ԱՐԱՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք ծուռ հայելիների թագավորությունում, որտեղ բոլոր արժեքները գլխիվայր շուռ են տրված»
«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք արվեստաբան ԱՐԱՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:
— Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:
-Սերն արվեստի նկատմամբ ժառանգել եմ մորիցս՝ գրականագետ Անահիտ Հակոբյանից, ով հայ և արտասահմանյան գրականության մասնագետ է։ Պատմում են, որ վաղ տարիքում ամենասիրելի զբաղմունքս եղել է մայրիկիս արվեստի գրքերը թերթելը․․․Ու թեև ավարտել էի Գյումրու մանկավարժական ինստիտուտի պատմության բաժինը, ինչ-որ բան պակաս էր իմ կյանքում, ու ես որոշեցի ուսումս շարունակել՝ Երևանի գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանության բաժնում։ Այնուհետև աշխատել եմ ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում, իբրև դասախոս, ապա արվեստի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ։ Արվեստաբանի մասնագիտությունն ինձ հնարավորություն է ընձեռել զարգանալու, շատ բան իմանալու, անընդհատ կրթվելու ու կատարելագործվելու։
— Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:
-7 գրքերի, 65 հոդվածների հեղինակ եմ, ունեմ հեղինակային դասախոսությունների շարք։ 2001թ-ից հայ և համաշխարհային արվեստի պատմություն եմ դասավանդում ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում, 2015 թ․՝ ՇՊՀ-ում։ Իմ հետազոտությունների տիրույթում են նաև հայկական խորհրդանշաններն ու գյումրեցի նկարիչների ստեղծագործությունները։ Թող անհամեստ չհնչի, բայց նպաստել եմ Գյումրիում արվեստաբանության զարգացմանը։
— Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:
-Արվեստաբանությունը ունի հզոր գործիքակազմ՝ վիզուալացնելու հինն ու հեռավորը, անցյալն ու անգամ ապագան․․․ Արվեստաբանության միջոցով ես կրթում եմ, դաստիարակում ու փոխանցում հայկական կոդերը։ Կարծում եմ՝ արվեստաբանը մեծ առաքելություն ունի՝ բացահայտելու հայկական մշակութի արժեքներն ու հուշարձանները, ինչպես նաև ժամանակակից աշխարհում բարձրաձայնելու վանդալիզմի դեպքերի մասին։ Արվեստաբանը յուրօրինակ «փափուկ ուժի» կրող է, ինչպես ես եմ ասում՝ փաստաբան է արվեստի ու հանրության միջև, և եթե նա կարողանա իր գիտելիքներն ու կարողությունները ճիշտ կիրառել, շատ մեծ արդյունքների կհասնի։
— «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:
-Համաձայն եմ։ Կինը կրթում ու դաստիարակում է սերունդներ։ Նրա հեքիաթներով ու երգերով է կերտվում երեխայի ոգին։ Ցավոք, այսօր ոչ բոլոր հայ մայրերը ժամանակ ու հնարավորություն ունեն կրթելու իրենց զավակներին։ Կնոջ մեջ կա մի ուրիշ ուժ՝ նուրբ ու տոկուն միաժամանակ։ Ես կարծում եմ՝ ապագայում կնոջ դերը ավելի կարևորվելու ու տեսանելի է դառնալու։
— Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:
-Հայկական հնագույն քաղաքակրթության մասին այսօր, ցավոք, գրեթե չի խոսվում։ Մենք չկարողացանք մշակույթը դարձնել այնպիսի գործոն, ինչպիսին դա Հունաստանում է, ու խոսել մշակութային ազգի դիրքերից։ Ինչ վերաբերում է Եվրոպային, այն, ստեղծելով մեծ քաղաքակրթություն, չընդունեց հայկականն ու հիմա էլ կորցնում է հունականը։
— Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:
-Առաջ գնալու համար հարկավոր է հետ նայել, գտնել արմատները։ Պատահական չէ, որ մենք հնի մասին խոսելիս ասում ենք՝ Քրիստոսից առաջ։ Ես սովորեցնում եմ հայ արվեստի պատմությունը՝ փորձելով վերանայել մինչ այժմ եղած մեկնաբանությունները։ Ուշադրություն եմ դարձնում Քարահունջի, Պորտասարի, Արևմտյան Հայաստանի մոռացված հուշարձանների վրա։ Մյուս կողմից՝ հարկավոր է ճանաչել համաշխարհային արվեստը, մարդկության ստեղծած գոհարներն ու փորձել համընդհանուրի մեջ գտնել հայկականը։ Կարծում եմ՝ մոտենում են այն ժամանակները, երբ մենք ունենալու ենք վերանայված ու վերաիմաստավորված արվեստ ու պատմություն։
— Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործությունների կոնտեքստում:
-Հաճախ դիմում եմ արվեստի սիմվոլիկային։ Իրականությունում չկա մի թեմա, դեպք, կերպար, որ չունենա արվեստում իր նախատիպը (արքետիպը)։ Ես արվեստաբանությունը դիտարկում եմ պատկերագրությամբ՝ գտնելով վերժամանակյա կոդեր ու գաղափարներ։ Շատերին թվում է՝ այն ինչը տեղի է ունենում մեր օրերում, բացառիկ է ու աննախադեպ։ Սակայն նայենք Բոսխի, Բրեյգելի, Դյուրերի, Գոյայի աշխատանքներին՝ կտեսնենք և՛ «Գովք հիմարությանը», և՛ դավաճանության պարսավանքը, և՛աշխարհի վերջի սպասումը․․․
— Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:
-Ժամանակի անհանգիստ ոգին, որը խանգարում է կենտրոնանալ մասնագիտական հարցերի շուրջ։ Ազգային արժեհամակարգի շուրջ տեղի չունեցող միավորումը։
— Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է։
-Այն դեպքում, երբ մարդկությունն ապրում է «մեծ անցման ժամանակաշրջան», մենք տեսակի լինելիության կռիվ ենք տալիս։ Հայտնվել ենք ծուռ հայելիների թագավորությունում, որտեղ բոլոր արժեքները գլխիվայր շուռ են տրված։ Կարծում եմ՝ հայի առաքելությունը՝ հետ բերելն է կորսված արժեքները, բացահայտել ու մարդկանց Աստվածային կոդերին ծանոթացնելն է։ Միայն այդ դեպքում մենք կզբաղեցնենք Աստծո կողմից նախասահմանված մեր տեղն ու դերը (ես անհուսալի լավատես եմ)։
— Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:
— Արդար, ուժեղ, հոգևոր Հայաստան։
ՄԱԳԱՂԱԹՑԻ