ԱՐՈՒՍ ՍՈՒՐԵՆ. «Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, գրական իմ գործունեության 20 տարին է լրանում»
Բանաստեղծուհի Արուս Սուրենը (Արուսյակ Օհանյան) իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, գրական իմ գործունեության 20 տարին է լրանում, թեև գրել սկսել եմ դեռ մանկուց:«Երազիս թևերով» գիրքը թրթռուն ու պատանեկան, վախվորած, միամիտ հույզերից ծնված իմ առաջնեկն է՝ բանաստեղծություններիս առաջին ժողովածուն, որը լույս է տեսել 2003 թվականի այս օրը:Միշտ ասել եմ ու կասեմ, որ ինքս ինձ գրող չեմ համարում, որովհետև հայ ժամանակակից գրականություն իմ մուտքը նախագծված, կանխամտածված չի եղել: Իմ միտքն ու ձեռքը «շարժել է» տառապանքը, որն էլ օգնել է թրծվել ու դիմակայել անհաշվելի դժվարությունների միջով անցնելիս: Այս պատվավոր ճանապարհն անցել եմ հոգևոր ուսուցիչներիս հետ ու նրանց թողած գրականությամբ, որոնք ոչ միայն հայ և համաշխարհային դասական հեղինակներից են, այլ մերօրյա ժամանակակից հայ գրականությունը ներկայացնող տարեկից ու ավագ ընկերներս, գրքերիս հերոսները՝ իրական ու հորինովի, ինձ ոգեշնչող մեր տան ՇՈՒԲԵՐՏ շունը, արտում որոճացող կովն ու պապիս բահը:2013 թվականից սիրելի Silva Yuzbashyan հորդորով դարձա ՀԳՄ անդամ, երբ նախագահը երջանկահիշատակ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆՆ էր: Եթե շարունակեմ անուններ թվել՝ մեկը մյուսից կարևոր, բոլորիս հայտնի ու անհայտ, չեմ կարող սահմանափակվել: Գիտեմ, որ ամեն ինչին հասել եմ ինքնուրույն ու դժվարությամբ, չեմ զղջացել ոչինչի համար ու շարունակում եմ սիրել այն ամենը, ինչն Ի ՎԵՐՈՒՍՏ իմն է:Երազանքս մեկն է՝ տեսնել ՀԱՅՐԵՆԻՔՍ խաղաղ, ապահով, ծաղկուն ու ընդարձակ»: