Անիծյալ հոկտեմբերի 21-ը եղբորս՝ Հուսիկ Հովակիմյանի մահվան օրն է…
«Հուսոյին բան չի լինի, քո՛ւր ջան, ինքը շատ ուժեղ ա, իրան ոչ մեկը չի կարա հաղթի….», — մեր վերջին զանգին պատասխանեցին դիրքից… Մենք էլ գիտեինք, որ նրան հաղթել հնարավոր չէ… Բայց այդ հզոր մարմնում մի լուսավո՜ր սիրտ կար, մի աննմա՜ն հոգի, որոնք էլ ամենամեծ դավաճանները դարձան…
24 տարեկան, 24 օր կռվել է առյուծի նման… Նրան ամենքն են հիշում Ջաբրայիլի ու Հադրութի դժոխքից…
24 օր անցել է անասելի, անպատմել կռվի միջով ու … ու այդ անիծյալ հոկտեմբերի 21-ը:
Դիրքի շտապօգնության մեքենայի վարորդը հրաժարվել էր վիրավորին հոսպիտալ հասցնել: «Հո չեմ թողնի՝ արյունաքամ լինի», — ասել էր, գրկել վիրավորին ու նստել մեքենան:
Ինձ համար անասելի դժար է այս մասին խոսելը… անասելի… ամեն վայրկյան աչքերիս առաջ են այդ տեսանյութերը…
Բայց պետք է խոսեմ, որովհետև հային այս
տեսակն է պակասում: Այն տեսակը, որը չի ծնկել թշնամու առաջ, որին հարգել է նույնիսկ թշնամին… Որը հանուն իր զինակցի, հանուն ազգի և հայրենիքի չի խնայել ամենաթանկը՝ ԿՅԱՆՔԸ:
Նրա անասելի սխրանքները տեսել, պատմում են ոչ միայն զինակիցները, այլև թուրք շունը…
Անասելի, խենթացնող վշտի մեջ այս մասին խոսել չէի կարողանում. կորստի ցավն այնքան մեծ է, որ խեղդում է հպարտությունս: Հիմա էլ գրելիս խենթանում եմ… եթե արդեն չեմ խենթացել… եթե արդեն չեմ խենթացել…
Շատերդ գիտեք, թե ի՜նչ եղբայր եմ կորցրել, բայց քչերը գիտեն՝ ինչ է պատահել նրա հետ կռվի դաշտում:
Այս պատերազմում թշնամու կողմից իր պետական մի քանի հեռուստաալիքով օրեր շարունակ պտտվող միակ տեսանյութում եղբայրս էր՝ իմ Հզոր Հույսը, և այն երեք վիրավոր տղաները, որոնց նա հանձն էր առել դժոխքի միջով հոսպիտալ հասցնել: Քանի որ շտապօգնության մեքենայի վարորդը հրաժարվել էր:
Եղբորս վարած շտապօգնության մեքենան հոկտեմբերի 21-ին Հադրութի «Թութակ» կոչվող դիրքից իջնելիս ընկել է շրջափակման մեջ: Մնացածն արդեն տեսանյութերում է….
Թշնամին Եղբորս ու երեք վիրավորին, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, ներկայացնում է որպես դիպուկահար, դիվերսանտներ, ոչ թե իր քայլն արդարացնելու համար, նրանք մինչև հիմա էլ համոզված են, որ եղբայրս հատուկ պատրաստում անցած զինվորական է եղել, այլ նրա ու վրավոր 19-ամյա տղաների քայլերը տեսնելով:
Թշնամու ոհմակն է տեսանյութում ու …
Անհավասար մարտում, ցավոք, ընկան նրանք:
Իմ աննման Հույսի ու տղաների մարմինները հայկական կողմին հանձնած թուրք զինվորականը նշել էր, թե ձեր հատուկ ջոկատի անդամների համար առանձին- առանձին, հատուկ կարգով գերեզմանափորեր են պատրաստված եղել…
Հայի պատիվն ու արժանապատվությունը պետք է վեր լինի ամեն ինչից… պատվով մեռնելը գերադասելի է ծնկաչոք ապրելուց, ուշքի՛ եկեք…
Սա՛ է իսկական հայորդու տեսակը:
ՇՈՒՇԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ