ԱՐԱՐՉԱԿԱՆ ԱՐԱՐԱՏ
Մեզանում մի ձանձրալի, իսկության մեջ վիրավորական կարծրատիպ կա` մեր Մայր լեռն անվանում ենք բիբլիական Արարատ։ Շատերը դա անում են այնպիսի հպարտությամբ, ասես հայը մի նորելուկ ազգ է, որ պետք է մանկան նման հպարտանա Բիբլիայում հիշատակվելուց։
Ահա այս խոտոր մանկամտությունն է պատճառը, որ Վիքիպեդիան լցվում է տխմարություններով։ Ահավասիկ. «Արարատ անվանումը ծագել է Վանի թագավորության հին եբրայերեն անվանումից»։
Ամենևին ծիծաղելի չէ…
Բիբլիան գոյություն ունի շատ-շատ 2700 տարի, Արարատը երեքուկես միլիոն տարեկան է (Սիսը` 150.000 տարեկան)։ Հնագիտական ու գենետիկական հետազոտությունները հաստատում են, որ Արարատի ստորոտին հայն ապրում է առնվազն 50 հազար տարի։
Ենթադրենք զարգացած հայերենն էլ 8000 տարեկան է, ուրեմն լեռը նրանք Արարատ կոչած կլինեն ճիշտ այդքան տարի առաջ։
«Բիբլիական» ածականի սիրահարների համար անհեթեթ վիճակ. ուրեմն առնվազն 5000 տարի հայերն սպասում էին, որպեսզի ոմանք գան ու իրենց մայր լեռանն անուն տան։
Լեզվաբան Լեյլա Ստեփանյանն ապացուցում է Պոլինեզիական կղզեխմբի լեզուների, հատկապես Զատկի կղզու ռապանաուերենի և հայերենի զարմանահրաշ ընդհանրությունները, որոնցից է այդ տարածքի լեռներից մեկի անունը` Rano Raraku։ Հայագետը լեզվական օրինաչափություններով ապացուցում է, որ բնիկների լեզվում k-ն դառնում է t, բառասկզբում ավելանում է a։ Ահաև` լեռ Արարատ։
Այս ժողովուրդների և հայերի նույնարմատ էությունը բացահայտ է։ Եվ ամենակարևորը` ռապանաուերենի տարիքը 40 հազարից 50 հազար է։ Իրենց արիկի` արիացիներ կոչողները Հայկական լեռնաշխարհից Խաղաղ օվկիանոս են տարել հարազատ Արարատ անունը։
Դա պատահել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում` Հայկական լեռնաշխարհից սկիզբ առած մեծ արտագաղթի ժամանակ։
Հայն իր մայր լեռնաստանում իր մայր լեռանը տվել է ամենաստեղծ արարիչ աստծո` Արի անունը։ Քանի որ լեռը երկգագաթ է՝ այն կոչել է երկու Ար-ով՝ Արարատ։ Այսինքն Արարատին համապատասխանում է միայն ու միայն ԱՐԱՐՉԱԿԱՆ հպարտ անունը։
Քաղաքակրթական արդի նվաճումները մեր լեռան վերաբերյալ նորանուր գաղտնիքներ են վերծանում, որ Արարատը տիեզերքի ընդունիչն է, հանգուցակետն է, պորտն է… Դեռ շատ բացահայտումներ են լինելու։
Բայցևայնպես հնագույնը, միաժամանակ նորագույնը Արարատի արարչական նշանակությունն է հայերիս և ամբողջ մարդկության համար։ Այդ նշանակությունը սոսկ Նոյի տապանին վերագրելը ոչ միայն սխալ է, այլև հակագիտական է։
Պետք է վստահել հայի սրբասուրբ հիշողությանը և հավատալ անաչառ գիտությանը։ Երկուսը միասին, բայց ոչ երբեք` մնալ մանկամտության ստորոտին ու քաղցած մուրացկանի նման սպասել սրա-նրա ողորմածությանը։
Անթույլատրելի է մի ազգի համար, ում ի վերուստ շնորհված է ԱՐԱՐԱՏՅԱՆ-ԱՐԱՐՉԱԿԱՆ պատվանունը։
ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ