Առաջին ծիրանենին
«Վերջերս միտքս կլանված է Հայաստանի ծիրանների բուրմունքով, որ թեև աշխատանոցիս մեջ չկան, բայց ես հոտոտում եմ իմ ուղեղով այնքան վստահ, որքան երբ մագլցում էի մեր այգու ծառերը։ Հիմա նրանք ծփում են գործերիս մեջ, որպես նուրբ գեղեցկության համեստ ծնողներ։ Նրանք հորիզոնի վրա լռությամբ պարող, մայր մտնող բազմաթիվ արևներ են և բացվող թերթերը ծաղիկների, որոնք պարում են տաք տերևների վրա, բնության մեծ հանդեսին նրա լուռ հիացմունքի ներքո… Ծիրանների բուրմունքը մեր դաշտերի… Ես հաճախ եմ նկարում մեր պարտեզները և վերստեղծում նրանց կանաչությունն ու կյանքը, կարո՞ղ է, արդյոք, մեկը մոռանալ այն հողը, որից ծագել է… Իմ գործերում ես ուղղակի ձգտում եմ արթնացնել մեր ժողովրդի բանահյուսությունը, մեր հայրենիքի ֆիզիկական գեղեցկությունը… Լինում են ժամանակներ, որ մտքումս միայն հայրենիքն է։ Կարո՞ղ են Ռուսաստանի և Չինաստանի լայնարձակությունները հասնել Արարատի հզոր գագաթին։ Արարատի ներկայությամբ կարելի է լսել չորոտացող որոտի ձայնը, զգալ երկրի շարժումը, երբ երկրաշարժ չկա։ Արարատը մեր բնության ուղեղն է։ Հայի հոգին նրա գագաթին է, և մենք պետք է հասկանանք այս, որպեսզի ձեռք բերենք հայ ծնված լինելու իրավունքը»։
Ոստանիկ Ադոյան՝ Արշիլ Գորկի
Զրույցն ասում է։ Մեծ ջրհեղեղից հետո, երբ ցամաքն սկսեց ուրվագծվել Մասիսի կատարից, Նոյը տապանի այս ունջը նայեց, այն ունջը նայեց, չգտավ հետը վերցրած ծիրանի կորիզը։ Տապանի ճեղքից էր ընկել թե ինչպես, ծիրանի կորիզը մնաց Մասիսի վրա, ծիլ տվեց և արմատակալելով դարձակ ծիրանենի։ Այդ ժամանակ Նոյն արդեն իջնում էր լեռան լանջերով և հազվադեպ էր ետ նայում։ Ուշադրություն գրավելու համար ծիրանենին ծաղկեց դեռ չտերևակալած։ Նոյը նկատեց, բայց ետ չդարձավ։
— Այս մեկն էլ թող լեռան կատարը ծաղկեցնի,— ասաց նա ու շարունակեց ճանապարհը։
Եվ քանի որ Մասիսի կատարն ավելի մոտ է Արևին, ծիրանի պտուղն արևի ճաճանչի, ոսկու փայլ առավ։
Այդ ժամանակվանից մինչև Հայկ Նահապետի հայր Թորգոմը Մասիսի վրա ձյուն չէր նստում։ Լեռան կատարին խշշացող աշխարհի միակ ծիրանուտից բուրումնավետ զեփյուռ էր փչում լանջերն ի վար։ Թորգոմազունները գոհունակությամբ էին վայելում շքեղաշուք ծիրանը։
Բայց մի անգամ հայոց ծառերի նահապետ սոսին Թորգոմի ականջին փսփսաց.
— Շուտով Մասիսի վրա ձյուն կնստի։
— Ձյո՞ւն, դա ի՞նչ բան է։
— Ձյունը սպիտակ փաթիլներ դարձած անձրև է, որ ցրտեցնում է չորս դին։
— Ինչ անեմ, թող գա էլ, գնա էլ։
— Չէ, անձրևի նման չէ, որ գա ու գնա, ձյունը կարող է ամիսներով նստել իր իջած տեղը։ Քանի ուշ չէ՝ փրկիր քո ծիրանի այգին։
Թորգոմն սկսեց ծիրանի կորիզներ տնկել Արարատյան դաշտում և Թորգոմատան մյուս կողմերում։ Եվ մինչ լեռան վրայի ծիրանենիները կցրտահարվեին, թորգոմազուններր քառասուն ծիրաննոց էին գցել Մասիսի շուրջբոլորը։
Այնուհետև ծիրանենիներն այստեղ այնքան շատացան, որ Հայոց աշխարհն անվանեցին Ծիրանի երկիր կամ Ծիրանի ծառ։
Բռնակալ Բելը, ասպատակելով մեր աշխարհը, հրամայել էր, որ իր զինվորները ճղակոտոր անեն հայոց ծիրանենիները, որն այդ հեռավոր ժամանակներում մեծագույն անարգանք էր համարվում հայոց հասցեին։ Եվ երբ Աղեղնավոր Հայկը հաղթում է Բելին, հայկազուններն իրենց նահապետի ուսերին գցում են ծիրանափառ մի պատմուճան ու ասում.
— Եվ թող այս հողի վրա միայն մեր ձայնը լսվի և հավերժական խշշան մեր ծիրանենիները։
Հետո ծիրանագույն–ծիրանին դարձավ հայոց արքունական հանդերձը։ Նույնիսկ օտարներն իրենց երազներում երկյուղում էին մեր ծիրանուց։ Դա հավաստում է Քերթողահայր Մովսես Խորենացին, հայտնելով, որ Մարաց Աժդահակ թագավորը երազում ընկել էր Հայկազանց երկիրը, ուր Արարատ լեռան վրա կանգնած ծիրանազգեստ մի կին էր երևում։
Հայ թագուհիներն էլ էին ծիրանավոր։ Եվ միայն։ Մնացածներին ծիրանի պատմուճան հագնել չէր ներվում։
Բայց ինչպե՞ս պատահեց, որ հայկական ծիրանն սկսեց հայտնվել աշխարհի այս ու այն կողմում։ Հայոց Տիգրան Մեծ թագավորի գահակալության ժամանակ հռոմեական զորավար Լուկուլլոսն իր բանակով Հայաստան էր խուժել և ուզում էր նվաճել երկիրը։ Մեր թվականությունից առաջ 68 թվականին տեղի ունեցավ Արածանիի նշանավոր ճակատամարտը, որտեղ հայերը Տիգրան Ծիրանակիրի գլխավորությամբ ջարդեցին Լուկուլլոսին ու նրա լեգեոնականներին։ Բայց հռոմեացիները ձեռնունայն չհեռացան Հայաստանից։ Լուկուլլոսի հրամանով նահանջող լեգեոնականները որպես ավար, իրենց գրպանները լցրին ծիրանի կորիզներով և հետները հասցրին Հռոմ։ Շատ չանցած Հռոմում ու նրա շրջակայքում մի քանի ծիրանուտներ կանաչեցին։ Այստեղից էլ ծիրանը տարածվեց մոտ ու հեռավոր երկրները, 18-րդ դարում էլ հասավ Ամերիկա։
Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ»