Անահիտ Վարդանանց. «Մորս նվիրված բանաստեղծություններս աղոթքներիս շարունակությունն են…»
Երկնքից մի բուռ կարոտ ուղարկիր, մամ,
Որ այս մորմոքիս ես դիմանամ,
Որ աչքերս փակ կարողանամ
Գրկել քեզ ու բողբոջն ապրել մանկության։
Մամ, թե ամեն օր կարողանաս
Զորավիգ լինել ափերիս,
Եթե ճախրելու թևեր ինձ տաս,
Ուրեմն երկնքի ու երկրի միջև
Ճնշումը զսպանակային՝
Հոգուս զարկերակն էլ չի ճնշի։
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
Բանաստեղծուհի Անահիտ Վարդանանցի ստեղծագործություններում առանձնանում են մորը նվիրված բանաստեղծությունները, որոնք ամփոփված են մի շարքում։ Իր բանաստեղծություններում մայրիկին Տիրամոր կերպարի հետ հաճախ համամատելով` այսպիսի բնութագրումներ է տալիս. «Դու՝ կատարելությո՜ւն», «Մա՜յր իմ… Իմ միա՛կ աստվածուհի», «Սո՜ւրբ Տիրամայր… »:
Թե ինչպիսին է իր մայրը բանաստեղծուհու պատկերացմամբ, արդեն հստակ երևում է.
Հաճախ եմ հիշում դիմագծերը՝
Անկոտրում կամքի հետագծերը
Խոհուն հայացքիդ լուսե…
Բանաստեղծուհին նաև աղոթք հիշեցնող իր բանաստեղծություններում երբեմն-երբեմն սյուժետային-պատմողական ձևով մայրիկի կենսագրությունից որոշ նուրբ գծեր է ներկայացնում . «Նա հեռացավ, երբ վաթսունյոթ էր ընդամենը»: Կամ՝ երիտասարդ կնոջ շուտ այրիանալը բնութագրում է հետևյալ տողերով. «Կնճռոտ տարիներիդ ծերությունը երիտասարդ», և հոր մահից հետո մոր կարկամած թախիծը սպիացել է, իսկ լուռ հառաչանքը «հիմա խեղդվել է հողաթմբի խորքում…»:
– Մայրիկի հետ Ձեր կապը որքանո՞վ էր քնարական ու զգացմունքային և որքանով՝ իրատեսական: Նրան ավելի շատ նման եք արտաքինո՞վ, թե՞ բնավորությամբ, ընդհանրապես՝ ներքուստ:
– Մայրիկիս հետ հարաբերություններս թեև հիմնականում հույզերի, ապրումների ու զգացմունքների ոլորտից էին, քանի որ նա իր մեջ ներառում էր մայրական սերն ու քնքշանքը՝ խստության ու պահանջկոտության հետ: Սակայն ընտանիքում առօրյա կենցաղային հարցեր չէին կարող չլինել, բնականաբար, իրատեսությունն էլ իր տեղն ուներ: Իրենից հետո մեր կյանքն ամբողջացնող մանրուքները մոռացվեցին ու հօդս ցնդեցին՝ իմ հուշերում իրենց տեղը զիջելով երանելի ժամանակների քնարական զգացմունքներին, որտեղ իշխողը մանկության հորովելն է: Ինձ թևեր տվողը մայրս էր և մինչև հիմա էլ թև է տալիս։
Ասում են՝ երեխան նմանվում է նրան, ում առաջ խաղացել է: Թեպետ արտաքինով մորս այնքան էլ նման չեմ, ավելի շատ հորս եմ նման, որից ինձ է փոխանցվել համարձակ ճշմարտախոսությունը, բայց բնավորությամբ և ներքին աշխարհով ինչ-որ չափով մորս եմ նմանվում, քանի որ նրա դաստիարակությամբ եմ մեծացել:
– Առհասարակ հայ ընտանիքում դուստրը հայրիկի սիրելի արքայադուստրն է: Ձեր ընտանիքում միակ դուստրը…
– Նախ՝ դուստրը դուստր է՝ անկախ այն բանից, թե քանիսն են ընտանիքում մեծանում:
Միակը կլինեի, թե ևս մեկ-երկու քույր կունենայի, ցանկալի կլիներ իհարկե, որ վաղամեռիկ հայրս ողջ մնար, ու նրա աղջիկն իր առնական թևի տակ մեծանար: Բայց ի՜նչ արած, դաժան ճակատագիրն էր այդպես կամեցել: Ես հասակ առա մորս հայացքի ներքո…
– Ինչպե՞ս էր մայրիկը վերաբերվում Ձեզ՝ կապուտաչյա գեղեցկուհի միակ զավակին, մորը յուրահատուկ քաղցրությա՞մբ միայն:
– Մայրս անմնացորդ նվիրված էր իր միակ զավակին, ոչինչ չխնայելով՝ ամեն ինչ անում էր ինձ համար։ Թեպետ ես ինքս էլ առանձնապես պահանջկոտ ու կամակոր երեխա չէի, կարող եմ ասել՝ ընդհակառակը, գոհացող, զուսպ ու լսող երեխա եմ եղել։ Բայց ինչպես արդեն ասել եմ, ինչքան սիրում էր ու քաղցրությամբ վերաբերվում, նույնքան էլ խիստ էր և պահանջում էր խոսել ու անել այնպես, ինչպես ինքն էր սովորեցրել: Ես չէի կարող չանել: Եվ մորս շնորհիվ ես մարդ դարձա…
– Եթե ծնողներից մեկը ինչ-որ պատճառով բացակա է լինում, նրա կերպարը երեխային հիմնականում մյուս ծնողի պատկերացմամբ է մատուցվում: Ձեր մայրն ինչպիսի՞ն է հայրիկին ներկայացրել Ձեզ:
– Մայրս հայրիկիս մասին միշտ սիրով ու խանդավառությամբ է խոսել՝ ընդգծելով, որ նա գեղեցիկ դիմագծերով տղամարդ էր, ճշմարտախոս, գործունյա, ընկերասեր և պատվարժան մարդ։
Մայրս պատմում էր, որ հայրս ինձ շատ է սիրել, ուշադիր է եղել իմ նկատմամբ: Ես մի սահնակ ունեի, որը երկար տարիներ պահում էի որպես հիշատակ։ Հայրս ձմռանն այդ սահնակով սահեցրել է ինձ: Իսկ երբ ձեռքերս սառչում էին, երբ գնում էինք տուն, և հայրս, փոքրիկ ձեռքերս պահելով վառարանի մոտ, ասում էր. «Թաթիկներդ տաքացրու»…
– Ո՞վ է ընտրել գեղեցիկ հայկական Անահիտ անունը, մա՞յրը:
– Մենք մի տարեց, բայց շատ գեղեցիկ, կիրթ ու գրագետ հարևանուհի ունեինք, որն աշխատում էր Մատենադարանում։ Նա թեև որդի ուներ, բայց թոռները միայն տղաներ էին։ Երևի այդ պատճառով էլ պապիս խնդրել էր, որ եթե աղջիկ ծնվեմ, իր անունը դնեն։ Մայրս էլ, որ խոնարհ ու հնազանդ հարս էր, համաձայնվել էր։
Ես հիմա էլ բարի եմ հիշում մեր հարևանուհուն և ուրախ եմ, որ այդ արժանի մարդու անունն ունեմ։
– Միայն բանաստեղծությա՞մբ է Ձեր զրույցը մայրիկի հետ:
– Տարիների հետ գնալով ամեն մարդ էլ ավելի ու ավելի շատ է զգում բացակա մոր կարիքը, և կամա թե ակամա պահանջ է զգում նրա հետ զրուցելու, նրան պատմելու դարդերն ու նրանից խորհուրդ հարցնելու: Երբեմն ինձ որսում եմ այն պահերին, որ մտքումս զրուցում եմ նրա հետ, մեկ-մեկ այդ զրույցները տեղափոխվում են երազներ և այնտեղ է շարունակվում կիսատ մնացած խոսակցությունս, կիսատ կարոտս: Հաճախ էլ չեմ զգում, թե ինչպես են աղոթքներս վերածվում մայրիկիս հետ հեռակա զրույցների: Մորս նվիրված բանաստեղծություններս աղոթքներիս շարունակությունն են…
– Ինչպիսի՞ն էիք Ձեր մայրիկի աչքին:
– Ես տանը չարաճճի չէի, համառ ու կամակոր չէի, համարյա չէի հակաճառում նրան, միշտ աշխատում էի ամեն բան իր սրտով անել և, ինչքան հնարավոր է, հոգս չավելացնել՝ առանց այդ էլ հոգսաշատ մորս համար, ընդհակառակը, ձգտում էի տան գործերի մի մասն ինքս անել, որպեսզի աշխատանքից հոգնած վերադարձող մորս համար անելու բան քիչ բան մնար:
Մայրիկիս համար ես իր աշխարհն էի, երկինքն ու երկիրը… Ես տեսնում էի ու զգում, որ նա պատրաստ է ամեն ինչ տալու, որ ինձ գեթ մի պահ ուրախ ու երջանիկ տեսնի:
Մի խոսքով, ես նրա աչքին իր միակ սիրելին ու անփոխարինելի էի…
– Քնարական և հրապարակախոս Անահիտները միմյանց այնքան էլ չեն հակասում, կարծես թե նրանք հաշտ ու համերաշխ են միմյանց: Ենթադրում եմ, որ այս ներդաշնակությունը Ձեզ մանկուց է բնորոշ եղել՝ ժառանգված քիմիկոս մորից:
– Թող անհամեստություն չլինի, եթե ասեմ, որ քնարական նուրբ հոգու և հրապարակախոսական մտքի հակասություններ չունենալը գուցե նրանից է, որ Անահիտի հույզերն ու զգացմունքները, ապրումներն ու զգացումները, խոսքն ու ստեղծագործությունները ծնվում են Անահիտի մարմնի թեև տարբեր մասերում գտնվող ուղեղում, սրտում ու հոգում, բայց ղեկավարվում են նույն մարդու՝ Անահիտի կողմից։
Ճիշտն ասած, հիմա չեմ կարող ասել՝ այդ հատկանիշը մորի՞ցս եմ ժառանգել, թե՞ հորս ու մորս հատկանիշների միավորումն է իմ մեջ, սակայն չեմ թաքցնի, որ Ձեր նշածը թերևս մանկուց է բնորոշ, քանի որ ամենամեծ թերությունս և ամենամեծ առավելությունս՝ անկեղծությունը, փոքրուց է եղել իմ մեջ. դիմացինին ասում եմ այն, ինչ մտածում եմ՝ ի տարբերություն ոմանց, որոնք սկսում են մտածել այնպես, ինչպես պահից դրդված խոսել են։
Իսկ միևնույն ժամանակ քնարական և հրապարակախոսական լինելու գաղտնիքս մարդու նկատմամբ իմ վերաբերմունքի և նրան տված իմ գնահատականի համադրումն ու ներդաշնակեցումն է: Ճիշտ է, ես կարողանում եմ հնարավորինս ճշգրիտ գնահատել մարդուն և նրա մարդկային արժանիքներն ու թերությունները, այնուամենայնիվ, որևէ մեկի հետ հարաբերություններս սովորաբար նախանշում եմ առհասարակ մարդու նկատմամբ իմ վերաբերմունքով, որի թելադրողն ու առաջնորդողը խիղճս է: Երբեմն նույնիսկ իմանալով դիմացինի անարժան լինելը՝ շարունակում եմ նրան ձեռք մեկնել և սրտանց օգտակար լինել։ Փառք Աստծո, նմանները մեզանում շատ չեն պատահում, երախտապարտ մարդիկ անհամեմատ ավելի շատ են:
Շարունակելի
ՄԱԳԱՂԱԹՑԻ