Գայանե Փայտյան. ԿՅԱՆՔԸ ՎԵՐՋԻՑ
Սեր է փնտրում…Մտածեցին’ ճար չունի, բերենք ծախենք, ճար չունի’ թանկ կտա: Ընկան պուճախները, կիսատ շշով օղի գտան, դա բերեցին, փոշոտ ծաղկամանի հատակին ծաղկի մոռացված թերթիկներ կային, դա բերեցին, ուրիշին չուղարկած խունացած սիրո նամակը բերեցին: Մեկն էլ գրպանում արևածաղկի սերմերի միջից Լենինի գլխով տասը ռուբլի գտավ, մտածեց’ մտածող գլուխ է’ կօգնի: Ավտոտնակ ու նկուղ մտան: Նկուղից’ սև, կլոր, ճաքած ձայնասկավառակ գտան’ Ջո Դասենի երգերով: Մեկը մյուսից խլեց, փոշին թևքով սրբեց, հետո փոշմանեց, փոշին վրան’ թանկ կլիներ: Հա, մեկն էլ հեռախոսով երկար խոսեց, վերջում էլ հասկացրեց’ ամեն մեկի հետ չեմ խոսում, ժամանակս թանկ է: Բերեցին ինչ գտան, ինչն իրենց պետք չէր, ինչն ավելորդ էր: Կարևորը երջանիկ լինես’ ասացին ու երջանիկի աչքերը սպասումով պահեցին վրաս: Նրանցից մեկն էլ բռով ջուր բերեց, տուն չուներ, որ ճաքած բաժակ ունենար… Մի փոքր կանգնեցին, ոտքները կախ գցեցին: Վճարեցի լրիվ շշի համար, վճարեցի’ թարմ ծաղիկներով լիքը նոր ծաղկամանի համար, տասը ռուբլուն հարյուր տվեցի, վճարեցի գրածս սիրո տողերով, վճարեցի հեռախոսով, որ պիտի երգեր նաև: Իմ հեռախոսը անջատեցի…Եկան, գնացին: Դեռ կանգնած եմ, ձեռքերս’ նրա թաց ափերի մեջ…
ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ«Ծալված Ստվեր»