Previous Story
ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ` ՆՈՒՅՆ ԻՆՔԸ ` ԼԵՎՈՆ ԺԱՄԿՈՉՅԱՆ…Արվեստագետը՝ նույն ինքը՝ Լևոն Ժամկոչյան …
Լևոն Ժամկոչյանի հետ իմ ծանոթությունը վիրտուալ հարթակում տեղի ունեցավ: Անկեղծ ասած, ես միշտ էլ մեծ հաճույքով եմ գրում այն արվեստագետների մասին, ովքեր արվեստում երկար ճանապարհ են անցել ու հարուստ փորձ ունեն. երբ հանդես են գալիս արվեստի տարբեր ժանրերում և ոճերում և երբ ասելիքը սեփական հույզերի և վարպետության կնիքն է կրում:
Նկարիչ, քանդակագործ, կավագործ, դիզայներ, արվեստի տեսաբան Լևոն Ժամկոչյանը ծնվել է 1946 թ. Բեյրութում: Ստացել է հիմնավոր կրթություն արվեստների բնօրրան Իտալիայում` 1964-66 թթ. սովորել է Վենետիկի Գեղեցիկ արվեստների Ակադեմիայում և ինստիտուտում, ինչպես նաև Միլանի Գեղեցիկ արվետի ակադեմիայում: Գերազանցությամբ ավարտելով վերոնշյալ արվեստի հաստատությունները, լիարժեքորեն դրսևորելով բնությունից ի վերուստ տրված տաղանդը` արվեստագետն իր առջև բացել է տվել աշխարհի հեղինակավոր թանգարանների դռները` հանդես գալով շուրջ 50 անհատական ցուցահանեսներով: Բացի այդ նաև հանդես է եկել գրաֆիկական նկարչությանը վերաբերող դասախոսություններով, տնօրինել է մի քանի մասնավոր ցուցասրահներ:
Եվ չնայած շռնդալից հաջողությանը, աշխարհի տարբեր երկրներում ցուցադրվելու հնարավորությանը, արվեստագետը հոգու խորքում Հայրենիք այցելելու, հայրենակիցների հետ արվեստի միջոցով հաղորդակցվելու երազանք է փայփայել` սեփական փորձով Հայրենիքին, հայրենի արվեստին օգտակար լինելու վեհ գաղափարներով է առաջնորդվել:
Առաջին անգամ Հայաստան է այցելել 1979 թ., Հայրենիքից ստացած հույզերն ու տպավորությունները միանգամից նա արվեստի հարթություն է տեղափոխել ու մի քանի նկարաշարերով հանդես եկել`«Ադամանդներ», «Արարատ և նախահայրեր»: 1989 թ. կրկին Հայրենիք է այցելել ` այս անգամ հանդես գալով ցուցահանդեսներով Երևանում, Էջմիածնում, Եղեգնաձորում և Ջերմուկում: Այդ ժամանակահատվածում արվեստագետի մոտ նոր գաղափարներ են ծնվում` սկզբում նա ներկայացել է գրաֆիկական արվեստի նորարարական մեթոդների մասին դասախոսություններով, այնուհետև նպատակադրվել է Գյումրիում Գրաֆիկայի միջազգային կենտրոն ստեղծել` իր պատկերասրահով և հյուրանոցով: Ժամկոչյանը գաղափարը կյանքի կոչելու համար իր սեփական միջոցներն է ներդրել, նվիրատվություն կազմակերպել, իր ստեղծագործական կյանքից մի քանի տարիներ տրամադրել, սակայն նրա բոլոր ջանքերը ապարդյուն են անցել: Ցավալի է, որ մեր պետությունը խոչընդոտել է նման նախագծի իրականացմանը` փաստորեն սեփական հոտած բնում նստելն ավելի գերադասելի է, քան անձնական միջոցներով հանդես եկող արվեստագետին աղետի գոտում նոր նախագծով աջակցելը…
Եվ չնայած այս ամենին` 2003 թ Լևոն Ժամկոչյանը կրկին անգամ այցելելով Հայրենիք` մեծածավալ նվիրատվություն է իրականացրել` Մշակույթի նախարարությանը, Ազգային պատկերասրահին , Հայաստանի մարզերի և Արցախի թանգարաններին նվիրելով շուրջ 200 աշխատանք:
10 տարի է, ինչ Լևոն Ժամկոչյանը Հայաստան չի այցելել ու , անկեղծ ասած, նման ցանկություն չունի: Նա 40 տարի է, ինչ ԱՄՆ-ում է բնակվում և ստեղծագործում, այդ երկրում նա իրեն ապահով և ամենակարևորը` գնահատված է զգում…
Անահիտ Կորյուն