«Աշնան մշուշում». Կարեն Առաքելյանի բանաստեղծություններից
Արձակագիր, բանաստեղծ և լրագրող Կարեն Առաքելյանը հանրապետական մամուլում տպագրվել է 13 տարեկանից: Հայաստանի և ՌԴ լրագրողների միության անդամ է:
Աշխատել է «Գրական թերթ»-ում, «Գարուն» ամսագրում և «Խորհրդային Հայաստան» թերթում, որպես Լոռու և Շիրակի տարածաշրջանների սեփական թղթակից:
Առանձին պատմվածքներով և բանաստեղծական շարքերով հանդես է եկել հանրապետական և արտասահմանյան մշակութային հանդեսներում, լրագրերում. («Գարուն», Լիտերատուրնայա Արմենիա», «Համայնապատկեր», «Գրական թերթ» և այլն):
Թարգմանվել ու տպագրվել է ռուսերեն և անգլերեն լեզուներով:
2011 թ. լույս է տեսել նրա «Սիրո վարդեր» բանաստեղծությունների ժողովածուն:
2013 թվականին` «Ճակատագրի դուստրը» վեպը:
Թանկ ավելի …
Աշո՛ւն, շուքով դու եկար,
Տրտմաթախիծ ու քնքուշ,
Ոսկեհանդերձ, ոսկեկար,
Որպես պայծառ, քաղցր հուշ:
Վաղանց գարնան իմ խաբկանք,
Բարեհարդա՜ր, նախշազա՜րդ,
Մի կին կար ու մի այլ կյանք,
Մի քմահաճ հոգեվարդ…
Ի՞նչ է անում տեսնես նա,
Մտքով ու՞մ մոտ է թևում,
Սրտակերն իմ ակամա –
Թախծաշղարշ քո հեռվում:
Ժպտա նրան հուշաբույր,
Թող որ հանկարծ չթախծի,
Սիրատոչոր մի համբույր
Տաք շուրթերին թևածի:
Քնքշանվաղ քո թևին,
Նա կհիշի անմոռաց՝
Գարուն կապած եթերի
Գիշերները սիրաբաղձ…
Չորս գիշերներ սիրով լի,
Մարմնահոս օշարակ,
Մենաթրթիռ եդեմի
Խորքը փնտրող աղբյուրակ…
Մարմնագալար հրայրքի
Լեզվախաղով վեր ու վար,
Խոնջանքներով մեղսանքի՝
Կինն այդ հրա՜շք, խելագա՜ր…
Մերկության ու մենության
Վայելումը վայելքի,
Համբույրները խենթության՝
Վերելքի ու վայրէջքի:
Խե՞լքս մաղվեց ալրի տեղ,
Թե՞ բան մնաց անկատար.
Կրակ դարձավ նա անթեղ,
Ես՝ մոլարբու սիրահար…
Աշու՛ն, գարնան իմ պատրանք,
Տրտմաթախիծ ու քնքուշ,
Մեր այս կյանքում, ո՞րն է թանկ.
Սե՞րն առաջին քաղցրահուշ –
Թե՞ վերջին ու մեղսալի
Հասուն սերը տիրական.
Միտք եմ անում ու էլի
Ու չեմ գտնում պատասխան…
Աշո՛ւն, շուքով դու եկար,
Տրտմաթախիծ ու քնքուշ,
Ոսկեհանդերձ, ոսկեկար,
Որպես պայծառ, քաղցր հուշ:
Մի այլ աշուն …
Տարականոն ձևվածքի մեջ իրերի,
Այս աշունը կոտրած ճյուղ է բալենու.
Երբ տղմոտ է խորքը վճիտ ջրերի –
Աչքն արցունքին անհաղորդ է մնալու:
Ու ծմրում է սիրտը ցավի կսկիծում,
Տափաստանի գայլի նման անընտել.
Ձևվածքի մեջ ինքդ քեզ ես կասկածում –
Թե չկար էլ… հարկավոր էր հորինել…
Ամեն կրակ կմոխրանա
Ու էլի,
Վարդն իր փուշը ու բուրմունքը կունենա.
Եվ առավոտ, և երեկո կլինի –
Վերքի բացը ցավ քաշողը կիմանա:
Այլոց հանար,
Մի այլանուն վարկածում,
Տարականոն ձևվածքի մեջ իրերի.
Նույն չափերի ամենակուլ հատվածում –
Մի այլ Աշուն և Պատմություն կլինի:
Աշնան մշուշում
Շուշանաշղարշ շեղաշող հուշ ես,
Մշուշե շարով, մշուշե շրշյուն.
Իրիկնաշաղի աշնան մշուշում,
Շուշանաշղարշ շեղաշող հուշ ես:
Հաշիշաշուշիկ հուշամշուշում,
Քո շուշտաշոշակ շշուկն անուշ է.
Շուշանաշղարշ շեղաշող հուշ է…
Մշուշե շար է մշուշե շրշյուն…