Արմեն Մարտիրոսյան. «Աչքերում տեղադրեց ամբողջ քաղաքը»
Նա կանգ առավ երկհարկանի, երկար մի շինության առջև:
Արտաքին տեսք ու ձևավորումից և փայտյա դռան ճեղքից փչող առանձնահատուկ հոտից որոշեց` գրչատուն է` հար և նման երկրի տարբեր կողմերում սփռված նմանատեսակ շինվածքներին:
— Տեղ հասանք, — ասաց նա, — ահա իմ ապրանքը: Այստեղ ես, իսկապես որ,
թագավոր եմ և կբնակեցնեմ իմ քաղաքը՝ խստորեն և անսխալ ընտրելով բոլոր նրանց, ովքեր իրավունք ունեն անեցի լինելու: Շլացած իրենց ուժից, փառքից ու հարստությունից, հենց դա թերացան Բագրատունի թագավորները:
— Եվ զավակների, թոռների ու ծոռների զրահակուռ թիկունք ունենենալով, և աչքերում տեղադրելով ամբողջ քաղաքը՝ իր ցանկությամբ բացված գրչատնից նա հրամաններ հղեց աջ ու ահյակ, քուրդ ու պարսիկից: Ապա դարձավ և հայերից նույնպես դատարկեց Անին: Եվ որովհետև մինչև արևածագ իր քաղաքն էր, նա այդ արավ առանց մեծ դժվարության, արքայական հրովարտակով, որ տեղնուտեղը մարգարտահատիկ ձեռագրով գրեց մագաղաթի վրա:
— Անին գեղեցիկ է, — ասաց Փալիկը որդուն,- երբ բնակվում է անցյալում: Ես մոտեցրի անցյալը՝ հեռացնելով ներկայի բնակիչների: Դու իմ ավագ որդին ես, և դատարկված, մեղք ու մեղսագործությունից մաքրված քաղաքը քեզ է պատկանում: Բնակեցրու նրան ապագայում, առանց Շեհդադյանների ու Շահի-արմենների, առանց թուրք- սելջուկի, հույն ու պարսիկի: Դու նրան բնակեցրու հայերով, այն էլ՝ խիստ ընտրությամբ: Ամեն մեկի առաջ մի բացիր Անիի դարպասը: Բագրատունիների սխալը չպետք է կրկնվի իմ ժառանգների թագավորությունում: Արքայի հրաման էր՝ ուղղված զավակին, թոռներին ու ծոռներին և նրանցից հետո ունենալիք ամեն շառավիղի: Այժմ զավակին նայում էր, ինչպես թագավորի, գլխին թագ արքայական, ճակատին իմաստության կնճիռ, ձեռքին Անիի բանալին, դեմքն առավոտվա կապույտ մաքրությամբ լվացված ու հարդարված: Այնպես, ինչպես Արիստակես Լաստիվերտցին նկարագրել էր Գագիկ Բագրատունուն: Փալիկ գրիչը ժամանակին արտագրել էր Լաստիվերտցու պատմությունը և բերանացի գիտեր այդ հատվածը: Որդու տեսքն ու հագուստը, կտակված Անին և ոսկյա բանալու փայլը ստիպեցին սովորածն աղոթքի նման նորից արտաբերել: «Իսկ Գագիկ թագավորն, — ասաց նա մտքում նույն կարգ ու շարադասությամբ, որով գրված էր մատյանը, — առավոտները, երբ դուրս էր գալիս քաղաքից, իր առագաստից դուրս եկող փեսայի էր նման կամ ինչպես ցերեկվա արուսյակը, որ արարածների գլխավերևը բարձրանալով՝ ամեն աչք դեպի իրեն քաշում, այդպես էլ նա քայլում էր իր պսպղուն շորերով և մարգարիտներով ծածկված թագով, ոսկեզօծ զարդերով զարդարված, գնում էր նրա առջևից, արեգակի ճառագայթներից փայլփլում էր նա և տեսնողների աչքն էր շլացնում: Իսկ առջևից գնացող զորքի բազմությունը միմյանց վրա կուտակվող ալիքների նմանություն էր տալիս:
-Թագավորս,- շարունակեց բարձրաձայն, երբ վերջացրեց աղոթելը,- տղամարդու պես տնօրինիր այս քաղաքը, և կտակելու բան կունենաս քո ժառանգներին:
— Թագը չեմ ընդունի, — ասաց որդին , — այն քոնն է, քանի դու կաս: Չեմ ուզում ժամանակից շուտ հրաժեշտ տալ քեզ:
— Դու կանես այն, ինչ գրված է, — ասաց հայրը , — դու պարտավոր ես դա անելու: Իմը, նույնպես ճակատագիր, Շեհդադյանների այս խառնիփնթոր քաղաքն է, այս դարձդարձիկ աշխարհը և մանրացած մարդիկ: Իմ կորուստը ներկայի ապականված դաշտում է, և ես գնում եմ կորցրածիս ետևից: Դու չես ծնվել, դրա համար էլ բախտավոր ես, և մաքուր ու սպիտակ է քեզ կտակված քաղաքը: Աղոթարանը մոտեցնում է հեռանալուդ ժամանակ: Նայիր, սպիտակամազ նժույգն սպասում է իր թագավորին: Մի խորշիր նրանից : Քո բեռը ծանր է, և ծանրությունը միայն արքայական նյույգը կտանի: Ճերմակամազ մի նժույգ դոպում էր գրչատան բակում: Սառն ու խաղաղ էր հոր և որդու հրայեշտի վարկյանը, ինչպես սառն ու խաղաղ էր նրանց հանդիպումը:
-Ապագայի նյուգը տարավ թագավորին ,- ասաց հայրը, — թող օրհնվի նրանց վերադարձը: Հեռանալիս նժույգը հուր էր թափում ռունգերից, ոտնահետքերում հասունանում էին մարգարիտներ : «Հաջողության նշան է»- մտածեց Փալիկը: Նա մարգարիտները հավաքեց աչքերով, գիլ — գլոր մարգարիտներ, որոնք իսկույն ծաղկեցին ակնախոռոչներում՝ արցունքի վերածվելու աստիճան: