Բարեկենդան
Փետրվար-մարտ անցման շրջանում, երբ անցնում էին ձմեռը, ցրտի ու զրկանքների օրերը և մոտենում էին հեռանկարներով լեցուն գարունը, գյուղատնտեսական աշխատանքների ցանկալի ժամանակաշրջանը, տոնվում էր Բարեկենդանը: Երկշաբաթյա այս տոնը հայտնի էր իբրև կերուխումով, ցնծությամբ, երգ ու պարով, տոնածիսական խաղերով զբաղվելու տոն: Նախորդում էր Մեծ պասին, վերջին շաբաթը կոչվում էր Բուն բարեկենդան: Տոնի անունը ծագում է երկշաբաթյա ապրելակերպի բնույթից և նշանակում լավ ապրելու օր: Տոնը հատկանշվում էր հավաքույթներով, տնից տուն անցնող խնջույքների կազմակերպումով, որոնց ընթացքում հրավիրվում էին երգիչներ ու նվագողներ: Բարեկենդանի խնջույքներն աչքի էր ընկնում կերակրատեսակների ճոխությամբ ու բազմազանությամբ. ունևոր ընտանիքներում սեղանները գրեթե չէին հավաքվում: Ուտելիքների մեջ նախապատվությունը տրվում էր մսեղենի, կաթնեղենի, յուղի առատությանը, մորթում էին ոչխարներ, արջառներ, մթերում խմիչքներ ու մրգեր, պատրաստում հալվա, խաշիլ, թխում գաթա, այլ տեսակի խմորեղեն: Կերակրատեսակների թիվն օրեցօր ավելանում էր: Վերջին օրը՝ երեկոյան (պատրաստվելով մտնելու Մեծ պասի շրջանը, երբ կարևորվում էր մարմնի և հոգու մաքրությունը), ճաշակում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու: Որոշ տեղերում վերջին օրը կրակ չէին վառում, Բարեկենդանից մնացած կերակուրներով հավաքվում էին նահապետի տանը, որտեղ տեղի էր ունենում տոնի վերջին խնջույքը, և միայն այստեղ էր օջախը վառվում՝ ձվածեղը պատրաստելու համար: Այդ օրերին կերուխումն ընդհատվում էր միայն աշխատանքային ժամերին և մրցախաղերի ժամանակ:
Բարեկենդանի անբաժան ուղեկիցն էին խնամախոսությունները, հարսանիքներն ու նշանդրեքները, որոնք կապվում էին կախարդանքով պտղաբերական ծեսերի հետ: Երիտասարդությունը գոմերը պարատների էր վերածում: Պարերին մասնակցում էին նաև տարեցները: Պարերն ու պարողներն օրեցօր շատանում էին, վերջին օրերին ամբողջ թաղեր, նույնիսկ գյուղեր շղթայվում էին պարաշրջաններով:
Բարեկենդանի գլխավոր զվարճությունը, սակայն, խաղերն ու թատերախաղերն էին, որոնց մեջ ներգրավվում էին բոլորը: Հասարակական կաշկանդումներին անմռունչ ենթարկվողներն անգամ այդ օրերին դառնում էին ազատ ու անկաշկանդ և իրենց դժգոհություններն արտահայտում էին ծաղրակատակներով: Խաղերը բնորոշվում էին ինչպես թեմատիկ բազմազանությամբ, այնպես էլ կատարման բազմաձևությամբ. մարզական ու զվարճախաղերից բացի ներկայացնում էին կենցաղային, սոցիալական, ազգային թեմաներով թատերախաղեր, որոնց ընթացքում վեր էին հանվում ամուսնությունը, սոցիալական տարբերությունը, հասարակական հարաբերությունները, ազգային ճնշվածությունը նշող խնդիրներ:
Բարեկենդանի խաղերին, մասնավորապես կատակախաղերին և թատերական ներկայացումներին բնորոշ էին մասնակիցների կերպարանափոխությունը: Զվարճախաղերից բացի (գնդակախաղեր, լախտի, թոլոլանգի, մատնի) խաղում էին կենդանապաշտությանը (երիտասարդները այծ, ավանակ, անգամ հրեշ կամ ուղտերի քարավաններ ձևացնելով՝ մտնում էին տներն ու կատակներ անում), երկրագործական պաշտամունքին նվիրված (Խնձորեսկ գյուղում կանայք տղամարդու հագուստով դուրս էին գալիս դաշտ՝ վարուցանքի տեսարան ներկայացնելով, որն ուղեկցվում էր կատակներով) կամ ամուսնության թեմաներով (երիտասարդները հարսանքավոր ձևացնելով՝ խնամախոսության էին գնում այն տները, որտեղ միայն տղա երեխաներ կային) խաղեր: Երիտասարդ հարսներն ու աղջիկները հաճախ անճանաչելիորեն կերպարանափոխված՝ դուրս էին գալիս ու նմանակում մեծերին. ընդհանրապես Բարեկենդանի օրերին երիտասարդների շրջանում դա ընդունված ձև էր իրենց դժգոհությունները խաղերի, երգերի միջոցով արտահայտելու համար: Խաղերի մեջ ամենաուշագրավը, սակայն, թատերախաղերն էին, որոնք վերածվել էին հասարակական-քաղաքական կյանքը ներկայացնող դրամատիկական ներկայացումների: «Քյոխվա», «Ղադի», «Փաշա», «Շահ-շահ» խաղերում կերպարանափոխված երիտասարդները զավեշտալի դատավարություններ էին կազմակերպում ներքին ու արտաքին հարստահարիչների դեմ՝ արտահայտելով իրենց բողոքն ընդդեմ սոցիալական ու ազգային շահագործման: Վանական շրջաններում Բարեկենդանը տոնվում էր «Աբեղաթող» անվան տակ, որի ընթացքում ներկայացվող թատերախաղը կրկին արտացոլում էր միաբանության ներսում տիրող անհավասարությունը, միայն այստեղ արդեն հանդիասատեսներ չկային. քանի որ բոլորը գործող անձինք էին:
Նյութը պատրաստեց Կարինե Զիլֆիմյանը