Աշոտ Ալեքսանյան. ՄՆԱՑՈՐԴԱՑ ԳՐՔԻՑ
Այսօր հայ ոգին ոչ թե սովորականի պես մաքառում է իմացության մշտանորոգ մարգագետնում, այլ դարձյալ ու վերստին մակաղում է փշատատասկահեղց, անջրդի անապատում: Թվում է` խիստ է ասված, չափազանցություն է: Սակայն ի՞նչ անուն տաս անհոգ ինքնագոհության թմբիրին անձնատուր այն մատաղացու գառնուկին, որ թռչկոտում է ամառային կիզիչ տապի ջերմահալոցում, չմտածելով, որ հաջորդ պահին որոճալու խոտ չի գտնելու` ածխափոշու խանձամրուրից բացի:Հոգեւոր մշակույթն այսօր արհամարհված ու անտեսված է հայ հասարակության կողմից, դուրս է մղված նրա սպառողական զամբյուղից, կարոտ մնալով նվազագույն աշխատավարձի երկրաչափական աճի ու միջին խավի ձեւավորման այն տեսլական հորիզոնին, որին շարունակ մոտենում ես, սակայն ինքը` հորիզոնն այդ մնում է նույն անտարբեր հեռահարության վրա: Կարճ ասած` մշակույթն այսօր այլեւս հոգեւոր պահանջմունք չէ, քանի որ չկա նրա սպառմանը սպասարկու հոգին, ասել է, թե` նյութի կապանքներից ազատագրված մարդը: Հայ մարդն այսօր ապրում է հարստության կուտակման աննախադեպ տենդի ու երկրային գետնաքարշ գոյության ինքնապահովման զուգաշխարհում, ընդսմին` առաջինը հանդես է գալիս որպես երկրորդին հիմնովին գերազանցող մի ուժ` երկուսի միջեւ նետված հոգեմտավոր համահաղորդակցման կամուրջներն իսպառսպուռ ու անվերադարձ խորտակելու սպառնալիքով:Հոգեւոր աղքատության տիրապետության պայմաններում այնպիսի զտագույն վերացարկումներ, ինչպիսիք, ասենք, բյուջեի կազմավորումն է կամ համընդհանուր ընտրությունների կազմակերպումը, դառնում են առաջնահերթ կարեւորության մշակութային ակտ` հոգին գրպանի պարունակությամբ փոխարինելուն համեմատելի գործողություն:Մթնոլորտային թշնամության անձնապաստան խրամատներում դիրքավորված հայ մարդու` որպես պետության քաղաքացու, ինքնուրույնության կորստի և հարստանալու մոլուցքին ի տրիտուր` գլուխ բարձրացրած ղեկավարելու պահանջախտի պայմաններում, մարդուս պաշարած մտացրիվ կրավորականության ու թափառիկ բռնկումների, ամբողջականության կազմալուծման ու անորոշ ազդակներից մղված հավակնությունների ծիրում հոգևոր մշակույթն այսօր հարկ է որ լիներ այն միակ համերաշխիքը, որ փրկօղակի դեր կխաղար հասարակական հավակնությունների կարոտախտից ձերբազատվելու և համաշխարհայնացման թոհուբոհում ինքնահաստատվել ձգտող, մեզ բոլորիս շուրջառած, իր անորոշության մեջ նկուն ոգորումներին, թոթափել կտար փողի ոգեղինացված կայսրության բռնադատիչ կապանքները, հոգեպարար սիրո ու ճշմարիտ հայրենասիրության հանգրվան տրամադրելով հասարակապետական կյանքի կազմակերպմանն հետամուտ մի վերջին հնարավորության առաջ կանգնած մտքի օնանկանությամբ տառապող հայության «մնացորդաց» փշրանքներին: