ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Հենց հիմա կան մայրեր ու կան հայրեր
Հենց հիմա կան մայրեր ու կան հայրեր
Ու կան անթիվ եղբայրներ ու քույրեր,
Որ հոգիներում իրենց խոշտանգված՝
Տառապում են իրենց Լույսը կորցնելու համար
Եվ՝ որ պարզապես ազատություն են սիրում։
Անտեսո՜ւմ… Թմբի՜ր ու անտարբերությո՜ւն…
Հայոց հողո՛ւմ ես ապրում, հայերե՛ն խոսում
Եվ կոչվում ես ՀԱ՛Յ…
Հենց այս պահին էլ, սակայն,
Երբ կարդում են քո աչքերը
Ցավող հոգուս այս խոսքերը,
Մարդը գոյություն ունի կամ գուցե… չունի,
Գոռում է նա… լո՜ւռ կամ մտովի՛՝
Անձկության թխպոտ կրակե մովում…
Դուք կարո՞ղ եք լսել հեկեկոցը նրա՝
Մորմոքումի մեջ հետապնդված հոգու,
Մինչ նա շրթունքն է կծոտում-արնոտում,
Բայց փշրված հոգու խոսքը չի զեկուցում…
Լսո՞ւմ եք դուք դա, մարդիկ,
Որ խաղաղ գոյության երկնքի կապով
Կապված եք ինձ ու նրան մեկընդմիշտ,
Ինչ-որ տեղ չե՞ք զգում արդյոք՝
Ձեր մարմնի ինչ-որ հատվածում,
Մարմնական ցավը մի՞թե
Ձեր մեջ չի խաչվում, չի բազմապատկվում,
Ձեր արյունը չի՞ հոսում ժամանակի այս
Կույր ու բութ հարվածների տակ…
Ոչ ոք միայնակ չէ այս կյանքում,
Ու հիմա էլ, հենց այս պահին,
Մենակ չենք նաև ես ու դու,
Կապել են նրանք մեզ ընդմիշտ
Հույսին՝ իրե՛նց ու մե՜ր ապրելու…
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ