«Արվեստն ադամանդ է, ով որ աղքատ է, չի կարող ունենալ այն». Վ. Տերյանի նամակը` Նվարդ Թումանյանին
Մի նեղանար … որ այսքան ժամանակ չեմ գրում Ձեզ: Վատ օրեր էին, գլուխս խառն, գործերս ավելի ևս, տրամադրությունս ընկած – ապատյա և առօրեական հոգսերով լի օրեր — արժե՞ր գրել: Ահա այսօր էլ նստեցի գրելու և տեսնում եմ, որ ոչինչ լավ բան չի գրվելու, բայց այնքան երկարում է իմ ապատիկ տրամադրությունը, որ Դուք կարող եք այլ կերպ բացատրել իմ լռությունը, եթե նորից չգրեմ, մինչդեռ Ձեր նամակը, թեպետ կարճ, մի քիչ կարծեմ չոր, ինձ այնքան ուրախացրեց ու մխիթարեց: Այժմ քիչ-քիչ կարծես թե գործերս սկսում են կարգի գալ, բայց շատ եմ ուզում Կովկաս ընկնել ու անհնար է – դա ինձ տխրեցնում է: Սակայն մխիթարում եմ ինձ ինչ-որ գաղտնի հույսով, որ դա կհաջողվի:
Ինձ խնդրել են մի ռուս թերթի համար հայերենից իմ ընտրությամբ մի բան թարգմանել: Երկու շաբաթ գլուխ եմ կոտրում, չեմ կարողանում մի կարգին պատմվածք ճարել, որ շատ մեծ չլինի և լավ լինի (ասենք մեծերն էլ մի բան չե՜ն): Եթե ասեմ – ափսոս չե՞ն մեր պոետները, կկարծեք թե աչառու եմ դեպի պոետները, որովհետև ինքս էլ ոչ բարով պոետ եմ: Բայց դա ճիշտ է: Եթե ինձ խնդրեին մի շարք լավ ոտանավորներ ընտրել ու թարգմանել – ես համենայն դեպս կկարողանայի մի ամբողջ գիրք բան ընտրել … Եվ այդ ավելի պարզ երևում է, երբ սկսում ես թարգմանել – դա իսկույն աչքի է զարնում:
Դուք չկարծեք, թե ես բառացի թարգմանության մասին եմ ասում – ես հասկանում եմ, որ պետք է լավ թարգմանել, բայց ախր ի՞նչ լավ թարգմանես, երբ, օրինակ, վերցնում ես Ահարոնյանի «հռչակավոր» «Մայրեր»-ը, կարդում ես չորս երես, հետո երբ շարունակում ես, տեսնում ես, որ բոլորն ավելորդ է, անհետևողական, կեղծ, սուտ: Դա չի կարող չնկատել ռուս ընթերցողը, որին երես են տվել Չեխովի նման կարճ և ազդու գրողներ: Տալ մի թարգմանություն և զգալ, որ տպում են, որովհետև հայերիս բարիք են անում – վիրավորական չի՞ միթե մի մարդու համար, որն ինքն էլ ուզում է հայ գրող լինել, և, բացի այդ, գիտե, թե ինչու են այդ բոլոր գրվածքները թույլ ու վատ, բայց և գիտե, որ մի ռուս պարտական չէ այդ պատճառների քննության մեջ մտնելու, վերջապես պատճառները փաստերը չեն փոխում … Ա՜խ, արվեստն ադամանդ է, ով որ աղքատ է, չի կարող ունենալ այն: Միայն նրանք կարող են ունենալ այն, ով կարող է գին տալ ադամանդին, իսկ ով ուզում է մի մանեթով «ադամանդ» ձեռք բերել, նա կստանա Tet-ի կեղծ ադամանդները: Բայց ո՞ր հիմարը կգնե, կամ կընդունե այդ Tet-ի ադամանդները իսկականի տեղ: Վայ եկել ու մեզ տարել է. … ի՞նչ պիտի լինի, չգիտեմ: Մերոնք աչքերը տնկել են Տաճկահայաստանի վրա, թող ազատվի մեր երկիր — ո՞վ չի ուզում այդ, բայց մի՞թե իրավ երբ այդ լինի, հայը պիտի Թումանյանին ավելի գնահատե, քան Մանթաշովին և իրա համար ավելի մեծ պատիվ համարե առաջինի բարեկամությունը, քան վերջինինը: Երանի հավատացելոց: Ես այն կարծիքին եմ, որ մենք չափից դուրս մեծ նշանակություն ենք տալիս արտաքին ուժերին, նյութական հանգամանքներին և կարծում ենք, որ երբ մեր այսօրվա ինտիլիգենտը մինիստր դառնա – նա կսկսե հասկանալ այն, ինչ չի հասկանում, երբ վարժապետը է, առուտուրական, «ատվակատ», «բժիշկ», «հասարակական գործիչ», պրոֆեսոր և այլն, և այլն: Արվեստը, որ ամենից քնքույշ ու նուրբ ծաղիկն է` ինչպես պիտի ծաղկի այդ կոպիտ ու «մունդառ» խոտերի մեջ: Նույնն է և մտքի վերաբերմամբ…
Բայց ի՞նչ հիմարություն է իմ կողմից այսպիսի «հին նորույթներով» Ձեզ ձանձրացնելը և դառնացնելը: Մի՞թե ես չեմ գրում էլի «Ներբող (դիֆերամբ) Արարատին», և մի՞թե Դուք չգիտեք, թե ինչպես եմ սիրում ես իմ երկիրը, և ինչպես է ցավում իմ սիրտը: Այդ է ամենից վատը: Եվ կարծում եք իմ հոգու հեռավոր խորքերում չե՞մ հավատում ու բաղձում, որ լինի իմ երկրում մտքի ու հոգու մի այնպիսի փայլ, որ մեր շուրջը արջերն ու գայլերը շլանան ու քոռանան: Դարձյալ թափեցի Ձեր առջև իմ հոգու մաղձը և որքան էլ անիծեք ինձ, այս րոպեիս կարծես քիչ թեթևացա …
P.S. Մի խնդիրք, եթե դժվար չի լինի, գնացեք բժիշկ Զարգարյանի մոտ (կամ եթե նրա մոտ չէ, նա երևի կասե ուր է) և վերցրեք իմ թարգմանությունը Օսկար Ուայլդի «Սալոմե»-ի, որ անցյալ ձմեռ ղրկել էի նրանց (Հրատարակչական ընկերությանը) հրատարակելու: Երևի չեն հրատարակում (իմացեք այդ հաստատ ու որոշ) և եթե վերցնեք, կամ ուղարկեցեք, կամ պահեցեք, երբ Պաոլոն գա, կտաք նրան, որ ղրկե ինձ, պիտի դրստեմ ու մշակեմ: Չկարդաք հա՜, շատ բաներ եմ ուղղելու, և ոչ ոքին ցույց չտաք խնդրում եմ, լսո՞ւմ եք: Սիրելի Իվան Ֆադեյիչին և ձերոնց բոլորին ամենաջերմ բարևներս իմ և Սուսաննայի, վերջինը խնդրում է բարևել Ձեզ առանձնապես ևս:
Վահան
Հասցես` Петербургская сторона,
Большой проспект, дом, 20, ка. 6