ԱՆՄԱՀԱԿԱՆ ՋՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ
Ջայլամ չեմ` գլուխս խրեմ ավազի մեջ, աշխարհի այլանդուկություններից վերանամ: Փոխարենը լավատես եմ, հոգու մի հաճելի կացարան եմ գտնում, պատսպարվում:
Բուդդա: Հնդկական սերիալ է` բացառիկ արվեստային ու փիլիսոփայական: Երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ինչու Բուդդա ծնած Հնդկաստանի բնակչության միայն 1-2 տոկոսն է բուդդայական, 80 տոկոսը դավանում է հինդուիզմին:
Հիմա դա այլևս գաղտնիք չէ` հինդուիզմն ու բուդդիզմը հարազատներ են: Միհր, Քրիստոս, Կրիշնա, Բուդդա` բոլորն ակունքվում են Բարու լույսից: Սա, իհարկե, արծարծվող խնդրի առումով էական չէ: Էական է այն, որ ըստ այսօրվա ընկալումներիս` վերջին 3000 տարվա ընթացքում մարդկությունը կորցրել է մարդկային որակների տեսականին, ազնվության, արդարամտության, սրտացավության, մեծահոգության կրողից
վերածվել է ագահ, անգութ, հաշվենկատ, ոխակալ կենդանու:
Ի՞նչ ենք մենք` հայերս, որպես Աստծո էակներ, որքա՞ն ենք պահպանել այն գանձերից, որոնք մեզ պահ են տրվել ի նշան վստահության: Փշուրներ, ծվեններ մնացել են անհատների էություններում ու վերջ, ազգը վերածվել է համասեռ նյութամոլի:
Մեր մեջ վերացել է բարության սերմը, մենք մոռացել ենք անձնազոհության մասին, մեզ պաշարել է եսը:
Արդարության դեմ չմեղանչեմ` իհարկե, սա համամոլորակային աղետ է, տեղական բնույթ չունի: Կարծես թե 3000 տարի առաջ տիեզերքի ինչ-որ դիվային կետից Երկիր մոլորակ է ուղարկվել չարի մանրէն, ու այն գլխապտույտ արագությամբ բազմապատկվել է:
Բուդդան թագավոր հոր հորդորներին, թե պետք է դառնալ քաջ ռազմիկ, ոչ թե իմաստասեր, հարցնում է` մի՞թե պետությունների փոխհարաբերության միակ ձևը պատերազմն է, ինչո՞ւ չի կարելի բանակցությամբ կնճիռները հարթել: Ջահել, պայծառ, բարի արարած: Նրա իմացած պատերազմը մեր օրերում ընդունել է հազար դիմակ ու շղարշ, բանակցությունը գույնն է փոխել` սև շղարշ է: Շատ դեպքերում էլ միմյանց ուղղակի կոտորում են, մայր բնությունը մատնում հրի ու թույնի:
Արդի մարդկությունից սպասել, թե ինքնամաքրման ճամփան կբռնի` մանկամտություն է: Սպասել տիեզերական մի նոր` փրկիչ մանրէի, ժամանակի կորուստ է:
Որտե՞ղ է խոխոջում անմահական ջուրը, որի մեկ կաթիլից հնարավոր է վերստանալ մարդկային ոգեղենությունը: Չի կարող գոյություն չունենալ` որքան էլ չարի տիրապետությունը տոնի իր հաղթանակը: Կա ու վստահաբար` հեռու չէ: Պետք է մի քիչ ավելի ուշադիր լսենք մեր կողքով հոսող առվի ձայնը, խոտի շրշյունը, ամպի կանչը: Հենց այստեղ` Հայոց լեռնաշխարհում, որ արարվել է որպես դրախտ, բայց ոչնչացվում է որպես անպետք անապատ:
Մեր մի կաթիլը կարող է օվկիանոս դառնալ, եթե արթնանալու կամք ունենաք: Ազգերը հենց այնպես աշխարհ չեն գալիս, մերը սեր տարածելն է, ստեղծելը, ափը բաց պահելը թե կարեկցության, թե մարտնչելու համար:
Երանի կարողանանք վերադառնալ մեր մաքուր սկզբին: Վերսկսելու համար դեռ ուշ չէ:
ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ