շրջում էր մշտապես կաշվե բաճկոնի մեջ կուչ եկած, հաստ ներբաններով կոշիկները ոտքերին և ծխում էր՝ իրար հետևից կպցնելով ծխախոտը: Մի օր էլ, երբ արդեն հիվանդ էր, ուղղակի ասաց.
«Գիտեի, որ ամեն ինչից կարող եմ մահանալ, բայց չէի պատկերացնում, որ կմեռնեմ սովից»:
Նրա ընկերները դիմում էին այն ժամանակվա խորհրդարանի անդամներին՝ բանաստեղծին վառելիքով օգնելու, բայց դիմում-խնդրանքները մնում էին անարձագանք, նույնիսկ, հատուկ ուղեգրերով գործուղված անհատների համար նախատեսված հիվանդանոցում, (որտեղ նա ժամանակին լյարդի համար միշտ բուժվում և երկարատև հետազոտական շրջան էր անցնում), տեղավորելը մերժեցին՝ փոխարենն առաջարկելով «Էրեբունի» հիվանդանոցի խղճուկ և անշուք հիվանդասենյակը:
Սուսաննա Բաբաջանյանի ֆեյսբուկյան գրառումից