Աշոտ Ալեքսանյան. ՃՇՄԱՐԻՏ, ՃՇՄԱՐԻՏ ԵՄ ԱՍՈՒՄ…
Տիեզերքի խուփ խառնարանում աչքը բացած՝
Ճշմարտության դուռն ենք թակում քուն, թե արթուն,
Հարց ենք տալիս ու պատասխան չկա դարձյալ՝
Ովքեր ենք մենք, ինչ ենք շինում այս մթարքում:
Հարց ենք տալիս ու արձագանքն անհոդաբաշխ
ցնցում է մեզ անկեղծությամբ իր չարագույժ:
Բայց երբ մենակ ենք, ինքնամփոփ ու ինքնաբավ,
Հնչում է ձայնը Բացարձակ Ճշմարտության.
Արարչությունը անընդհատ է, ամեն պահ,
Կյանքը սակայն՝ ժամանցավայր կարճմտության:
Արարչությունը անընդհատ է, ամեն պահ,
Կյանքը մարդուս՝ ունայնություն ունայնության:
Ինչ էլ դնենք անունը մեր որոնածի՝
Ճշմարտություն, Խորհուրդ Խորին կամ Տեր Աստված,
Մեկ է՝ մենք միշտ դեմ ենք առնում մարդ կոչվածի
Առեղծվածին՝ վաղուց անտի գաղտնազերծված:
Մեկ է՝ մենք միշտ տուրք ենք տալիս մեծ օրհասի
Մայր վարկածին՝ այժմ և միշտ և հանապազ:
Ճշմարտության մշտանորոգ փնտրտուքում
Մենք մեզ գտնում ենք ու կորցնում ամեն վայրկյան,
Խավարից լույս, լույսից խավար այս անցուղում
Տնկված ենք, կանք՝ որպես մասունք արարչական:
Խավարից լույս, լույսից խավար այս փակուղում
Տպված ենք, կանք՝ որպես խաբկանք հավերժական:
Տիեզերքի մութ ձեղնահարկում կյանքն ավանդած՝
Ճշմարտության ձայնն է հնչում խուլ ականջում.
— Այդտեղ ցածում ա՛յս էր միայն ձեզ վիճակված՝
Դառը դատել, դատարկ նստել՝ տխուր-տրտում,
Աստնվորիս բախտն էր դժխեմ ու դժնահաճ՝
Ապրել դժվար, մեռնել դժկամ՝ ահը սրտում: