Անահիտ Վարդանանց. «ՄԵՆՔ ՄԵՐ ՄԵՋ ՄԻՇՏ ՎԱՌ ՊԻՏԻ ՊԱՀԵՆՔ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ…»
Իմ ներսում երկնայինն է: Քո ներսում էլ… Նա մեր աչքերով նայում է շուրջբոլորը, մեր ապրումներով ու ներշնչանքով ճանաչում…
Սիրենք միմյանց, որ ապրենք:
Բարի լույս, աշխա՛րհ, նրա՛ն, ում ես սիրում եմ, ով ինձ սիրում է, ում գիտեմ կամ չգիտեմ:
Լուսավոր ու ժպիտով օր:
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
Անահիտ Վարդանանցի ակնարկներից շատերը կարող են ընկալվել որպես յուրօրինակ բանաստեղծություն, արձակ բանաստեղծության և բանաստեղծական արձակի միջանկյալ ստեղծագործություններ: Նրա ստեղծագործություններին ծանոթանալիս, ֆեյսբուքյան գրառումներին հետևելիս իսկույն նկատում ես, որ նա իդեալականացված կյանքի տեսլականի հետևորդ է: Բայց կարևորն այն է, որ կյանքի ընկալումը անհոգության, ուրիշների ցավի ու տառապանքների նկատմամբ անտարբերությամբ սրբագործված չէ՝ հանուն ինչ-որ վեհ նպատակների: Ա. Վարդանանցի ամեն մի գրառում բառիս բուն իմաստով հոգատարություն է, ինչի վկայությունն են մեր անմահների գնդին նվիրված նրա ակնարկներն ու քաղաքական այս կամ այն իրավիճակին տված գնահատականները, որտեղ դրսևորվում են մշակութային գործչի, մտավորականի և քաղաքացու զայրույթն ու վրդովմունքը:
Նա հայաստանյան այս կամ այն իրադարձությանը կամ հայկական տոներին նվիրված շատ ակնարկներ ունի. օրինակ՝ Շուշիի ջարդերի 102-րդ տարելիցի մասին, պոեզիայի համաշխարհային օրվա և ընկերության միջազգային օրվա առթիվ գրված ակնարկները, որոնց համալրելու է եկել հետաքրքրությունների նոր ասպարեզի շարքը՝ որպես սեփական ընկալմամբ վերլուծված թատերական ներկայացումների մտավորական հանդիսատեսի գնահատականներ:
Անահիտ Վարդանանցի ակնարկների մեծ մասը վերնագրված չէ, բայց ակնարկների առաջին նախադասությունները մեջբերելիս արդեն ակնհայտ կդառնա մեզ հուզող թեմաներից խոսող նրա քաղաքացիական ներշնչանքը:
«Մեր ներքին թշնամին ավելի անվտանգ չէ, քան՝ արտաքինը»:
«Հայաստանը երբեք չի հաշտվելու իր պատմական տարածքները զիջելու մտքին»:
«Հայոց գրերի գյուտը, որով բացվեց հայ ազգի հավերժության դուռը, դարեր շարունակ մեր ինքնության պահպանման բանալին է եղել»:
«Հայաստանը ողջակիզվեց բրիտանական քաղաքականության զոհասեղանին»։
Այս ակնարկներում աչքի է ընկնում Անահիտ Վարդանանցի բանաստեղծական ձիրքը, իսկ հերոսներին նվիրված ակնարկները տպավորիչ են դյուցազներգության այն ոճով, որով նա կառուցում է խոսքը իր հերոսներին ներկայացնելիս. «Խավարի վրայից հանում եմ միտքս և բացում երկնքի դռները, որ նայեմ ներս՝ հազարավոր զինվորների մեջ տեսնելու համար քո ճառագող դեմքի հերոսական դիմագծերը…
Դավի՜թ… Հա՛յ դյուցազն… Դու գիտեիր, թե ուր ես գնում՝ պատերազմելու ամբողջ աշխարհի դեմ, որ երկրի զարկերակը կանգ չառնի…»:
Այս ամենին զուգորդվում են Վարդանանցի փիլիսոփայական ձևակերպումները:
«Մարդկային կյանքի իմաստի մասին մտածելու մոլորություններից կյանքի որակն ու իմաստը ավելի շատ կապված են գործողության հետ, այսինքն՝ նրա հետ, ինչը մարդն արել է իր, այլ մարդկանց, աշխարհի համար:
Բայց պակաս կարևոր չէ լինելիության հայեցակետը՝ իր իսկ կյանքում իր ներկայության որակը։ Ոմանց թվում է, թե բավական է, որ մարդը ընդամենը լինի կենդանի ու իրական։ Այսուամենայնիվ, վերջիվերջո էլի ինչ-որ կարևոր բաներ են պետք լրացնելու համար չորուցամաք գոյությունը…»:
Այնուամենայնիվ, բանաստեղծուհին աշխարհն ընկալում ու ճանաչում է լույսը ընտրելով՝ բարդ և դժվարին ընտրություն. «Աշխարհը լույսի կաթոցն է՝ արևն ու ժպիտը», «Եվ ազդեցիկ խոսքն է՝ իր զորությամբ, որ լռության մեջ քամում է օդի փոշեհատիկները՝ համբուրելով լույսը»:
Եվս մի մեջբերում մեկ այլ բանաստեղծությունից.
Բարի՜, բարի՜ լույս` նրա՛ն,
Ո՜վ ձուլում է երևի
Հիմա մի սուրբ շարական՝
Լուսաբացի արևից…
«Ես աշխարհի բոլոր երազանքները ունեմ իմ ներսում»,-կարդում ենք Անահիտ Վարդանանցի մեկ այլ գրառումը և հասկանում, որ այդ երազանքները իրենց մեջ ամփոփված են այն ամենով, ինչով ինքը խոսում է հանրության հետ՝ հայրենիքի ազատագրման, անմահներին ոգեկոչելով, սիրո ակնթարթային արձակ տողերով ու բանաստեղծություններով մեր սիրտը միշտ կենդանի ազդակներ ուղարկելով:
– Երբվանի՞ց է դարձել Ձեր կենսակերպը կյանքն իդեալականացնելու այս բարդ փիլիսոփայությունը, որի օգնությամբ Դուք ձգտում եք ինքնակատարելագործվել:
– Նախ՝ ես որոշ վերապահումներով պիտի ընդունեմ, որ կյանքն իդեալականացնում եմ:
Ի՞նչ է իդեալը՝ անմարմին և աննյութեղեն կատարելություն կամ գաղափար, որը գրեթե զուրկ է իրական հիմքից և ապրում ու սնվում է կատարյալի մասին մեր պատկերացումներից, երևակայությունից ու երազանքներից: Մինչդեռ կատարելության իմ ձգտումները իրական հիմք ու կենդանի մարմին ունեն՝ մարդն իր թերություններով ու թուլություններով: Մարդկային լինելու վրա է խարսխված իմ գլխավոր և հիմնական գաղափարը, որի իսկական անվանումը մարդկայնություն է: Թե՛ կյանքում և թե՛ ստեղծագործություններում կատարելության նպատակակետս մարդկայնացումն է, որին պայմանականորեն Ձեր բառով իդեալականացում կարող ենք ասել:
Յուրաքանչյուրի նման, մարդկայնացմանը ես էլ եմ սկսել ձգտել դեռ վաղ տարիքից, երբ սկսել է ձևավորվել իմ, որպես անհատի, գիտակցական կյանքը: Հետագայում, հասունությանը զուգահեռ, աստիճանաբար ձևավորվել ու կազմավորվել է կյանքիս ընթացքում և, թող անհամեստ չհնչի, իրոք դարձել է իմ կենսակերպը:
– Ինչպե՞ս եք հասել լույսի փիլիսոփայությանը, ինչը Դուք հաստատում եք նաև ժամանակին խոչընդոտներով լեցուն Ձեր առօրյայով, թեպետ թե՛ Ձեր բանաստեղծություններում և թե՛ առօրյայում իդեալականացնում եք ամեն ինչ, իսկ սրան հասնելը շատ բարդ է: Ինչպե՞ս եք անցել դժվար այս ճանապարհը:
– Ինչ խոսք, դժվար է եղել և ոչ ոքի համար էլ երբեք հեշտ չի լինելու: Ով հեշտ կհասնի, փառք իրեն, թող հպարտանա:
Շող առ շող քաղել եմ հավերժական լուսատուից՝ ճյուղ առ ճյուղ բարձրանալով կենաց ծառն ի վեր: Իսկ այս ճանապարհին բազմաթիվ անխուսափելի կորուստներ ու հիասթափություններ եմ ունեցել. մարտնչել եմ ու հաղթանակած պարտվել, հանձնվել եմ, անձնատուր եղել ու պարտվելով հաղթել: Եղել է նաև, որ մարդու նկատմամբ հավատն է սպանվել իմ մեջ, մեկ-մեկ էլ հույսս է հատնելու վրա եղել: Այսուհանդերձ, շատ բաների միջով անցնելով՝ կարողացել եմ համբերել ու դիմանալ, և ինձ ուժ տվողը, որքան էլ զարմանալի թվա, դարձյալ հենց ինքը՝ մարդն է եղել: Ես նրա մեջ փնտրել եմ մարդկայինն ու լուսավորը, երբեմն գտել եմ, իմ համառությունը, լավատեսությունն ու համբերությունը վերջիվերջո իրենց պտուղները տվել են, իսկ երբեմն էլ փորձերս ձախողվել են, բայց դա ինձ չի հուսահատեցրել, շարունակել եմ լույս տեսնել ամենքի մեջ և ամենուր՝ ձգտելով նախ ինքս մարդեղենանալ, ապա ինձ հետ էլ մարդեղենացնելով առնվազն իմ մերձավորներին, իմ շուրջն ու իմ միջավայրը և հեռվից՝ իմ գրավոր խոսքի հավատավոր ընթերցողին:
– Գաղտնիքը բացահայտեք խնդրեմ, թե ինչպես պետք է կյանքում էլ լույս հաստատել:
– Գաղտնիքը մթություն է, իսկ լույսը, ինչպես գիտենք, մթություն չի սիրում ու չի հանդուրժում, ուստի ոչ մի գաղտնիք էլ չկա իրականում, քանի որ շատ վաղուց հայտնի է բոլորին: Աշխարհի բոլոր կրոններն ու դավանանքները, մշակույթն ու արվեստը հազարամյակներով նշել են այդ ուղին՝ սեր, ներում, բարություն և օրենք:
Երբ սկսում ես սիրել մարդկանց, սովորում ես նաև ներել նրանց փոքր ու մեծ սխալները, զանցանքներն ու հանցանքները: Եվ երբ քո բարությամբ հասել ես նրան, որ արդեն հեշտությամբ ես ներում, քո ներսում լույս է պաշարվում: Իսկ որոշ ժամանակ անց, երբ լույսի հոսքը մեծանում է, արդեն դու ինքդ ես քո միջից լույս ճառագում՝ լույսը տարածելով շուրջդ:
Այդ ժամանակ ներսիդ լույսը թույլ չի տալիս նաև, որ վատ բաներ անես, Աստծո և մարդկանց սահմանած օրենքները խախտես: Եվ աստիճանաբար սկսում ես հասկանալ խորհրդավորությամբ շղարշված, բայց նույնքան էլ պարզ մի բան. այնքա՜ն հեշտ է ապրել սիրով, բարությամբ, ներելով և օրինապահությամբ… Այսուհանդերձ, հեշտությամբ ապրելը թողած՝ մարդիկ, չգիտես՝ ինչու, ընտրում են շատ ավելի դժվար ու բարդ կյանքը:
Բնական այդ օրենքը նույնքան ճշտությամբ գործում է նաև ժողովուրդների ու երկրների դեպքում՝ միևնույն ժամանակ դառնալով նրանց բարեկեցիկ կյանքի երաշխիքներից և հիմքերից մեկը: Տեսեք, թե ինչպես են ապրում օրինապահ պետություններում: Ի՞նչ է, այնտեղ չգիտե՞ն ատելության, անհանդուրժողականության, չարության և օրենքը խախտելու, զարտուղի ճանապարհներով շրջանցելու ձևերը: Անկասկած գիտեն և մեզնից էլ լավ են իմանում, բայց վերջին հարյուրամյակներին փոխել են հասարակության մտածելակերպը՝ օրենքները համապատասխանեցնելով իրենց նոր մտածողությանը: Եվ ահա խնդրեմ արդյունքը. բնակչության մեծամասնության կյանքը, նախորդ դարերի համեմատությամբ, էականորեն բարելավվել է, մարդու արժեքն էլ բարձրացել է, նա այլևս միջնադարի անարժեք շահագործվող կենդանի մարմինը չէ:
Իմ պատկերացմամբ, կյանքում հենց այսպես է աստիճանաբար լույսը հաստատվում:
– Իդեալականացված կյանքի Ձեր հիմնադրույթը արդյո՞ք այս գրառման մեջ է. «Յուրաքանչյուր ոք կարող է թաքնվել ցավից, բայց ոչ բոլորը կարող են բացվել կյանքի առաջ:
Կյանքը իսկապես նրանց համար է, ովքեր մոխրից հետո համարձակվում են վերածնվել»։
– Թերևս կարելի է ասել՝ մարդեղենացման իմ գաղափարի բաղադրիչ հիմնադրույթներից մեկը: Այդ գրառումը ցավի կրակների մեջ տառապելուց հետո հիասթափությանն ու հուսահատությանը, անորոշությանն ու մահին հաղթելու մասին է, երբ մարդը կյանք է վերադառնում՝ տառապանքից արդեն թրծված ու կոփված, թեև չի մոռանում ցավը, բայց հոգում անթեղել է, իսկ կուչ գալու, մի բուռ դառնալու փոխարեն կարողանում է իր մեջ ուժ գտնել ու շարունակել լիարժեք կյանքով ապրել: Մեր մարդկային պարտքն էլ մեզ պետք է թելադրի, որ նրանց ձեռք մեկնենք, որպեսզի մեր աջակցությամբ իրենք ավելի արագ հաղթահարեն հոգեկան ճգնաժամը:
Փառք Աստծո, որ այդպիսիները շատ են: Եթե նման մարդիկ չլինեին, մարդկային տեսակը վաղուց էր վերացել:
– «Մենք միշտ ենք գտնում «հատուկ» մարդկանց…». Ձեր այս գրառման մեջ ևս տեսնում եմ իդեալականացված կյանքի միտումներ:
– Փնտրելուց է սկսվում ամեն բան… Մենք միշտ ենք «հատուկ» մարդկանց փնտրտուքով զբաղված, ամենուր պրպտում ենք ու պրպտում՝ նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե ինչ-որ բանով ենք զբաղված. երբ աշխատում ենք, երբ մի բան ենք կարդում կամ դիտում, նույնիսկ այն ժամանակ, երբ քնած ենք: Եթե չասեմ՝ ամեն պահի, համենայնդեպս, անընդհատ ենք փնտրում՝ ծնված օրվանից մինչև մահ: Նորածինն սկսում է իր մորը փնտրելուց՝ տարիների հետ որոնումների տեսահորիզոնը աստիճանաբար ընդլայնելով: Երեխան արդեն ոչ միայն մորն է փնտրում, այլև իրեն կերակրողին, խնամողին, պաշտպանողին ու սիրողին: Հետո պատանեկան տարիքում փնտրում ենք, թե մենք ում կարող ենք սիրել: Իսկ երիտասարդ հասակում մեր երկրորդ կեսին ենք փնտրում: Ամուսնալուծությունները, սակայն, ապացույցն են այն բանի, որ ոմանք իրենց գտածից չեն բավարարվում՝ շարունակելով անվերջ փնտրել ու փնտրել: Իսկ երբ արդեն բավականաչափ մեծանում ենք ու տարիք առնում, սկսում ենք Աստծուն փնտրել…
Հասկանալի է, որ բոլոր այս փնտրածները, բարեբախտաբար թե դժբախտաբար, չենք գտնում: Բայց հետաքրքրականն այն է, որ ամեն տարիքում էլ յուրաքանչյուրը գտնում է իր «հատուկ» մարդուն, իսկ եթե մի քիչ հաջողակ է լինում, նրա շուրջը երևան են գալիս մի քանի այդպիսի մարդիկ:
Բայց ի վերջո, ի՞նչ է մեր ուզածը, ի՞նչն ենք այդպես համառորեն փնտրում՝ մերթ գտնելով, մերթ էլ՝ չգտնելով: Մեր մտքում ձևավորված կատարյալի այն կերպարն է դա, որին ձգտելու ենք նմանվել ու հասնել մնացած ողջ կյանքում: Ոմանք դրան կատարելություն են անվանում, ոմանք՝ իդեալ, իսկ շատերն էլ, ինձ նման, պարզապես մարդ են կոչում: Եթե այս մարդու կյանքում եք Դուք տեսնում իդեալականացման միտումներ, ապա ես չեմ առարկում, թող նա լինի իդեալական մարդը:
– Իսկ միգուցե ա՞յս տողերում փնտրենք կյանքի Ձեր իդեալականացումը. «Երբ կյանքն ավելի շատ ես սիրում, քան՝ տրամաբանությունը, միայն այդ դեպքում ես հասկանում իմաստը»:
– Ինչո՞ւ թաքցնեմ կյանքով ապացուցված ճշմարտությունը: Միայն խելքով ու տրամաբանությամբ լիարժեք ապրել չի լինի, թեկուզ հարյուր տարի էլ ապրես, միևնույն է՝ առանց սիրելու ո՛չ քո կյանքի իմաստը կհասկանաս, ո՛չ էլ կըմբռնես ընդհանրապես կյանքի դրվածքն ու այս աշխարհի բանը՝ ուսումնատենչ այն ուսանողի նման, որ հազար անգամ էլ տեսությունը կարդա, մեկ է՝ կարդացածը գլուխը չի մտցնի, մինչև գործնական պարապմունքների ժամանակ կարդացածի իմաստը խորությամբ չըմբռնի: Իսկ մի՞թե մենք ուսանող չենք այս կյանքի մեծ համալսարանում…
Ինչ էլ լինի, սերն է կյանքի տրամաբանության ու բոլոր մտքերի բանալին… Պետք է սիրես կյանքը, որ կյանքը ոչնչացնող զենքեր չստեղծես քո տրամաբանությամբ ու խելքով: Պետք է սիրես մարդուն, որ քո խոսքով չնվաստացնես, չստորացնես ու չսպանես նրան: Պետք է սիրես կյանքը քեզնից առավել, որ նոր կյանքի ծնունդ տաս: Իսկ կյանքը սիրել՝ նշանակում է նաև քեզ հետ ապրող մարդկանց էլ սիրել: Եվ եթե կարող ես նաև, ոչինչ մի խնայիր, քեզնով շուրջդ գեղեցկացրու…
– «Ավելի շատ հարկավոր է նայել երկնքին և գոհանալ Աստծուց, որ ապրում ես, որ սիրելի մարդիկ կողքիդ են, և վերջիններիս համար դու անգնահատելի և անփոխարինելի ես, նրանք քեզ սիրում են ու հասկանում: Ապրիր ներկայով և այն ամենով, ինչը ներշնչանք է պարգևում, սեր և ուրիշ զգացմունքներ…»,– այս մեջբերումը մի հատված է անցյալ տարվա Ձեր գրառումից: Գուցե այստե՞ղ է թաքնված Ձեր իդեալականությունը:
– Երբ մարդկությունը նախնադարյան համայնական կարգերից անցում կատարեց ընտանեկան կացութաձևին, այդ ժամանակից սկսած, քաղաքակրթվելուն զուգահեռ, անընդհատ ձգտել է կատարյալին: Ընդհանրապես մարդն իր բնույթով այնպիսին է, որ ժամանակ առ ժամանակ դժգոհում է իրականությունից և իր առկա վիճակից՝ ձգտելով ավելի լավին, բարուն ու գեղեցիկին և ցանկանալով փոխել իր և իրեն շրջապատողների կյանքը: Դա է պատճառը, որ առհասարակ իդեալականությունը չի կարող տեղ չունենալ թե՛ մշակույթում ու արվեստում և թե՛ մասնավորապես գեղարվեստական լուրջ ստեղծագործություններում, որովհետև գրականության գլխավոր նպատակներից մեկը ընթերցողին դեպի կատարյալը տանող ճանապարհները ցույց տալն է:
Քանի որ իդեալականությունը հարաբերական է, շատ մարդիկ ինչպես մեջբերված հատվածում, այնպես էլ ամբողջ գրառման մեջ, ըստ իրենց պատկերացումների, կարող են իրենց իդեալը տեսնել, ռոմանտիկները հաճույքով ռոմանտիզմի տարրեր կնկատեն, ոմանք էլ իրապաշտական կհամարեն, թեպետ քրիստոնեությունն էլ իր ծանրակշիռ ներկայությունն ունի՝ «սիրիր մերձավորիդ» պատգամի յուրովի արտացոլումով: Բայց ըստ իս, ժամանակակից աշխարհում մարդեղենացումից բանականաչափ հեռացած մարդուն ուղղված հիշեցում է, որ բնական կլինի, եթե նա վերադառնա մարդկայինին:
Հատկապես մենք՝ հայերս, որ մեր ընտանիքի ու հարազատների, ընկերների ու ծանոթների, ընդհանրապես մեկմեկու նկատմամբ ավելի ջերմ ու անմիջական վերաբերմունք ենք ունեցել և դեռ որոշ չափով շարունակում ենք ունենալ, ավելի շատ ենք զգում մարդկային վերաբերմունքի կարևորությունը: Այդպես հային վայել ապրել ենք դարերով, մեկմեկու նեղությանը հասել, օգնել ու սատար կանգնել, ըստ արժանվույն գնահատել ու ոգևորել: Նաև սրա շնորհիվ է, որ անգամ մեր պետականությունը չունենալու պայմաններում կարողացել ենք գոյատևել որպես ազգ: Եվ վստահ եմ, որ հարատևելու ենք մեր չքնաղ հայրենիքում՝ արդեն հայկական պետականություն ունենալով: Մնում է փայփայենք ու հզորացնենք հայոց պետությունը, որպեսզի մեր սերունդներին հնարավորություն ընձեռենք ապրելու ընդարձակ Հայաստանի Հանրապետությունում, որի տարածքը կընդգրկի մեր պատմական հայրենիք Հայկական լեռնաշխարհն ամբողջությամբ: Եվ հենց սա էլ առանցքը պետք է լինի մեր սերունդներին պատգամված ազգային գաղափարախոսության, որը հայ ազգին միաբանելով ու համախմբելով՝ հզորացնելու է և պահպանելու գալիք դարերում:
Մեր նախնիները երկնքից կախված և ամենքին տեսանելի Լուսավորչի կանթեղի մասին հրաշալի մի ավանդություն են թողել մեզ, որը շատերը կարծիքով ընդամենը միամիտ ու պարզունակ մի զրույց է: Մինչդեռ սերունդներին հղված խորհրդավոր ու գաղտնագրված պատգամ է այն մասին, թե ինչպես պետք է ապրել, որ ոչ միայն բոլոր մարդկանց, այլև Աստծուն էլ հաճելի լինի: Ուրեմն եկեք ականջալուր լինենք մեր իմաստուն նախնիների խոսքին: Մենք մեր մեջ միշտ վառ պիտի պահենք Լուսավորչի կանթեղը…
Շարունակելի
ՄԱԳԱՂԱԹՑԻ