Արմեն Մարտիրոսյան. «Արթնացեք, իբրև մարդկանց շուրթերին հնչող ամենօրյա շարական ՝ վերադարձնելու պապենական անցյալը»
Արմեն Մարտիրոսյան. «Տեսածն ու զգացածը տեղավորեց աչքերում, մի մասն էլ պահեց երակներում»
— Անծանոթ քաղաքում մենակ չես, Փալիկի գրիչ, — ասաց ինքնիրեն, — հեշտությամբ չես մոլորվի ու սայթաքի, չեն խաբի ու գայթակղի հազար ու մի սուտ խոստմամբ ու դիվահարությամբ: Մենակ չես, չէ, հարազատ զավակ կա թիկունքիդ:
Այդ ինքն ու ունենալիք որդին էին, քիչ առաջ ներս մտան Անիի պարսպի Ավագ դռնից, անցան բուն փողոցով, որն իրենով կիսում է քաղաքը: Վաղ առավոտ է, և դատարկ է շրջակայքը, փողոցը` սառը և ամայի: Եկեղեցիները փակել են կոպերը: Դեռ ժամանակը չի, թե չէ բացվելով՝ կթարթվեն դրանք, և քարե խիտ թարթիչների տակ կառկայծեն աչքերի մոմերը` մարդկանց աղոթքով շրջապատված: Իսկ իրենք գնում են … ու՞ր են գնում. կարևորը գնացող լինի, ճանապարհ միշտ կգտնվի: Նրանք դեմ առան Անիի տաճարներից մեկն օղակող պարսպին: Մուտքի դուռը փակ էր: Եվ որովհետև իրենք գնացող էին, կանգ չառան պարսպի առաջ, մագլցեցին ու հայտնվեցին բակում: Տաճարի վեհանիստ գեղեցկությունը չազդեց նրանց վրա: Չնկատեցին:
— Այստեղ, — ասաց Փալիկը որդուն,- թաղված են հայոց թագավորները,
նայիր,- նա ձեռքով ցույց տվեց գերեզմանոցը, — Աշոտ Ողորմածն է, կողքին կինն է` Կատերինիտե թագուհին… Սա Սմբատ Տիեզերակալն է, որ կառուցեց Անիի նոր պարիսպը նախկինից մի նետընկեց հեռու: Թշնամին չէր խոցի կրկնակի պարիսպներով գոտեպնդված քաղաքը, եթե թագավորների մահից հետո մարդիկ չմանրանային ավզահատիկների չափ:
— Նա այդ ամենն ասաց որդուն: Վերջինս կանգ առավ մի պահ, ճչաց
զարմանքից. ինքը մաքուր էր ու առանց մեղքի, ինչպես առավոտվա ցողաթաթաղ ժամերգություն: Մարդկային մանրանալու մասին ոչինչ չգիտեր. հորից ստացավ առաջին դառը դեղահաբերը: Դա մարդկանց երկրի հետ նրա ծանոթության սկիզբն էր, մկրտվեց առաջին անգամ:
-Արթնացեք,- բարձրագնա ասաց Փալիկը:
-Արթնացեք,- բարձրագնա կրկնեց որդին: — Արթնացեք, — շարունակեց Փալիկը,- աշխարհը ավեր և Անին ավեր, ձեր քաղաքը կոծանվում է մեղքի շատությունից: Արթնացեք, իբրև մարդկանց շուրթերին հնչող ամենօրյա շարական ՝ վերադարձնելու պապենական անցյալը: Թագավորի կարոտ ունենք արդեն հարյուր և ավելի տարիներ:
Թագավորի կարոտը նեղեց գրչին՝ թափառաշրջիկ դարձած օրից ի վեր նորից գիր ու մագաղաթի առաջ նստելու անդիմադրելի ցանկության նման:
Նրանց հուսակտուր կանչեցին ոչ ոք չարձագանքեց: Մեռած թագավորները շատ էին մեռած և ուժ չունեին շրջելու իրենց վրայի շիրմաքարը:
— Մեզ ոչ ոք չարձագանքեց, — հուսահատ ասաց որդին,-ես վերադառնում եմ իմ տունը՝ անգոյություն: Կբնակվեմ, մինչև լույս աշխարհ գալս: Կգամ երբ կանչես:
— Ոչ, — ասաց ապագա հայրը, — գործ ունենք, մնա:
Գերեզմանոցից դուրս եկան, Վերին փողոցով թեքվեցին աջ և մտան Առաքելոց նեղլիկ զուկակը: Ճանապարհը տանում էր Արհեստավորների թաղամաս:
— Գործ ունենք, կրկնեց հայրը, — և դու հարկավոր ես: Մենք անելու ենք այն, ինչ չկարողացան Բագրատունի թագավորները: Մեր հղացումը կիրագործենք ադամամութին, քանի մարդիկ չեն արթնացել քնից, և փողոցները դատարկ են ու ամայի, և մեղքը մարդկանց ոտնահետքերի հետ դեռ բույն չի դրել նրանց սրբված սալահատակին: Առանց մարդու այստեղ ամեն ինչ նույնն է, ինչ Բագրատունիների օրոք:
— Եթե բնակիչներ են ապականում Անին, ապա ի՞նչ կարող ենք անել մենք՝ նորեկներս: Ոչ թագավոր ենք, ոչ զինվոր, ոչ էլ զորք ու զորական կա մեր թիկունքին: Մերը, երևի , փողոցներն իզուր չափրփելն է:
— Ամեն տղամարդ իր տոհմի թագավորն է — ասաց Փալիկը, — ես նույնիսկ թագավոր եմ ՝ իմ զավակների, թոռների ու ծոռների թիկնապահ գունդն առաջնորդող: Ինձ թագ ու զորություն տվողը դու ես, զավակս:
— Վախենում եմ լքեմ քեզ աղոթարանի բացվելու հետ,- հառաչեց որդին,- քեզանից բացի, ինձ ոչ ոք չպետք է տեսնի: Ես ոչ մի մեղք չեմ գործել, նույնիսկ ծնվելու անգիտակից մեղքը:
— Հենց դրա համար էլ հարկավոր ես,- ասաց Փալիկը,- մինչև աղոթարան ժամանակ կա: Կհեռանանք, երբ առաջին մարդը հայտնվի քաղաքում: Անին իմն է մինչև արևածագ, և ես կտնօրինեմ նրա ճակատագիրը: