ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Լռությունն է առավոտյան ողբում դրսում,
Լռությունն է առավոտյան ողբում դրսում,
Արևն օդի սառնությունից է նվաղում,
Արդարությունն առավոտից հերթ է կանգնում,
Որ տրորի տառապանքը միշտ, ամենուր՝
Հալածելով Աստծո դուռը եկած հույսով…
Դուրս եմ եկել պատերազմը սպանելու
Երկրների միջև՝ աստվածային լույսով,
Հարկայինի ու հարկատուի անդադրում
Պայքարն անմիտ ու անավարտ՝ վերացնելու,
Եվ թքած, թե անիրավ վիճակ է տիրում,
Ես գնում եմ իմ գործերը ավարտելու…
Սկսվել են նոր ժամանակներ ապարդյուն,
Բայց ձեռքերը՝ թաթախված հնի արյունով,
Կոտրվել է ժամանակի ոտքը մեղքով՝
Մեծաքանքար Տիրոջ ուղեղը փրկելով։
Կյանքում ապրելն էլ դառնում է վտանգավոր,
Ամեն քայլափոխի՝ դիակներ մորմոքվող,
Մեռյալներն են քնած հավերժական քնով։
Հարբուխը մարդկանց արյան մեջ է փռշտում՝
Զգացումների կիրքն զգալ չթողնելով…
Կմախքներն էլ պարում են գարնանը դաշտում,
Որ չմրսեն ձմռան ցրտից իրենց սրտում,
Հետո արևից միս ու արյուն են առնում։
Ժամացույցը ժամեր ցույց տալն է մոռացել,
Ժամանակը նրա բերանն է խցանել,
Ակնթարթն էլ երկարել, դարից է անցել,
Անտերն ու տերերը իրար են խառնվել,
Իզուր քաոս են ուտում, որ դեռ չեն մարսել,
Արևոտ երդիկներն են ծխում քաղաքում,
Իսկ ամեն մի տուն իր վեհափառն է ընտրում…
Մեկն ամեն օր առավոտ կանուխ արթնանում,
Իսկույն ինձ է հիշում ու ժպիտ նվիրում։
Արդարությանը թեպետ շատ եմ հավատում,
Բայց որ ճիշտն ասեմ, այնքան էլ չեմ վստահում,
Աչքս տեսածը ընդմիշտ մտքում է պահում…
Եվ ի՜նչ ապուշ է կյանքը, որ մենք ենք ապրում,
Հրաշալի է թեև, բայց հաճախ լացում,
Ծիծաղում ենք ու հիմարություններ անում,
Հևալով ապրում, վերջում՝ շնչասպառ լինում…
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ