ԳԱԳԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ. «Այնպիսի ջրբաժան է հասունացել, որից այն կողմ կամ վերացումն է, կամ վերածնունդը»
«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք ճարտարապետ ԳԱԳԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ:
— Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:
-Մասնագիտությամբ ճարտարապետ եմ, սակայն այդ ոլորտում ուղի չեմ անցել, քանի որ մասնագիտության ընտրության հարցում սխալվել եմ։ Ընդունվեցի համալսարան առանց տարեկետման իրավունքի, որից հետո անմիջապես մեկնեցի բանակ։ Դիրքային ծառայությունս, խրամատում իմ տեսածն ու զգացածը
ինձ ավելի ու ավելի համոզեցին, որ վերանայեմ մասնագիտությունս։ Մանկուց ինձ միշտ անտիկ պատմությունն էր հետաքրքրում, հնագիտությունը, գրելը․․․ Բանակից վերադառնալով՝ ավարտեցի ուսումս ու միանգամից անցա այն գործին, որը ես իրապես սիրում եմ՝ սկսեցի ուսումնասիրել նախապատմական հայոց և անտիկ համաշխարհային պատմությունը։ Այնուհետև սկսեցի ուսումնասիրել հայ արիների գաղափարախոսությունը, ճշմարիտ աշխարհակարգ հաստատելու ուղիները, և ամեն օր ու ամեն ժամ ինքս ինձ համար բացահայտեցի իմ՝ ով լինելը։ Այդ ամենի արդյունքում էր, որ ես հասկացա, որ աշխարհում կա մեկ բարձրագույն մասնագիտություն՝ դա բարեպաշտ հայ լինելն է։ Ես հիմա նվիրվել եմ այդ մասնագիտությանը։
— Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:
-Բազմաթիվ հոդվածների հեղինակ եմ, որտեղ ներկայացրել եմ իմ ընկալումներն իմ ցեղի, հայրենիքի ու Արարչական ճշմարտությունների մասին։ Այս պահին գրեթե պատրաստ է իմ առաջին գեղարվեստական՝ «Ձայներ՝ հետնախորշերից» վեպը։ Հուսով եմ՝ շատ մոտ ապագայում այն կհանձնվի ընթերցողների դատին։ «Միջին վիճակագրկան» ժամանակակից հայ մարդու հոգեկերտվածքի մասին ունեմ բազմաթիվ վերլուծություններ և անալիզներ։
— Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:
-Իմ առաքելությունը մեկն է՝ ամեն կերպ ու ջանք չխնայելով՝ բարձրացնել բարոյապես, հոգեպես ու ֆիզիկապես ընկած հային։ Արդեն նշեցի, որ ես ինձ համար որդեգրել եմ բարեպաշտ հայ լինելու մասնագիտությունը և ամեն օր ու ամեն ժամ ես փորձում եմ կատարելագործել ինձ, բացահայտել ինձ ու ճանաչել ինձ։ Դա միևնույն ժամանակ և՛ առաքելություն է, և՛ մասնագիտություն։ «Լեռնցի» լինելու մասնագիտությունն էլ ոչ պակաս բարդ է, այն պահանջում է առողջ մարմին, ներդաշնակ հոգեկերտվածք, ժամանակակից արատներից հրաժարվելու կամք, բարեպաշտություն, առաքինություն և այլն։ Դժվար է լինել վերքաղաքական, վերկրոնական ու վերանձնային գաղափարների կրող մեր իրականության մեջ, քանի որ նույն այդ իրականությունն անում է հնարավորինն ու անհնարինը, որպեսզի դու էլ շատ դանդաղ մխրճվես «քաղցր արատների» ճահճի մեջ։
— «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:
— Կյանքումս հանդիպել եմ կրթված, սակայն կոսմոպոլիտ կանանց, որոնց մասին չեմ ցանկանում խոսել։ Անձամբ ինձ համար կրթված մարդն իհարկե ավելի մեծ պոտենցիալ ունի բարեպաշտ լինելու, քան անկիրթը, սակայն ցավով եմ նշում, որ այնպես չէ, որ հասարակության մեջ ինձ հանդիպող բարձրագույն կրթություն ունեցող թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ ավելի շատ մտածում են գումար ու լավ կարիերա ունենալու, քան այդ կրթությունը հայրենիքի շահերին ծառայեցնելու մասին։ Ինձ համար հայրենիքին ամուր կառչած մշակն ու անասնապահը ավելի կիրթ է, քան այն կրթվածը, ով մի քանի համալսարան ավարտելով՝ մեկնել է արտերկիր, ու հայրենիքի հանդեպ ունեցած 0 պարտականության զգացումով սեփական կյանքն է դասավորում։ Այստեղ արդեն գործ ունենք իմաստության հետ, որն ավելի բարձրագույն արժեք է։ Ինձ ի՞նչ, եթե կիրթ է կինը, սակայն դա իմ ու իմ ցեղի հետ որևէ առնչություն չունի։ Իսկ կանայք, ովքեր կիրթ են, ովքեր իրենց ստացած մասնագիտությունը ծառայեցնում են սեփական ժողովրդին, ովքեր տքնաջան աշխատանքով պահպանում են հայ մշակույթը, ժառանգությունը, բարքերն ու կենսակերպը, գանձ են և ավելին։ Նրանք արդեն ճշմարիտ հայի կերտման ոգեղեն տաճարներն են, որոնց կարելի է հասցնել աստվածության մակարդակի:
— Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:
-Չգիտեի, որ հայտնի հնագետը այդպիսի խոսքեր է ասել։ Մեզ՝ հայերիս, Շլիմանի խոսքերը ոչինչ չեն տալիս, քանի որ մենք՝ հայերս, չենք կրում հայկական քաղաքակրթության նորմերն ու օրենքները։ Հենրիխ Շլիմանը, չգիտեմ, բայց մեր՝ հայերիս դժբախտությունը հենց այն է, որ մենք կտրվել ու հեռացել ենք հայկական ճշմարիտ աշխարհակարգից, որտեղ սրբություններ են համարվել լրիվ այլ արժեքներ, օրենքները բխել են Արարչական ճշմարտություններից։ Ուստի թե՛ Եվրոպան, ով չի ընդունել հայկական քաղաքակրթությունը, թե՛ Հայաստանը, այսօրվա Հայաստանը, դժբախտ են։ Մենք, երևի, դժբախտ ենք կրկնակի, քանի որ մենք ամեն կերպ ցանկանում ենք մեզ համար որպես կենցաղ ու բարք ընդօրինակել եվրոպական արժեքները։
— Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:
-Ցեղ, հայրենիք, Արարիչ։
— Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործությունների կոնտեքստում:
-Իմ հոդվածներում ես հենց այսօրվա իրականությունն էլ ներկայացնում եմ, փորձում եմ ամեն կերպ ցույց տալ, որ այն իրականությունը, որը կա այսօր ու կար երեկ, մեզ դեպի անդունդ է տանում։ Գիրքը որը պատրաստվում են հրատարակել, իրականության մասին է, որտեղ փորձել եմ զետեղել իմ տեսածն ու զգացածը վերջին տարիների։ Թեև թե՛ հերոսները, թե՛ տեղանունները հորինված են, բայց արել եմ ամեն հնարավորը, որպեսզի ամեն մեկը կարողանա գտնել իրեն այնտեղ։ Փորձել եմ ցույց տալ տգիտության ավերիչ ուժը․ այդ ուժը մենք այսօր տեսնում ենք, տգիտությունը հիմնահատակ է անում մեր բովանդակ էությունը։ Դա չի կարող չազդել իմ հոգեվիճակի, տրամադրության ու գործունեության վրա։
— Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:
-Բազմաթիվ ծրագրեր ունեմ, որոնց կյանքի կոչելն ինձ համար սկզբունքի հարց է։ Չեմ ցանկանում այս թեմայով փակագծեր բացել, միայն կասեմ, որ միակ խնդիրն այս պահին անչափ հագեցած գրաֆիկս է և գումարի բացակայությունը։ Կառույցը, որը ցանկանում եմ հիմնել, իրենից ինքնաֆինանսավորում է ենթադրում, մեծ գումարներ։ Միայն կասեմ, որ կառույցը որը Աստծո կամոք կհիմնեմ, մեծ օգնություն կբերի մեր հասարակությանը, մշակույթին և, ինչու չէ, մեր պետականությանը։
— Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է։
-Իմ զգացումն այնպիսին է, որ կա՛մ մենք կզրկվենք մեր պետականությունից ու բարոյականությունից, կա՛մ կվերածնվենք։ Այնպիսի ջրբաժան է հասունացել, որից այն կողմ կամ վերացումն է, կամ վերածնունդը։ Իրականությունը տանջող է, քամող ու մաշեցնող, սակայն հանձնվել երբեք ու ոչ մի պարագայում պետք չէ։ Հայն իրավունք չունի պայքարի կամքը մարել իր սրտում, իրավունք չունի ծնկել ու մնալ այդպես, իրավունք չունի հանձնվել, խոսել ինչ-որ տխմարագույն «խաղաղությունից», որից միայն ու միայն նոր պատերազմի «հոտ է փչում»։ Խաղաղությունից չեն խոսում, խաղաղություն պարտադրում են, իսկ եթե դու թույլ ես, տկար ու նվազ, մոռացիր, որ խաղաղությունը կարող է քեզ ընկեր լինել։
— Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:
-Գալիք սերունդների համար հայրենիք ցանկանալ պետք չէ։ Գալիք սերունդներին ուժեղ ու հզոր հայրենիք կտակել է պետք։ Ողջ խեղումը հենց այստեղ է՝ մենք միայն լավ ճառեր ասել գիտենք, խոսում են գալիք Հայաստանի փառքից, բայց ոչինչ չենք անում այդ Հայրենիքի կերտման համար։ Գալիք սերունդները մեր ցանկությունների կարիքը չունեն, քանի որ այն հայրենիքը, որը նրանք են կերտելու, մեր ցանկացածից ավելի լավն է լինելու։ Իսկ ես ու իմ նման մարդիկ ամեն ինչ անելու են, որ գալիք սերունդները որքան՝ հնարավոր է առանց մեծ կորուստների կերտեն այն հայրենիքը, որը բոլորիս երազանքներում է, մեր սրտերի մի գողտրիկ անկյունում, մեր քնած բովանդակության մեջ։
ՄԱԳԱՂԱԹՑԻ