ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾԻՔ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ
Շուրջ յոթ տարի է Մագաղաթի ընթերցողն հետևում է բանաստեղծ, լրագրող, գրականագետ Հասմիկ Սարգսյանի ստեղծագործություններին` բանաստեղծություններին, հարցազրույցներին, գրականագիտական և երաժշտագիտական հոդվածներին և հավատացած ենք, որ մեր ընթերցողին հետաքրքիր է նրա գրական կենսագրությունը: Այսօր Հասմիկ Սարգսյանի ծննդյան օրն է: Ճիշտ ժամանակն է նրա ստեղծագործական ամփոփ դիմանկարը հարցազրույցի միջոցով հանրությանը ներկայացնելը:
-Գրականությունն իսկապե՞ս ապրելու ձև է:
-Բանաստեղծությունը. այն գալիս է անսպասելի, այն տրոփում է մտքումդ՝ քեզնից անկախ, ամեն ինչ բանաստեղծության նյութ է, միայն թե զոռով չսարքես, չտքնես այնպես, որ վերջում ընթերցողն ակնհայտորեն զգա այդ տքնության հոգոցը: Հոգոցը կամ խնդությունը հոգումդ է, ու դրանք այնքան բնականորեն պիտի հոսեն և մատուցվեն, որ միանգամից կաթեն, ներծծվեն կարդացողի հոգում… Այն ամենը, ինչ հոսում է՝ ոնց նորածին մանուկը պտղաջրերի հետ, իմ մտքից, հասունացել, ապրվել, եփվել է շարունակ, հավանաբար այնքան, ինչ ինքս ինձ ճանաչում եմ: Չբանաստեղծեի, ուրեմն կքանդակեի, չքանդակեի, կնկարեի, չնկարեի, կնվագեի… Այստեղից էլ տողերիցս հոսող մեղեդին, գույնը, ինչի մասին հաճախ են նշում այն կերպարվեստագետները, որոնց գործերի՝ իմ բանաստեղծական «ընթերցումներն» ունեմ: Դրանք նրանց ստեղծագործությունների ուղղակի նկարագրերը չեն, բնավ, դրանք իմ մասին են, իմ վերաբերմունքի մասին՝ աշխարհի, իրերի, մարդկանց մասին, նաև իմ ձգտումների, իղձերի, պատրանքների, համակրանքների, և, ինչու՞ չէ, նաև մերժումների, հակասությունների… Ես գրում եմ, ոնց կքանդակեի, կնկարեի, մեղեդի կհորինեի… Գրականագիտական դիտարկումներս էլ անում եմ՝ բանաստեղծության, արձակի տողը, արտահայտությունը, պատկերը, միտքը «մաղելով» իմ մեջ, իմ զգացողություններով և գրականության, արվեստի իմ ընկալումներով անցկացնելով, վերլուծելով: Իսկ այդ ընկալումները խորապես մշակվել են, նախ, դպրոցում, ապա՝ մանկավարժական իստիտուտի բանասիրական ֆակուլտետում ուսանելիս: Խոսքի ի՜նչ արվեստ ուներ իմ գրականության ուսուցչուհին, դասագրքից դուրս ո՜նց էր գրականությամբ կրթում. բնագիրն ընթերցելու մշակույթ հաղորդում… Բայց ավելի վաղ շրջան գնամ: Գրականության մարդ էր հորենական պապիկս, որ լուսավորչական գործունեություն էր ծավալել Հայաստանում՝ կրթական գործը դնելով բարձր հիմերի վրա: Նրա հուշապատումները վերջին տարիներին հրապարակել եմ և միտք ունեմ ներկայացնելու առանձին գրքով: Արմատներիս զգացողությունը գնալով իմ մեջ խորացել է, ու դա էլ է անուղղակիորեն դրդել ստեղծագործելու: Գրական փորձերս կատարել եմ դպրոցահասակ տարիքից, բայց դրանք պարզ էին, կային նրանցում պատկերներ, որոնք արդեն կարող էին թույլ տալ որոշ գործեր բանաստեղծություն անվանելու: Քանիցս նշել եմ՝ հանգերով մտորելը կամ գրելը դեռևս գրական երկ չէ, գեղարվեստ չէ: Զգացմունքի խորությունը, պատկերի յուրատիպությունը, անկեղծությունը, խոհի և բանաստեղծական սկզբի ներդաշնակությունը, ամեն անգամ հայտնություն անելու և այդ հայտնությամբ ընթերցողին իրականությունից կտրելու օժտվածությունը սովորական տեքստը տարբերում են գրականից: Հաջողվու՞մ է անել դա ինձ… Կասի ընթերցողը: Իմ պատասխանն է՝ գրելիս ինձ տանում է ալիքը, ես տրվում են նրան, վստահում, և չգիտեմ ինչ սահանքներով կանցնեմ տվյալ գործը գրելիս, բայց միտքս, տվյալ պահին ներշնչանքիս ալեբախումը ինձ տեղ կհասցնի… Աստծո կամոք… Այլոց ընթերցելիս ու նրանց գրականությունը քննելիս գործում է, ինձ տրված գիտելիքներից ու գրական երկը քննելու ունակությունից բացի, ներքին հոտառությունը, ի բնե տրված զգացողությունը, շոշափելիության հասնող մի զգացողություն, որ նկարագրել բառերով հնարավոր չէ: Բանաստեղծությունը, առավել ևս, կեղծիք չի հանդուրժում: -Ինչպե՞ս հայտնվեցիք Հայաստանի Հանրային Ռադիո: -Շատերը կարծում էին, ու ես էլ համոզված էի ուսանելու տարիներին, որ գիտությունն է իմ ճանապարհը: Բացարձակ գերազանց եմ սովորել, գրականագիտական հոդվածներիս ու զեկույցներիս թիվ ու համար չկար, պիտի շարունակեի ուսումս ասպիրանտուրայում: Բայց ինստիտուտն ավարտելու տարին գրականության գծով ասպիրանտական տեղ «չեկավ», իսկ լեզվի գծով չցանկացա շարունակել, իմ տարերքը գրականությունն էր: Մինչ այդ արդեն թղթակցում էի ռադիոյի տարբեր բաժիններին, ու ինձ հենց Երիտասարդական հաղորդումների գլխավոր խբագրությունից հրավիրեցին աշխատանքի: Դա այն ժամանակ չտեսնված երևույթ էր. խմբագիր կամ լրագրող լինելն էլ՝ կարևոր և խիստ հարգված մասնագիտություն, ինչին մոտեցումը թե՛ անհատների և թե՛ հանրության, հարգալից էր. ամեն խոսքդ արձագանք էր գտնում, ամեն ինչ կշիռ ուներ, և պահանջվում էր ծայրագույն գրագիտություն ու պատասխանատվություն: Հընթացս դասավանդում էի դպրոցում, հետագայում նաև՝ մի քանի տարի Գյուղ. ակադեմիայում: Բայց իմ տարերքը լրագրություն էր, գրականությունը… Չափազանց մեծ ջանք էի ներդնում ամեն դասի, ինձ համար ամեն ինչը ստեղծագործություն է, իսկ դասավանդման գործընթացում կրկնությունը կա, նույնի, շարունակ՝ նույնի… Հիշում եմ ուսանող երիտասարդների մեջ պայծառ դեմքեր, սիրով եմ հիշում իրենց… բայց չեմ փոշմանում, որ հեռացա դպրոցից կամ բուհից: Առանձին դասընթացներ տարբեր առիթներով վարելիս ինձ հարցրել են մասնակից երիտասարդները՝ ինչու՞ մշտապես չեմ դասավանդում, իրենց հետաքրքրել էր հավանաբար իմ մոտեցումը, ջանքը՝ հնարավորինս լիարժեք ու խորքայնորեն ներկայացնելու նյութը, բայց դա, չէ՞ որ արվում էր մեկ անգամ, այլևս չկրկնվելու պայմանով: Հաջորդ դասավանդումը նույն թեմայով անպայման տարբեր էր լինելու… Ինչևէ, հետո դարձյալ խմբագրի պարտավորություններ՝ Մհեր Դավոյանի հիմնած հրատարակչությունում, ապա՝ հասարակական կազմակերպությունում, ընտրական գործընթացների դիտարկումներ, բազում գյուղական համայնքների այցեր, տարիներ շարունակ համայնքային կյանքի լուսաբանումներ և այլն: Բանաստեղծություններ գրում էի՝ բնավ չմտածելով հրապարակելու մասին: Բայց ահա իմ ուժերին հավատացող և գործերիս ծանոթ մտերիմներիս դրդմանբ 2002-ին հրատարակեցի բանաստեղծություններիս առաջին ժողովածուն: Այն հաջողությամբ քննարկվեց Հայաստանի գրողների միությունում, թեև միության անդամ չէի: Հետո՝ լռություն մինչև 2014-ը: Դարձյալ գրում էի, բայց միտք չունեի տպագրել կամ հրապարակել: «Խաչս տալիս եմ քեզ» վավերագիր մատյանի ստեղծումն ու հրապարակումը մի տեսակ հզոր խթան էր վերադառնալու դեպի գրականություն: Մեկ տարի անց առանձին գրքով հրատարակեցի բանաստեղծական երկու շարքեր՝ «Արևալույսի էքսպրոմտներ» և «Բառ և կտավ»: — Ձեզ ո՞րն է հոգեհարազատ. Դասավանդել եք. սա Ձեր մասնգիտությունն էր, գրականությունը Ձեր տարերքն է, լրագրությունը, գրականագիտական, խմբագրական աշխատանքը` կոչումը, պոեզիան` էությունը… — Գերադասություն չեմ տալիս մեկին կամ մյուսին, ոչ մեկը մյուսին չեմ ստորադասում: Տեսնել մի արժանավոր բան ու չգրել, իմ ուժերից վեր է: Անգամ համերգասրահում ՝ համերգի ընթացքին արդեն մտքում գրում եմ, շարադրում բառերով զգացողություններս… Աննախանձ շարադրում եմ տեսածս ու լսածս, զգացածս, վերլուծում եմ, ներկայացնում մարդկանց, իրենց քանքարը, իրենն արվեստը, փորձում հանրությանը հասցնել անշոշափելին,- ահա լրագրությամբ զբաղվելու իմ դրդապատճառը: Գրականագիտությունը իմ կոչումն է, ինչին վերադարձը ուրախացնում է ինձ, ես առանց նրա զգում էի, ոնց ձուկը կզգա առանց ջրի: Իսկ բանաստեղծությունն իմ էությունն է. նրանով ես չեմ զբաղվում, այն իմ կենսակերպն է, շնչառության տակտը… — Բազմաթիվ հանդիպումներ եք ունեցել նշանավոր մարդկանց հետ. ձեր ամենատպավորիչ հանդիպում-հարցազրույցը: — Իմ վարած բոլոր հարցազրույցները, համարյա առանց բացառության, որոշակի ազդեցություն են ունեցել իմ կյանքում: Ուղղակի կամ անուղղակի, թեև դրանք շատ-շատ են: Այն անձինք, որոնց հանդիպել եմ, որոնց մասին գրել եմ, արժանի էին հանրությանը ներկայացնելու. ոմանք իմ ընկերներն ու բարեկամներն են դարձել հետագայում, ոմանք հանրահռչակ մարդիկ… Ոչ մեկին հիմա չեմ ուզում առանձնացնել, իսկ թե ում մասին եմ գրել, կարող են իմանալ «Մագաղաթ» և «Հայագիտարան Հայաստան» կայքէջերից: Իմ հավաքած արխիվային նյութերից դեռ շատ հրապարակումներ պիտի անեմ: Իսկ վերջին տարվա իմ հարցազրույցներից պիտի առանձնացնեմ «Զրույցներ Սեդրակ Երկանյանի հետ» զրույցների շարքը, որի «արարները» մշտապես հրապարակվել են «Մագաղաթի» էջերում: Զրույցները կշարունակվեն, քանզի Սեդրակ Երկանյան արվեստագետը, անձը, մտավորականը, բանաստեղծը, երաժիշտը դեռ ասելու բան շատ ունի… Մարդկանց, իմ համոզմամբ, պետք է ներկայացնել ճիշտ ժամանակին և չսպասել հատուկ առիթի կամ պատվերի: Ես այդպես եմ գործել, այդպես եմ գործում և նույն կերպ շարունակելու եմ: -Ձեր առաջին` «Կիսատ անձրև» /2002 թ./ և երկրորդ`«Արևալույսի էքսպրոմտներ» բանաստեղծությունների ժողովածուների /2015թ. / միջև գրեթե մեկ մասնամյակ է հատում … Մեկ տասնամյակում մարդը փոխվում է, իր ստեղծագործական ասելիքը, բովանդակությունն ու փիլիսոփայությունը ևս փոխվում է, այս երկու գրքերի ընդհանրությունը ո՞րն է: -Բանաստեղծությունների երկու գրքերիս միջև տարբերությու՞նը: Թեմաներն ավելի բազմազան են դարձել, պատկերահամակարգը հարստացել է, ավելի անկաշկանդ եմ տողս գրելիս, բայց զգացմունքի անկեղծության առումով և գեղարվեստական մտածելակերպով նույնն են. ձեռագիրս ճանաչելի է թե՛ առաջին, թե՛երկրորդ գրքերում: Դեռևս շատ գործեր, բանաստեղծական շարքեր են «հերթի կանգնած» տպագրության համար: ՄԱԳԱՂԱԹՑԻ2016 թ.