ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ. Վառարանը գիտեր մեր վառվող տեղերի մասին, դրա համար ինքն էր խոսում
Երեկոյան տաք վառարանը հավաքել էր մեզ իր շուրջն ու ինքն էր խոսում, այնքան բարձր, այնքան ճտճտալով, այնքան հառաչելով ու նաև զգուշացնելով՝ մի քնեք, մեջս փայտ գցեք ու վրայիս “ծիպուլը” շուռ տվեք։ Վառարանը գիտեր մեր վառվող տեղերի մասին, դրա համար ինքն էր խոսում, իսկ տնակի ներսում վերևից կախած մածունի մեծ տոպրակը լուռ էր, քամվել էր’ հանգստացել։ Այ, եթե գդալները շխշխկան իր մեջ՝ վերցնելով մածնի թանձր պարունակության
մեջ շաղախած կարմրաթուշ հացի կտորները, մածունն էլ իր սպիտակ երգը կերգի։ Սերոտ օրեր էին այդ մի քանի օրը։ Հողե հատակը փայլում էր, որ ուզեր անկյունի կաթով լցված դույլը տակից կերևար… Տնակի անկյունի սարի կոշտ ծաղիկների խուրձը մաքրության գործ էր արել ու հիմա հանգստանում էր։ Պոզը կոտրած կովն էլ էր հանգստանում։ Կաթը հանել էին ներսից ու ինքը հանգիստ էր։
Մի քիչ ներքև ձորի պռնկին մոռի թուփն էր հանգստանում, հասածները քաղել էին, հիմա հանգիստ էր, իսկ վաղը կմտածի, սկզբից, որ մի խակին տանի արևի կողմը, որ կարմրի, հասունանա։ Ի~նչ հանգիստ է սարում ու ներքևի ձորում, նույնիսկ գետն է վերևից շառաչելով հոսել. Տեսե’ք, տեսեք ինչ զուլալ ու քչքչքան եմ, վերևներից եմ գալիս… Հասել է ներքև ու լռել, տակը թաց’ հոսում է։
Մենք էլ “հոսենք”, դուրս գանք, որ ճանապարհվենք։ “Բարի գիշեր”ասենք’ հոտավետ, ծաղիկներով ծածկոցի տակ պառկած սարին, ուղղենք գլխի տակ գտնվող կանաչ մամոուռով քարե բարձն ու հեռանանք։ Ամեն ինչ վերջանում է’ նորը, կաթնահամ երազանքները մեծանալու հույսով։
Կհոսենք, կտարածվենք, մեր մանուկները կգան ու կկոխրտեն խայտաբղետ ծաղիկներով հոտավետ սարի ծածկոցն ու զրգնուն ձայնով բառաչող կովերի տնազը կանեն։
Արձակագիր, “Արձակից ավելացած տողեր”-ի հեղինակ՝ Գայանե Փայտյան