«Գաղտնիքը ոչինչ չարժի, եթե չի գալիս բացահայտելու գաղտնիքների գաղտնիքը` խորհուրդը». Պարույր Սևակ
Ինքնակենսագրություն գրել նշանակում է վերհիշել անցյալը: Իսկ անցյալի վերհիշումը ոչ այլ ինչ է, քան անցյալին ներկայիս հայացքով նայել, այսինքն ոչ թե տեղափոխվել անցյալ, այլ անցյալը տեղափոխել ներկա. անցյալը ներկայացնել:
Սա անխուսափելի է մանավանդ նրանց համար, ովքեր արվեստագետ կոչվելու պատիվն ու պարտականությունն ունեն, և որոնց համար երեկը դառն ու քաղցր հուշերի օթևան չէ, այլ մտորումների օրրան:
Ուստի և իմ ինքնակենսագրության փորձը պիտի դաոնա ոչ թե հուշերի երեկո, այլ փորձարկման ստուգում:
Ինքնակենսագրություն գրել նաև նշանակում է գաղտնիքներ ասել: Բայց ասված գաղտնիքը ոչինչ չարժի, եթե չի գալիս բացահայտելու գաղտնիքների գաղտնիքը‘ խորհուրդը:
Ուստի և իմ հուշերը պիտի դառնան առիթ խորհրդածությունների, և իմ ինքնակենսագրությունը` փորձ ինքնաթարգմանության:
Բարեբախտություն ունեմ այս էջերը գրելու հենց իմ ծննդավայրում` Հայկական ՍՍՀ Վեդու շրջանի Սովետաշեն (նախկին Չանախչի) գյուղում: Բնությունը` այդ մեծագույն փորձարարը, այսօր տվեց այլակերպության իր հերթական դասը. տեղաց աոաջին ձյունը, որ կարողացավ իր բարությամբ փոքրիշատե մեղմել այս լեռնաշխարհի դիմանկարի խստությունը: Իմ համագյուղացիք իրենց գյուղի մասին առածանման խոսք ունեն. Քառասուն ձոր, ամեն ձորում էլ` քառասուն ձոր: Իսկ որտեղ ձոր, այնտեղ էլ սար: Եվ ահա առաջին ձյունը եկավ այդ քառասուն անգամ քառասուն ձոր ու սարի վայրիվերումները փոքր-ինչ հարթելու: Հողն ու քարը (դժվար է ասել, թե այստեղ սրանցից որն է շատ) հանձնվել են սպիտակի մեղսագործությանը: Միայն տերևաթափ ծառերն են համառաբար ընդգծում իրենց սևը` վանականների պես իրենց հավատարմությունը վկայելով երկնքին…
Բայց միայն ձյունից չէ և միայն այսօր չէ փոխվել իմ ծննդավայրը: Քառասուն տարի առաջ այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն եկեղեցին: Գարնանը թզաչափ խոտ էր ծփում տանիքների վրա և նրանց մեջ եկեղեցին, իր թիթեղե դեղինով, հիշեցնում էր կանաչի մեջ ծնրած ուղտ: Չլիներ նա` կարելի էր կարծել, թե գյուղն ունի մի ընդհանուր տափակ տանիք. տները մեջք մեջքի էին տվել, հպվել իրար, ինչպես բուքից հալածված անասունները, իսկ եղած ծուռտիկ-մուռտիկ փողոցներն էլ (ամոթ է փողոց ասելը) այնքան էին նեղլիկ, որ Տեառնընդառաջի տոնին չափահաս երեխաները, խարույկների վրայից թռչկոտելով, կրակ էին տանում գյուղի մի ծայրից մյուսը ոչ թե փողոցներով, այլ տանիքների վրայով…
Պատմության կամեցողությամբ հորս կրթությունը վերջացել է գրաճանաչությամբ: Մայրս այդ բախտին էլ չի արժանացել: Հայոց այբուբենի ամենահեշտ գրվող տառը ս-ն է: Եվ փոքրիկ քույրս հաճախ էր մորս հոգին հանում. Բաս գրել էլ չգիտես: Չգիտեր ու չգիտի…
Այդ պատճառով չէր արդյոք, որ ապրածս կյանքի կեսից ավելին (ամբողջ 23 տարի) անցավ ուսման վրա: