Ապրիլն ապրելո՛ւ ամիս է
Ես շատ եմ սիրում գարունը, սիրում եմ մայիսը՝ հայոց հաղթանակների ամիսը, սիրում եմ վարդը մայիսյան և անձրևները՝ արևաշող ծիածան կապող: Սիրում եմ ապրիլը, որի գարնանաբույր շնչի հետ ինձ միշտ թախիծն է նաև պարուրել:
Ապրի՜լ… Խորհուրդների խորհրդավո՛ր ամիս…
Այս ամիսն ինձ միշտ պատկերանում է վայրի կակաչների տեսքով, հանճարների ծնունդով,եղերական տարեթվի միլիոնավոր մահերով, դերզորյան մարդակուլ անապատի խորշակահար ոսկորներով, Եփրատի վարարած արնագույն ջրերով, օգնություն ու գութ պաղատող հայ մամիկների ողբացող ձայներով, սովից ուշաթափվող և ծաղկի պես կոտրվող հայ մանուկների մարող աչիկներով, պատվարժան հայուհիների ինքնասպանություններով, ավերված շեներով, քաղաքներով, գլխատված ու սրախողխող արված հայ մտավորականների սահմռկեցուցիչ տեսարաններով, Կոմիտասյան մորմոքով…
<<Գարուն ա, ձո՜ւն ա արել…>>:
Եթե մի պահ գերբնական ուժով կարողանանք մեր ուղեղից հանել, ջնջել Ցեղասպանություն, Եղեռն, 1915 թվական բառերն ու դրանց հետ կապված փաստագրական լուսանկարները, ականատեսների ու Եղեռնը վերապրածների հուշերն ու պատմությունները, ապա աշխարհը դրախտ կթվա, կյանքը` միայն ու միայն վայելք, պարգև:
Սակայն մենք երբեք չէինք կամենա ապրել մանկուրտի կարգավիճակով,եթե անգամ մեզ զրկեին արևի լույսից, քանզի ապրել լույսի մեջ,տեսնել արևը, բնությունը, բայց չզգալ ոչինչ,հավասարազոր է անգոյության: Անբանականությունը հավասարազոր է անկյանք անապատի: Մեր ուղեղը անապատի վերածել չի հաջողվել ու չի հաջողվի ոչ մեկին. հայի ենթագիտակցության խորին ու տարողունակ ծալքերում ժառանգաբար ամրագրվել է <<եղեռն>> բառը, որը ծանր մշուշի պես նստել է հայոց հոգում և խանգարում է ազատ շնչել, ապրել առանց մղձավանջի , առանց` երբեք չմարող կարոտախտի…
Ասել է թե` հայը հիվանդ է անբուժելի հիվանդությամբ, որը կարելի է սոսկ մեղմացնել, իսկ ո՞վ է ամենազոր բժիշկը` ժամանա՞կը, հզոր գերտերություննե՞րը, դարավոր թշնամի՞ն, ով դեռ շարունակում է ավերել ու պղծել մեր պապերի հողի վրա մնացած սրբության պատառիկները` եկեղեցիներն ու գերեզմանները…Ու ինչպես չգոչել՝ <<Այստեղով թուրքե՛ր են անցել…>>
Հային ի վերո՛ւստ տրված է ապրելու, ստեղծելու, կառուցելու շնորհը, իսկ քոչվորներին` թալանելու ուրիշի ստեղծածը, վիշապի պես խժռելու, կուլ տալու ուրիշի աշխատանքը… Եվ չկա Վահագն Վիշապաքաղը, որ հաղթի հրեշին, չկա Սասունցի Դավիթը, որ սանձի ու բարիացնի անգամ վայրի գազաններին, չկա մի Արա Գեղեցիկ, որ <<չդավաճանի իր Նուարդին>>. չկա՞… պատասխան չկա՛…
….Ապրիլն ապրելու ամիս է, ապրիլը Որդու հայտնության ամիսն է, հարության ամիսն է, հառնող ծաղկումի ու պտղավորման ամիսն է: Ամեն տարի ապրիլի 24-ին բացվում են երկնքի դռները, գիշերային պատարագն է երգվում այդ գիշեր. նոր Զոհրապներ, Վարուժաններ, Սիամանթոներ և բազում լաճ մանչեր ու խորոտ աղջիկներ են ծնվում այդ գիշեր, Լուսավորչի կանթե՛ղն է կախվում երկնքից, ու մանանա է կաթում Հայոց հողին… Աստված օրհնում է նոր ծնունդներն ու պահում, պահպանում հողը Հայոց:
…Ապրիլն ապրելու ամիս է ու պիտի ապրե՛նք, ապրիլը հիշելու ամիս է ու պիտի՛ հիշենք, ապրիլը խնկարկելու ամիս է ու պիտի խնկարկենք, ապրիլը հիշատակների ամիս է ու պիտի հիշենք… Հիշենք, որ ապրենք, հիշենք, որ զորանանք, հիշենք, որ չկրկնվի ոճիրը դաժան, հիշենք, որ հիշեցնենք, հիշենք, որ հիշվենք…
Ապրիլն ապրելո՛ւ ամիս է…
Ապրե՛նք…
Կարինե Ավագյան