ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
«Ես մի խենթ հույս ունեմ, որն առեղծվածային կերպով կապված է մեր ներկայիս գոյութենաբանական աղքատությանն ու այն ցանկությանը, որը ես բացահայտում եմ շատ հայացքներում, ինչը կարող է մի կարևոր բան նվիրել մեզ՝ համբերությամբ կամ անհամբերատար հոգ տանելու համար այն երկրին, որտեղ մենք ենք ապրում»:
Անահիտ Վարդանանց
20-րդ դարի գրականությանը քաջածանոթ յուրաքանչյուր հայ գիտե, որ իրական ցավ, կսկիծ զգացած ու ապրած ժողովրդի զավակը կարող է
ցավի ու վշտի մասին խոսել առանց սարսափազդու, աշխարհակործան ու լալահառաչ շինծու պատկերների: Ցավի, վշտի ու հայրենիքի կորուստի մասին կարելի է, օրինակ, խոսել լուսավոր թախիծով: Ահա մերօրյա բանաստեղծուհի Անահիտ Վարդանանցը թե´ բանաստեղծությամբ, թե´ արձակ տողերով և թե´ ասույթով իր ֆեյսբուքյան դիմագրքում ներկայացնում է հայի այս կերպը, որը խոսում է այսօրվա ողբերգական իրականությունից՝ հայի կենսահաստատ լեզվով.
«Տե՛ր Աստված, պատմիր ինձ, թե ինչ են արել նրանք այն գետը, որն այլևս չի երգում…»:
Հարգելի´ բանաստեղծուհի, հայաստանյան ներկայիս իրավիճակի մասին մեր զրուցելիք հարցաշարը կազմված է Ձեր ֆեյսբուքյան գրառումներից: Այս գրառումները լոկ բանաստեղծական զեղումներ չեն, այլև ասելիքի փիլիսոփայական խտացումներ են։
— Ապրիլի 24-ի Ձեր ֆեյսբուքյան գրառումներից մեկը հետևյալն էր. «Մեծ ճշմարտությունների մասին սովորաբար չի խոսվում»: Այս միտքն իր մեջ արդյո՞ք ներառում է նաև Հայաստան աշխարհի հանդեպ մեծ տերությունների աղաղակող լռության մասին ճշմարտությունը:
— Անշուշտ: Այն անարդար վերաբերմունքը, որն աշխարհի հզորներն են ցուցաբերում հնամենի մի երկրի և աշխարհի հնագույն ազգերից մեկի նկատմամբ, սիամանթոյական թուքին արժանի արդարություն է. «Ո՜վ մարդկային արդարություն…»: Բայց ես հավատում եմ, որ գալու է այն օրը, երբ անշնորհակալ աշխարհը իր մեղքը քավելու է՝ ծնկի եկած ներողություն խնդրելով իրեն լուսավորություն ու հոգու հաց նվիրաբերած մեր ժողովրդից, ինչպես կամաց-կամաց հերթով ճանաչում են հայոց Ցեղասպանությունը:
— «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»: Այս տողը բացեք՝ վերջին իրադարձությունների վերաբերյալ տալով Ձեր գնահատականը և ապագա Հայաստանի Ձեր տեսլականը:
— Քաղաքակրթության օրրան հայոց հայրենիքը բազմաթիվ արհավիրքներ է տեսել, երևի միայն տիեզերքից երկնաքարի ընկնելը չի տեսել: Բայց շարունակել է հազարամյակներ արարելով իր կյանքով ապրել՝ գոյատևելով որպես յուրօրինակ ու յուրահատուկ ազգ և իր հոգու լույսից բաժին հանելով վայրի ու անկիրթ բոլոր ազգերին: Մեր ոգին այնքան հզոր է, և կամքը՝ ամուր, որ այսուհետև էլ կարող ենք շարունակել ապրել ու արարել: Եվ պիտի՛ ապրենք՝ ի հեճուկս մեր թշնամի ու մրցակից ազգերի: Իսկ դրա համար մեզ ամենից շատ հարկավոր է համախմբվել ու մի բռունցք դառնալ, այլ ոչ թե պառակտվել ու ցիրուցան լինել: Եթե դա մեզ հաջողվի, այլևս ո՛չ գերտերությունները կարող են մեզ ծնկի բերել ու իրենց ցանկությունները պարտադրել, ո՛չ էլ մեր թշնամիները կարող են հաղթել:
Առյուծների բանակը, որն առաջնորդում էր ոչխարը, պարտվեց ոչխարների բանակին, որի առաջնորդը առյուծ չէր թեև, բայց ներկայանում էր իբրև առյուծ: Մեզ առյուծ ղեկավար է պետք, որը ոգով պետք է լինի Առյուծաձև Մհերի ժառանգը: Այսօր մեզնից է կախված, թե ով կլինի մեր առաջնորդը, մեր երկրի առաջնորդը, որովհետև ժամանակակից աշխարհի օրենքներով ժողովուրդն է ընտրում իր առաջնորդին: Մեզնից յուրաքանչյուրը մեծ պատասխանատվութամբ պետք է մոտենա այս հարցին՝ մեզ համար ու մեր երեխաների համար ընտրելով ապահով ու անվտանգ երկիր ունենալու հեռանկարը:
Հայը այնպիսի մի զարմանահրաշ հատկություն ունի, որ օրհասական պահերին է համախմբվում ու միավորվում: Եթե կարողանանք միշտ համախմբված լինել, ոչ միայն այսպիսի նեղ վիճակում չենք հայտվի, այլև կդառնանք աշխարհի առաջնորդ ազգերից մեկը: Ու պիտի՛ միավորվենք, մենք պարզապես դատապարտված ենք միավորվելուն, այլ ելք չունենք: Հակառակ դեպքում պետք է հաշտվենք, որպես ազգ, աշխարհի երեսից վերանալու մտքին:
Այսուամենայնիվ, մեր ժողովրդի արգանդում թաքնված անմեկնելի հզոր ներուժ ու անսպառ հնարավորություններ կան թաքնված, որոնց շնորհիվ հայոց ոգին դեռ շառաչելու է և իր հոգու խոսքն ասելու է աշխարհին՝ «նոր խոսքերով, նոր երգով», ինչպես ամենայն հայոց բանաստեղծն է պատգամել:
— «Յուրաքանչյուր ոք կարող է թաքնվել ցավից, բայց ոչ բոլորը կարող են բացվել կյանքի առաջ,- կարդում ենք Ձեր գրառումներից մեկը:- Կյանքը իսկապես նրանց համար է, ովքեր մոխրից հետո համարձակվում են վերածնվել»: Այսպիսի տողեր այս օրերին կարող էր միայն հայ մարդը գրել, սարոյանական գաղափարախոսությամբ ապրող հայը:
— Մեր ժողովրդի իմաստնությունն այնքան խորն ու բազմածալք է, որ ԱՄՆ-ում էլ է խոսում Սարոյանի գրիչով, Ֆրանսիայում էլ՝ Ազնավուրի երգերով, Ռուսաստանում էլ՝ Այվազովսկու վրձինով… Հենց սա է բացվելը, որն էլ մեր անվերջ վերածնվելու նախապայմաններից ու գրավականներից մեկն է եղել և դեռ կլինի:
Բայց մեջբերված միտքը նախևառաջ պետք է ընկալել անձի մակարդակով: Չէ՞ որ ամեն մարդ էլ կարող է պարփակվել իր ցավի ներսում՝ կուչ գալով ու գալարվելով ցավից ու կսկիծից: Բայց որքան էլ ուժեղ լինի ցավը՝ լինի դա մարմնական թե հարազատի կորստյան ցավ, այսուհանդերձ, մարդը պետք է կարողանա իր մեջ ուժ գտնել, հաղթահարել ցավը, ոտքի ելնել և ուղղաձիգ կանգնելով՝ շիտակ նայել աշխարհի աչքերին ու արեգակի լույսին: Սա այն է, որը ես պատկերացնում եմ իբրև մարդու վերածնունդ: Իսկ նրանք, ովքեր փոքրոգի են, ունակ չեն վերածնվելու, մահանում են՝ ազատելով կենսական դաշտը նրանց համար, ովքեր ոգով ուժեղ են և կարող են դա անել, ինչպես բնության մեջ են թույլերը դառնում գիշատիչների բաժին՝ հնարավորություն տալով ուժեղներին բազմանալու:
— Այս արհավիրքից ինչպե՞ս ենք վերածնվելու:
— Հազարամյակներ ի վեր բազմիցս է վերածնվել և բառացիորեն մոխիրներից հառնել հայ ժողովուրդը, երբ պետականություն չի ունեցել: Մեր օրերում խնդիրն այլ կերպ է դրված: Մեր սերնդի ուսերին է դրված ոչ միայն վերածնվելու և որպես ազգ գոյատևելու խնդիրը, այլև որպես պետականություն ունեցող ազգ վերածնվելու, գոյատևելու և մեր պետությունը փայփայելու ու հզորացնելու խնդիրը: Եվ մենք պարտավոր ենք այս խնդիրը արժանապատվորեն լուծել, հակառակ դեպքում գալիք սերունդները մեզ չեն ների:
Նախորդ հարցերին պատասխանելիս որոշ չափով արդեն անդրադարձել եմ Ձեր հարցին, ասվածին ավելացնեմ, որ անհրաժեշտ է հասարակության և քաղաքական վերնախավի միասնականությամբ ապահովել երկրի ներքին կայունությունը, որպեսզի հայ մարդը վստահություն ունենա և իր վաղվա օրը տեսնի իր հայրենիքում, այնուհետև պետք է մտածել երկրի տնտեսության և մշակույթի զարգացման մասին, որպեսզի հայ մարդը աշխատանք ունենա և միաժամանակ կարողանա բավարարել իր հոգևոր պահանջները, ինչն էլ խթան կդառնա, որ հայն այլևս ոչ միայն չի արտագաղթի օրվա հացը վաստակելու պատճառով, այլև դա հիմք կդառնա հեռացածների վերադառնալու համար:
Մենք պետք է հզորանանք թե՛ տնտեսապես և թե՛ ռազմական ասպարեզում՝ տարածաշրջանում և աշխարհում գործիքից վերածվելով գործոնի: Այդ ժամանակ ոչ միայն կհաղթենք թշնամուն, այլև մեզ հետ հաշվի կնստեն։ Չէ՞ որ հաշվի են նստում միայն հզորների հետ։
Իսկ հզորանալու առաջին նախապայմանը հայրենասեր, կայացած և ուժեղ ղեկավար ունենալն է, որը կլինի այնպիսի հմուտ և փորձառու քաղաքագետ, որ կարողանա երկրի ներսում և արտաքին հարաբերությունների ասպարեզում գոնե զգալի հաջողություններ գրանցել, և վերջապես, ինչը նույնպես շատ կարևոր է, լինի արդար ու անաչառ մարդ:
— Ինչո՞ւ մեր պատմության մեջ մեր քաղաքների կործանումն ու մեր ցեղասպանությունը այն համապարփակությամբ չեն ներկայացված, ինչը մեզ կօգներ մեր պատմությունից դասեր առնել ու չենթարկվել նույն մեթոդիկայի փորձությանը:
— Պատմության քաղաքական և գիտական ճշգրիտ վերլուծության համար Ձեր հարցը թերևս պետք է ուղղեիք պատմաբաններին՝ հատկապես համապարփակ ներկայացնելու մասին: Բայց ես կփորձեմ պատասխանել որպես մտավորական և գրչի մարդ՝ աչքիս առաջ ունենալով հայ իրականության մեջ տեղի ունեցած և շարունակվող գործընթացներն ու խմորումները, մեր ժողովրդի մտածելակերպն ու դրանում նկատվող փոփոխությունները:
Ասում են՝ պատմությունը պատմաբաններն են գրում: Թեև մենք լավ պատմաբաններ ունեցել ենք՝ սկսած պատմահայր Խորենացուց մինչև Չամչյան ու Լեո և նոր ժամանակների հայտնի ու անհայտ պատմաբաններ: Նրանցից շատերը մեր պատմությունը գրել են պետականության բացակայության պայմաններում:
Ինչպես ամեն երկրում, այնպես էլ մեզանում պատմաբաններին թելադրողը կամ պատվիրողը գլխավորապես օրվա իշխանություններն են: Վերջիններս, սակայն, հոռետեսներների կարծիքով, երբեք էլ պատմությունից դասեր չեն քաղում: Գալով իշխանության՝ սկսում են երկիրը կառավարել մեծ մասամբ պահի թելադրանքով կամ ինչպես խելքներին փչի: Գոնե Հայաստանի Հանրապետությունում այդպես է եղել դեռևս 1918 թվականից ի վեր: Ոչ մի ազգային գաղափարախոսություն, ոչ մի տեսլական, ցավոք սրտի, չի նշմարվել մինչև այսօր իշխանության եկածներից և ոչ մեկի գործունեության ընթացքում:
Թեև ասում են նաև, որ պատմությունը չի սիրում կրկնվել: Որոշ չափով ես այս կարծիքին համամիտ եմ, որովհետև պատմության ամեն մի ժամանակաշրջան ունի քաղաքական, հասարակական իր յուրահատուկ իրավիճակը և հասարակական ու համաշխարհային թելադրող միտքն ու մտածելակերպը: Չգիտեմ, միգուցե դա է հիմնական պատճառը, որ դաս չեն առնում պատմությունից: Բայց կան հավերժական ճշմարտություններ և մեր ժողովրդի դարավոր կուտակած փորձն ու իմաստնությունը, որոնք անտարակուսելիորեն պետք է հաշվի առնեն և առաջնորդվեն դրանցով, հակառակ դեպքում դրանք շրջանցելը լավ բանի չի հասցնի, իսկ անհաջողության մատնվելու հավանականությունը ավելի մեծ կլինի:
Ինչևէ, հուսանք, որ խոհեմությունն ու լրջամիտ պահվածքը կհաղթեն մեր քաղաքական-հասարակական վերնախավի և քաղաքական գործիչների ուղեղներում: Մեր ժողովրդի ղեկը իրենց ձեռքում պահած և ժամանակի օվկիանոսների փոթորիներին դիմակայելով՝ մեր բախտի նավը բարեհաջող կհասցնեն ապագայի բարեհուսո հրվանդանների նավահանգիստներ:
Ես լավատես եմ և հավատում եմ մեր ժողովրդի զարթոնքին ու ապագային:
ՄԱԳԱՂԱԹՑԻ