Արտահայտություն, որ դաշույնի պես խոցեց մարմինը…
«Վերջապես, Բաքվի ստուդիայում, որտեղ անցկացվում էին դերասանների փորձարկումները, հայտնվեց սլացիկ, անսովոր կանացի, մուգ շագանակագույն, շատ արտահայտիչ աչքերով մի աղջիկ։ Նա վերցրեց լագանը, ջուր լցրեց մեջը եւ սկսեց լվանալ այնպես, կարծես ամբողջ կյանքում այդպես էր անում: Նույնքան պարզամտորեն եւ միեւնույն ժամանակ
խորապես անկեղծ՝ օրորելով քնեցրեց «երեխային» <…>: Այն ամենի բնականությունը, ինչ անում էր նա, իսկական գեղարվեստական հուզմունքը կաշառեցին մեզ, եւ թերթի գովազդի միջոցով մեզ մոտ եկած Տատյանա Մախմուրյանը հաստատվեց հայ աշխատավորի կնոջ դերում։ Այսպես սկսվեց Արմենկինոյի համր շրջանի լավագույն «աստղի» կարիերան»։
Համո Բեկ-Նազարյան
Նկարահանվում էր «Տունը հրաբխի վրա» համր ֆիլմը։ Տատյանան հաստատվեց գլխավոր հերոսուհու՝ Մարոյի դերում։ 1928 թվականն էր, որ դերասանուհուն ճանապարհ բացեց դեպի Հայկինո, եւ նա սկսեց աշխատել այնտեղ։ 1930-ական թթ. նկարահանվեց մի շարք համր ֆիլմերում, «Վրացֆիլմում» հրավիրվեց խաղալու Մասումե («Հանդիպում», 1930), այնուհետեւ «Հայֆիլմում»՝ Սոյուզկինոյի հետ համատեղ նկարահանված «Լույս եւ ստվերներ» («Ճակատում», 1933) ֆիլմում խաղաց Անահիտի դերը, 1934 թվականին՝ Նանիի դերը («Գիքոր»)։ Ցավոք, համր շրջանի ֆիլմերի մասին դժվար է անմիջական դատողություն անել ժապավենների հնացած լինելու պատճառով, սակայն հայտնի է, որ դրանք գլուխգործոցներ էին, որտեղ խաղում էին բացառիկ տաղանդի դերասաններ՝ բացառիկ տաղանդի ռեժիսորների բեմադրությամբ ու ֆիլմերի անձնակազմերի ոչ պակաս տաղանդավոր մասնակիցներով։ Տատյանա Մախմուրյանի խաղընկերներն էին Հրաչյա Ներսիսյանը, Միքայել Գարագաշը, Համբարձում Խաչանյանը, Օրի Բունիաթյանը, Ավետ Ավետիսյանը, Հասմիկը (Թագուհի Հակոբյան), Գուրգեն Գաբրիելյանը, Թաթուլ Դիլաքյանը, Արամ Ամիրբեկյանը եւ շատ ուրիշներ…
Վերջապես 1935 թվականին բացվեց կինոյի լեզուն, եւ «Հայֆիլմում» ծնունդ առավ «Պեպոն», անգերազանցելի գլուխգործոց՝ բոլոր առումներով. դերասանական փայլուն խաղից թափանցիկ երեւում է նաեւ կադրից դուրս աշխատողների տաղանդը։ Համո Բեկ-Նազարյանը հավաքել էր սիրելի թիմը՝ Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Դավիթ Մալյան, Գուրգեն Գաբրիելյան, Արմեն Գուլակյան, Համբարձում Խաչանյան, Հասմիկ, Միքայել Գարագաշ, Տատյանա Մախմուրյան եւ ուրիշներ։ Նրանցից յուրաքանչյուրի խաղը ոչ միայն լուրջ ուսումնասիրության նյութ է, այլեւ մեծ դաս ցանկացած դերասանի համար։ Այնպես, ինչպես Կեկելի դերում խաղում է Տատյանա Մախմուրյանը, կարելի է լիովին պատկերացում կազմել ավանդական հայ ընտանիքում մեծացած ու դաստիարակված օրիորդի մասին, ում հույզերը չափազանց զուսպ են արտահայտվում, բայց ինչքան խորքային ու խոսուն։ Համր կինոյի արվեստին տիրապետող դերասանուհին բարձրագույն ապրումների է հասցնում ամեն մի ժեստ. այստեղ նրան վերապահված է հայ կնոջ «համր» դերը ընտանիքում. նա հլու-հնազանդ է եղբոր ու ընտանիքի որոշումներին, որքան էլ դրանք լինեն սրտին ու համոզմունքներին հակառակ։ Հլու-հնազանդությունը, սակայն, բխում է ոչ այնքան ադաթների կամակատարը լինելուց, որքան ընտանիքի հանդեպ սիրուց ու հավատից։ Այդ սերը ողջ ֆիլմի ընթացքում չի պակասում հերոսուհու ժպիտից, ինչը մատնում է ներաշխարհի սերը նաեւ սեփական անձի ու գեղեցկության, առանձնահատուկ լինելու, մտքերով երջանկություն կառուցելու մասին, որը շատ հեռու է իրականությունից եւ կապ չունի այն ամենի հետ, որ շոշափվում է իր հասցեին, եւ այս ամենը մատուցվում է այնպիսի նրբին վարպետությամբ, ինչը դժվար թե հնարավոր լինի կրկնել…
Բաղնիքի տեսարանում լավագույնս է արտահայտվում հերոսուհու լուռ հոգեվիճակը, երբ կանայք անամոթաբար, մանրամասն զննում ու բացահայտորեն կարծիք են հայտնում «ապրանքի» մասին, իսկ Կեկելը «ապրանքի» պես էլ կարծես խոնարհ ցուցադրվում է (ի՜նչ ունի թաքցնելու), սակայն դիմագծերի, հայացքի, շուրթերի ակնթարթային, բնական փոփոխությունները մատնում են այն արգահատանքի մասին, որ տածում է նա տեղի ունեցողի հանդեպ։ Այսպես՝ ողջ ֆիլմի ընթացքում քչախոս հերոսուհին լուռ ճչում, բողոքն է հայտնում աբսուրդի ու անարդարության, շահի գերակայության հանդեպ. եթե Պեպոն տղամարդավարի երեսներին է շպրտում մտքինը, քույրը՝ Կեկելը, միտքը պահում է մտքում, եւ միայն մի անգամ է նրա բողոքի ու հեկեկանքի ձայնը լսվում, այն էլ՝ մոր մոտ, ում մխիթարանքի ու պաշտպանության կարիքն է զգում՝ որպես դուստր, երբ առավել վստահելի ու հարազատ միայն մայրն է մնում… Ամոթխած, երազկոտ, մտքերով հեռու ու մոտ սավառնող, թաքուն երջանկությամբ համակված օրիորդի այտը նշանադրության ժամանակ հանկարծ ու պարտադրված համբուրում է ինչ-որ մի Դարչո, որ թռչունի վրա արձակած նետի պես խոցում է հարսնացուի անաղարտ զգացմունքը. մի ակնթարթ, եւ պարզ է դառնում ամուսնությունն ընտանիքի բարեկեցությանը զոհաբերած հերոսուհու ներաշխարհի դառն ու տանջալի վիճակը, ինչը խնամքով թաքցնում է նա… Հետո հիշելու է նա այդ համբույրը՝ ի մեծ խայտառակություն իրեն, երբ պարզվելու է, որ «Դարչոն ուրիշին է առնում». այս կարճ արտահայտությունը դաշույնի պես խոցելու է մարմինը, ու նա «արյունաքամ» ծնկելու է գետնին… Այո, հոգու ցավը դառնալու է հենց մարմնի ցավ, ու վիրավորված, ասես արյունաքամվող որովայնը հազիվ գրկած, եկեղեցուց նետվելու է տուն՝ մոր գիրկը՝ Աստծուց առավել հավատարիմ արարածի գիրկը… «Խալխումը ինձ պաչ արավ, բաց թողեց, ամոթով արավ, վո՜ւյ մե, դեդա՜, խայտառակ էլա, լավ է, որ Քուռն ընկնեի»,- ցավում էր մարմնի վիրավորված արժանապատվությունը, եւ կապ չուներ, որ «խայտառակողը» խայտառակի մեկն է, իսկ գուցե դա առավել էր խորացնում «խայտառակությունը», երբ «ապրանք» առնողն էժան առեւտուր էր անում զգացմունքի վրա… Չտեսնված, անկրկնելի, արվեստորեն հղացված ու իրագործված չափազանց ազդեցիկ տեսարաններ, որ համր կինոյի եզակի էլեմենտները դերասանուհին հաջողությամբ փոխանցում է հնչյունայինին ու դարձնում հայտնություն…
Տատյանա Մախմուրյանի արտիստական բազայում արդեն կային գլուխգործոցներ, երբ նա 1936-1937 թթ. մեկնեց սովորելու «Մոսֆիլմին» կից դերասանական ստուդիայում։ Զարմանալիորեն նրա դերասանական կարիերան կարճ տեւեց. 1943 թվականին Մախմուրյանին կրկին հրավիրեց նրա տաղանդի երկրպագուն՝ Համո Բեկ-Նազարյանը՝ առաջարկելով Գայանեի դերը պատմական «Դավիթ-Բեկ» ֆիլմում։ 1982 թվականին դերասանուհին նկարահանվեց «Սիրամարգի ճիչը» ֆիլմում, իսկ «կարապի երգը» եղավ 1988 թվականին Էդմոնդ Քյոսայանի «Համբարձում» կինոնկարը («Մոսֆիլմ»), որտեղ կյանքի մայրամուտին հասած Տատյանա Մախմուրյանը ներկայացրեց հերոսուհու նույն տարիքի շրջանը՝ այնպիսի վարպետությամբ վերապրելով երբեմնի աքսորյալ Թագուհու կյանքը, ասես սեփական կյանքի ճանապարհը լիներ։ Մահամերձ, խոսելու ունակությունը կորցրած, վերջին շնչում, որ թվում է՝ ուր որ է մոմի պես կհանգչի, իր մահվան առջեւ հերթապահող հարազատներին ստիպում է երգել իր սիրած երգերը… Զգոնությունը պահպանած կինը հանկարծ հարություն է առնում, ոտքի կանգնում, հագնվում ու երիտասարդի պես նստում դիմավորելու ծննդյան 80-ամյակը երգուպարով… Այնուհետեւ կարելի էր եւ հրաժեշտ տալ կյանքին՝ բոլոր գործերն ամփոփած ու ավարտած… Եվ Տատյանա Մախմուրյանն էլ՝ շատ չանցած, հրաժեշտ տվեց կյանքին. նա վախճանվեց 1989 թվականի հուլիսի 10-ին՝ 79 տարեկանում՝ չհասցնելով իր հերոսուհու պես տոնել 80-ամյակը…
Էլեոնորա Ներսիսյան
hhpress.am