ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» զեկուցող ԱՆ փոխնախարար տիկնոջը
Արգո տիկին, համացանցով դիտեցի ՀՀ ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ձեր զեկուցման մի հատված և ապշեցի ձեր գրագիտության և ձեր տեսքի ահավոր մեծ տարբերության վրա: Դուք առինքնող տեսք ունեք:Կոչումներ կշնորհվե՞ն, թե՞ ոչ, ինձ չի հուզում, բայց ցավ եմ ապրում և ապշած եմ, որ Հայաստանի ԱՆ փոխնախարարն այդ բարձր ամբիոնից հնչեցնում է տաղանդավոր, հանրահայտ արվեստագետների անուններ, ասելով, թե՝ «…որևէ մեկս միթե ճանաչո՞ւմ է այս անձանց» … Այ քեզ տգիտությո՜ւն…Եթե դուք և ձեր թիմակիցները արվեստ հասկանալու և գնահատելու կարողություն չունեք և կամ չեք ճանաչում Հայաստանի, ՌԴ, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Բելոռուսի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Սիրիայի, Իսպանիայի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում ստեղծագործություններ ունեցող նկարիչ, Սանկտ Պետերբուրգի գիտությունների և արվեստի Պիոտրովսկի ակադեմիայի անդամ Փարավոն Միրզոյանին, ով բազմաթիվ անհատական ցուցահանդեսներով ներկայացվել է արտասահմանյան երկրներում և շուրջ տասը անգամ Հայաստանում; սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային ստեղծագործություններով և հայ ժողովրդի մի քանի սերունդների իր՝ «Սերս գաղտնի թող մնա», «Կուզես լինիմ», «Գյումրի-Լենինական» և այլ երգերով հմայած կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին; մեզանում հանրահայտ բեմադրիչ, նաև՝ Մոսկվայում, Կիևում, Վրաստանում, Արցախում, Հալեպում, Բեյրութում, ՅՈւՆԵՍԿՕ-ի պատվերով՝ Նյու-Յորքում բեմադրություններ իրականացրած Նիկոլայ Ծատուրյանին, եթե դուք Երևանի Սայաթ-Նովա պողոտայի և Տերյան փողոցի խաչմերուկում չեք տեսել «Ղարաբաղցի կինը», Օղակաձև զբոսայգում՝ «Վարք հավերժության» քանդակը, Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում՝ Վիլյամ Սարոյանի հուշարձանը և չգիտեք, որ դրանք Դավիթ Բաբայանի ստեղծագործություններն են, ապա դա դեռ չի նշանակում, որ հայ ժողովուրդն էլ չի ճանաչում նրանց:Դուք ԱՆ փոխնախարար եք և ոչ թե հայ ժողովրդի գեղագիտական ընկալումների և ճանաչողության չափանիշ, մի՛ մեծամտացեք:Մյուս կողմից, եթե ինչ-որ մի գյուղի չոբան չի լսել ձեր թվարկած մարդկանց անուններն ու առաջին անգամ ձեր ասելով իմացավ ու հորթի հրճվանք ապրեց, որ իր գեղագիտական գիտելիքներն ու ճաշակը պաշտպանվում են ԱՆ փոխնախարարի և նրա թիմակիցների կողմից, ապա այդ տկարամտությունը ևս բարոյական իրավունք չի տալիս ձեզ՝ ցեխ շպրտելու հանրահայտ, տաղանդավոր, վաստակաշատ մարդկանց հեղինակության վրա:Կոչումների վրա թքած, հարցերի զեկուցման և քննարկման ընթացքում բարոյականություն պահպանեք: ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆԴրամատուրգ, արձակագիր, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ