ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Անձրև՜ է գալիս
Անձրև՜ է գալիս.
Ապակուց այն կողմ՝ անձրև՜,
Իսկ ներսում՝ արև՛…
Եվ անձրևը գալի՜ս է ու գալի՜ս՝
Կիսաթև գարնան վրա,
Դարչնագույն տանիքներին,
Դաշտերի շառաչող թոքերին
Եվ անցնող օրերի վրա…
Երկինքը ներկել են նրանք
Գորշ ու մուգ հերկերով,
Երբ հատակն էր ձյան տակ
Պատսպարվում փութով՝
Հագնված գարնան գույներով…
Կեսօրը՝ երեխայի նման քնած,
Իսկ քամին ճոճում է նրան
Գարնանն իր շնչահորդ գետերով,
Զարթոնքի զարկերակի հևոցներով…
Տխրությունը կանցնի
Խտացած մելամաղձության,
Կծնվեն էլի օրերը մեռնող,
Գարնանը հորովել կհնչի՝
Երբեմն շշուկի պես թախծոտ,
Երբեմն նման ափսոսանքի,
Իսկ երբեմն էլ քամին կտանի
Անձրևները՝ կյանքի արցունքի…
Ապակուց այն կողմ անձրև՜ է գալիս,
Անձրևը մաղում է անխնա՝
Կիսաթև վշտերը բոբիկ
Մոխրագույն սրտերի վրա։
Դաշտերի վրա անձրև՜ն է էլի,
Որ մաքրի այրվող մուտքը վերջին,
Որ այսօր մորմոքը բողբոջի,
Ժպիտով շարունակվի տարին,
Եվ այն ամենը, ինչ կա՝
Պատերազմ, վախ ու մահ,
Կարողանանք ապրելո՛վ հաղթել,
Զորանալ ու դարերո՛վ ապրել…
Իսկ ճենապակին ահա,
Որ երեկ էր հայտնաբերված,
Ասես դարձել է մի պահ
Մոլեռանդ վաղ ու անցյալ,
Թե հետ կբերե՞նք հողերը մեր,
Աստծո կամքն է հստակ…
Կեսօրը գնում է ու թողնում
Բողոքը վաղեմի ու հին,
Ձմռան օրերն էլ կանցնեն…
Կա՛թ-կա՛թ ու անընդհա՜տ
Ապակուց այն կողմ անձրև՜՝
Կիսաթև գարունների վրա…
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ