ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Թացն ու չորը իրար խառնած կրակի տալու մտածողությունը վաղուց է հայության մեջ ամուր նստել»
Ամեն ոք ազատ է իր մտածելակերպի, իր գործողությունների և քայլերի շրջանակի մեջ, և թող ամեն մեկն էլ իր պատասխանը տա Աստծու և իր իսկ խղճի առաջ:
Ամպագոռգոռ բառերի փոխարեն հարկավոր էր ժամանակին խոսել ու գործել, պայքարել խոսքի, բառերի մաքուր բովանդակության, մշակութային արժեքների բարձրաճաշակ մատուցման, երաժշտության ճիշտ ընկալման և ընդհանրապես իրականությունը պարզ ներկայացնելու և անսխալ ընկալելու համար։ Հիմա այնքա՜ն հեշտ է հետին թվով մեղադրականներ գրելն ու քավության նոխազներ փնտրելը:
Դժբախտաբար, վատն ավելի շուտ և ավելի հեշտ
է ընկալվում, քան՝ լավն ու բարձրագույն արժեքը։
Բնական կերպով ամեն մի հասարակության մեջ էլ միջակություններ ու միջակից էլ ցածր ստեղծագործողներ միշտ են եղել ու կլինեն, բայց նրանց հասարակության առաջընթացի մունետիկներն ու մտավորական վերնախավը դարձնելը, նրանցից ազգի սերուցք ու ընտրախավի ընտրասերում կատարելը, մեղմ ասած, միտումնավոր դիտավորություն է, որն այդ նույն հասարակությանը պարտության իրական պատճառներից և իրական մեղավորներից շեղելու նպատակ ունի: Թացն ու չորը իրար խառնած կրակի տալու մտածողությունը վաղուց է հայության մեջ ամուր նստել, և ամեն մեկն այնքա՜ն հեշտությամբ է դատողություններ անում ինչ-որ ասպարեզի մասին՝ ոչ միայն չլինելով այդ ասպարեզի մասնագետ, այլև նույնիսկ գրագետ խոսել կամ գրել չկարողանալով՝ այն աստիճանի, որ ընդամենը քսան բառանոց տեքստի մեջ հարյուր քսան սխալ են անում:
Ամեն ոք նախևառաջ պիտի իր ներսում փոխի ինքն իրեն, հետո նոր փորձի դաստիարակություն և ճաշակ սերմանել հասարակության մեջ, ամեն մեկը կյանքն ու ուրիշներին փոխելուց առաջ թող իրեն փոխի:
Եվ ընդհանրապես, ձուկը գլխից է հոտել, երբ երկիրը հայտնվել է թուրքական մտածողության և այդ մտածելակերպն ունեցողների գարշահոտ միջավայրում՝ մուղամների ու մուղամի ներքո թեյ խմելու սիրահարների ավազակաորջում։
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
բանաստեղծուհի