ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
Հայ ժողովուրդն իր բազմադարյան գոյության ընթացքում օտար շատ նվաճողներ է տեսել ու ճանապարհել: Սակայն թուրքերի նման սարսափելի տիրապետող չի տեսել ոչ միայն մեր ժողովուրդը, այլև չեն տեսել նաև մերձավորարևելյան տարածաշրջանում ապրող բոլոր քույր ժողովուրդները: Ճիշտ է, օտար բռնակալի լավը չի լինում, բայց Միջին Ասիայի միջով Ալթայից այս կողմերը թափանցած թյուրքական ցեղախմբերը մեր պատմական հայրենիքի տարածքում տիրապետության ողջ ընթացքում իրենց գազանությամբ ու ոճրագործություններով և ոչ մահմեդական ազգերի նկատմամբ իրականացրած ազգային և կրոնական խտրականությամբ գերազանցել են նախորդ բոլոր տիրապետողներին՝ միասին վերցրած:
Եթե որպես ցեղասպանությունը սահմանող հիմք վերցնենք Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի ընդունած 1948 թ. դեկտեմբերի 9-ին համաձայնագիրը և այլ փաստաթղթեր, ապա հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում և նրա իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունում ցեղասպանությունը բնորոշող գործողություններ կատարվել են անընդհատ և անդադար:
Դեռևս մինչև աբդուլհամիդյան 1894-96 թթ. ջարդերը, մոտավորապես մեկ-երկու հարյուրամյակ առաջ, ժամանակի ընթացքում վայրագություններն աստիճանաբար խստանալով, ժամանակ առ ժամանակ վերածվում էին զանգվածային բռնությունների ու ջարդերի՝ երբեմն քուրդ ցեղախմբերի գործուն և անմիջական մասնակցությամբ:
Հայերի ցեղասպանության ժամանակաշրջանը իրականում տևել է մինչև նախորդ դարի կեսերը: Թուրքական անվտանգությունն ու իշխանությունները տիրապետում էին Թուրքիայի տարածքում բնակվող թեև մահմեդականացած և թուրքացած ու քրդացած, բայց ծագումով հայ ազգաբնակչության մասին ողջ տեղեկատվությանը: Մեծ թիվ էին կազմում ծպտյալ հայերը, որոնք միայն առերես էին իրենց կրոնն ու ազգությունը փոխել, մինչդեռ իրական կյանքում նրանցից շատերը շարունակում էին պահպանել և մինչև օրս դեռևս պահպանում են իրենց ազգությունն ու քրիստոնեական հավատը:
Թուրքիայում անցյալ դարում տեղի են ունեցել զազաների և քրդերի մի քանի խռովություններ և ապստամբություններ, որոնք բոլորն էլ դաժանորեն ճնշվել են, իսկ դրանց հաջորդող ժամանակահատվածներում քրդերի ու մյուս ազգերի հետ ծպտյալ հայերը նույնպես ենթարկվել են բռնությունների, ընդ որում՝ ցեղասպանության սահմանման մեջ պարունակվող միանգամից մի քանի կետերի համաձայն:
Ինչ վերաբերում է դասեր քաղելուն, ապա այս հարցին վերաբերող միակ դասը, որ պատմությունից անհրաժեշտ էր և է քաղել, իմ կարծիքով, այն պետք է լիներ, որ տվյալ ժամանակի ազգային առաջնորդները ամբողջ հայ ժողովրդին պետք է զինեին, նախապատրաստեին և համընդհանուր ազգային-ազատագրական պայքարի հանեին: Իսկ դրա համար մեծ գումարներ էին հարկավոր, որոնց մի մասը կարող էին տրամադրել հայ վաճառականությունն ու մեծահարուստները: Սակայն արևելահայաստան-արևմտահայաստան բաժանումից բացի ժողովուրդը պառակտված էր քաղաքական, կրոնական և զանազան այլ մանր ու մեծ խմբերի: Դժբախտաբար, պառակտումը գործնականում հնարավոր չեղավ հաղթահարել, թեպետ թե՛ առանձին անհատներ և թե՛ քաղաքական ուժեր ժողովրդին համախմբելու անհաջող փորձեր կատարել են:
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ