ԱՆԿԵՂԾ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
Ականջս ձայնի սպասում եմ, թե ե՞րբ է լսվելու այն ադրբեջանցի լրագրողի (մտավորականի, զինվորականի, մանկավարժի) հորդորը, ով իբրև բանական արարած կասի.
-Ցեղակիցներ, մարդ եղեք, վերջ տվեք սպանելուն, տանջամահ անելուն, հարևանների ստեղծածին աչք տնկելուն, ուրիշների ունեցվածքը բռնազավթելուն:
-Ցեղակիցներ, մենք այս տարածաշրջանում պետություն ենք դարձել 103 տարի առաջ՝ հազարամյակներով այստեղ ապրած ազգերին կոտորելով ու դուրս քշելով, նրանց կերտած արժեքները մեզ վերագրելով, այդ պատճառով մնացել ենք միջնադարյան այն կաղապարի մեջ, որը թույլ չի տալիս աճել, զարգանալ, ծաղկել, միայն՝ սպանել ու թալանել:
-Մենք հեռացել ենք մեր ալթայական արմատներից, խառնվել ենք նվաճած ժողովուրդներին ու հիմա չունենք գենետիկական որոշակի նկարագիր, իսկ եթե դա կա՝ բնիկների արյան գերակշռությունն է, միգուցե հենց՝ հայկականը: Կասկածներին ու կեղծիքին վերջ տալու համար առաջարկում եմ ամբողջ Ադրբեջանի բնակչության ԴՆԹ-ն որոշել:
-Մենք մեր երեխաներին մոր կաթի հետ ներարկում ենք ատելություն այլ ժողովուրդների, հատկապես հայերի հանդեպ, նրանց ովորեցնում ենք անմեղ հայերին սպանել ու խոշտանգել, առանց հասկանալու, որ դրանով մեր սերունդներին զրկում ենք մարդ կոչվելու բարձր ու բնականոն պատվից: Դուք չեք գտնի մեկ հայկական դասագիրք, լրատվամիջոց, գործիչ, որ կոչ անի սպանել ադրբեջանցի երեխաներին, խաղաղ բնակիչներին. ընդհակառակը, նրանք մարդասիրությունը հռչակել են ազգային արժանիք: Նաև դրա «շնորհիվ» մենք կարողացանք նրանց կոտորել ու հարստություններին, հողերին տիրանալ. Ինչպիսի՛ հերոսություն… Սակայն ի՞նչ ենք շահել, բացի անհագուրդ ագահությունից ու հանգիստ չտվող մաղձից:
-Ցեղակիցներ, մենք պետք է վերանայենք այս աշխարհում ապրելու մեր նպատակը: Դա չպետք է միայն զավթելը լինի, ատելը լինի, կեղծելն ու ճշմարտությունները գլխիվայր շուռ տալը լինի: Չէ՞ որ բոլոր չափորոշիչներով մարդ ենք՝ ինչպես Երկիր մոլորակը բնակեցրած մյուս բանական արարածները: Բայց որտե՞ղ է մեր բանականությունը, ինչո՞ւ այն թույլ չի տալիս հասկանալ, որ միջազգային հակամարդ ուժերը հենց մեզ ու մեր եղբայր թուրքերին են ընտրել իրենց սև նպատակներին հասնելու համար: Նրանք վարագույրի հետևում մնում են արդար, իսկ մենք խայտառակվում ենք՝ որպես պիտանի արժեք չստեղծող, ծերունիներ գլխատող, հիվանդանոց ու դպրոց ռմբահարող ցեդասպան ու վայրի հանրություն: Մեզ մինչև հիմա քոչվոր են անվանում, որովհետև այդպես էլ չսովորեցինք կառուցել՝ ավերելու փոխարեն, սիրել՝ ատելու փոխարեն, կրթվել՝ հոխորտալու փոխարեն:
-Մենք ոչինչ չսովորեցինք հայ ազգից, որի մշակութային ու գիտական նվաճումները մեր կողքին են, սփռված մեր աչքի առաջ, ամենո՛ւր, բայց ոչ, մենք դրանք կամ ոչնչացնում ենք, կամ սեփականում, ինչի պատճառով արժանանում ենք քաղաքակիրթ հանրությունների արհամարհանքին:
-Ցեղակիցներ, այժմ մեր կերպարը, մեր ծրագրերը վերանայելը ապագայի, ինչպեսև դարի հրամայականն է: Աշխարհում մոլեգնում են չարը, վիրուսները, սարսափելի զենքերը, և գոյատևելու են այն ժողովուրդները, որոնց Բարձրյալն ստեղծել է ըստ իր բարձր կերպարի: Մենք բարին թողած՝ դարձել ենք չարի ծառան, նրա արյունոտ գործիքը: Եվ դուք կարծում եք՝ այս նվաստ բնութագրով հարատևելու արտոնություն կստանա՞նք… Իսկ ես վստահ եմ՝ մեր բռնած ճամփան տանում է դեպի անդունդ:
-Ասացեք, հարգելի ադրբեջանցիներ, ձեզ դուր գալի՞ս է մեր երկրի ղեկավարը, որը ոչ մի առիթ բաց չի թողնում համաշխարհային հարթակներից խուլիգան լակոտի նման հոխորտալու, սպառնալու ու պարծենկոտությունից գժի նման ցատկոտելու համար: Ասացեք՝ նա Ադրբեջանում ի՞նչ է ստեղծել՝ բացի պատերազմներից, արյունահեղությունից, մահերից, ստերի թոհուբոհից: Մեր որդիներին տարավ հազարներով մատաղ արեց, ինչ է, թե՝ լավ կատարի իր տերերի հրամանները, եթե ոչ՝ կզրկվի կուտակած միլիարդներից: Դուք տեղյա՞կ եք, թե նրա ընտանիքն ու իշխանական շրջապատը ինչ վիթխարի հարստություններ են դիզել ձեր աղքատության հաշվին ու ինչ միջազգային ամոթալի գործարքների մեջ են թաթախված:
-Ձեզ ուզում են թմրեցնել այն ստով, թե իբր պատերազմում հաղթած պետություն եք ու ընդհանրապես անպարտելի եք: Զարթնեցեք, հաղթեցին հայերը, նրանք 44 օր դիմացան թուրքական բայրաքթարների, իսրայելական անօդաչուների, ահաբեկիչ վարձկանների գրոհին, իսկ ադրբեջանցիներն այդ արյունոտ բաղնիքում ամենաշատ զոհեր տվածներն են: Տեղյա՞կ եք, որ հայկական պարտված կողմը ոչնչացրել է մեր զենքի ու բանակի ջախջախիչ մասը… Զարթնեք՝ կիմանաք, համաշխարհային լրատվականները փաստերի առատությունից պայթում են:
-Ադրբեջանցիներ, իմ հայրենակիցներ, ձեզ թունավորել են սադիզմով, նյութամոլությամբ, ձեզ դարձրել են քաղաքակրթությունից դուրս շպրտված խաժամուժ: Հավատացեք, դա չէ մեր կոչումը, այս աշխարհին մենք կարող ենք ներկայանալ իբրև մտածող և կերտող ժողովուրդ: Դրա համար ընդամենը հարկավոր է այրել քարոզչական այն ամբողջ աղբը՝ դասագրքեր, թերթեր, ելույթներ, կեղծիքի ահռելի լեռները, որոնք ձեզ հեռացնում են արդարությունից ու մոտեցնում ստույգ կործանմանը: Հարկավոր է կտրականապես հրաժարվել պատերազմներով ու նվաճումներով բախտավորություն գտնելու ցնորքից, մերժել աշխարհակործան ուժերի դավերին ենթարկվելու թուլությունը:
-Մենք պետք է մեր հասարակությանը և սերունդներին կրթենք այնպես, որ նրանք ձգտեն դեպի լույսը, ոչ թե խարխափեն նավթային հեքիաթների խավարում: Երբ կատարվի անխուսափելին՝ այս նավթը սպառվի՝ մենք ի՞նչ ենք անելու, այդ մասին մտածե՞լ եք: Ինչպե՞ս ենք ապրելու, շարունակելու ենք հարձակվել ուրիշների ունեցվածքի վրա ու գռփե՞լ այն, դառնանք հավիտենական գողեր ու հանցագործնե՞ր: Ալթայի ավազուտներից եկանք հասանք բնության այս դրախտը, որպեսզի ա՞յս էլ անապատ դարձնենք, երբ կարող էինք հաշտ ապրել տեղացիների հետ ու նրանց ստեղծածին ավելացնել մերը: Նավթից զրկված, աղքատ, անհեռանկար Ադրբեջանում ի՞նչ երեսով ենք նայելու մեր զավակների ու քաղաքակիրթ ժողովուրդների աչքերին:
-Վերանայո՛ւմ, վերակերտո՛ւմ, մարդակերտո՛ւմ՝ ահա թե որտեղ պետք է փնտրենք մեր երիտաասարդ ժողովրդի ապագան:
-Ես ձեզ սիրում եմ՝ ինչպես մայրն է սիրում իր չարաճճի զավակին, ով տարեցտարի զարգանում է, իմաստնանում ու շուրջը բարիքներով լցնում: Իսկ եթե երեխան դառնում է ավազակ ու մարդասպան՝ թշվառ մայրն ուղղակի ինքնասպան է լինում:
Հայրենակիցներ, ես չեմ ուզում ինքնասպան լինել, ուզում եմ ապրել: Հանուն բարու, մարդկային արժանավայել համակեցությմբ: Ձեզ հետ, ձեզնով հպարտ՝ ճակաստ բաց ու խիճս մաքուր:
՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
Երևակայության ոսկեփայլ ամպերում թևածեց Հրաչուհի Փալանդուզյանը:
ՀԳ. Երիտասարդ չեմ, հավանաբար չեմ լսի այսպիսի մի ձայն՝ մի խոստովանական հորդոր, բայց այն հնչելու է՝ վաղը լինի, թե վաղը չէ մյուս օրը: Միայն թե մենք շարունակվենք որպես Արարչական Հայ, իմ ազնիվ ազգ:
ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ