ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Մենք հայ ենք այնքան, ինչքան հայերեն ենք մտածում
Մենք հայ ենք այնքան, ինչքան հայերեն ենք մտածում,
Ինչքան հայերեն ենք գրում ու խոսում հայերեն,
Ինչքան հայերեն ենք աշխարհին, ազգերին նայում՝
Ակնկալելով, որ աշխարհն էլ մեզ հասկանա հայերեն…
Հայերեն ենք աղոթում հերկինս առ Աստված,
Հայերեն ապրում՝ սիրով, հավատով լցված,
Հայերեն շենացնելով փոքրիկ, բայց մեծ մի աշխարհ՝
Զորացնում ենք բանակը մեր առնական, անհաղթ,
Ինքնամոռաց սիրում զինվորին մեր խիզախ ու անվախ…
Հայերեն են հոլովվում մեր ամեն մի ձմեռ ու ամառ,
Ամեն գարուն հայերեն են սրտերը թրթռում,
Իսկ աշնանն ամեն հայերեն են հուշերը սարսռում,
Կարոտն էլ է այնքա՜ն հայերեն բարբառում…
Հայերենն է մեր լեռները ձյունում,
Մեր գետերին է հայերենը սնում,
Բարդին է հպարտ հայերեն նազում, անրջում,
Ծիածանն է հայերենով մեր սրտերն իրար կամրջում,
Հայերեն է որոտն անգամ հողը դղրդացնում,
Ու կայծակներն են հայերեն շանթում,
Հայերենից է հայոց հողը ճաքճքում
Ու հայերենով է առատ բերք երկնում,
Հայերենն է անապակ գինին թնդացնում,
Ծիրանն ու նուռն էլ է հայերենն անուշացնում…
Ծնողին հայերեն ենք հարգում, պաշտում, պատկառում,
Երակներում մեր զավակների հայերեն ենք ներարկում
Ու սերունդներին այս գանձը ժառանգել ենք ավանդում,
Այսպես ծնվում ենք հայերեն, հայերեն մրմնջալով էլ՝ մեռնում…
Հայերեն ենք քոչարի շուրջպարը բռնում,
Աշխարհն արար հայերեն ապրեցրած
Աստծո խոսքն ու Նարեկն ենք հայերեն կարդում,
Պատարագ ու Կոմիտաս՝ հայերեն ունկնդրում:
Ուս ուսի տված՝ միասին քայլում ենք հայերեն,
Պատմություն ու երկիր՝ հայերեն կերտում,
Մշակույթ ու գիր՝ ստեղծում հայերեն,
Մարդկությանը հիացնելով կրթում,
Հայերեն է հզոր խոսքը մեր՝ հզոր աշխարհին ասված:
Հայերեն ենք միայն այս հողին ամուր կանգնած,
Հայերեն հզոր ենք, անպարտ ու հաղթանակած…
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ