ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Այգաբացը կապույտ հյուլեներ է մաղում
Այգաբացը կապույտ հյուլեներ է մաղում
Աչքերի վրա արթնացող լռության,
Եվ էությունը արևոտ շուրթերն է եզրագծում,
Նորալուսնի արբեցումով՝ համբույրներ շաղում խումար՝
Կիսաբաց շուրթերի ադամալույսի մեկնող հայացքում…
Լույսի արտացոլանքը աղերս է հղում այրվող կարոտի թևերին։
Զգում եմ լույսը և խենթացնող դողով հպվում լույսին…
Դու իրական ես, ու վախկոտ գիշերը մեռել է դատարկության քաոսում,
Քե՛զ եմ ես զգում,
Էությունը քո,
Աղոթքներն ու շշունջները քո՝ թմբկաթաղանթին ականջիս…
Մարմինը հոգուս լույսն է բացում,
Որ անվերջ շշունջները լռեցնի։
Մորմոքող ստվերը հեռանում է միշտ,
Ու լույսը վառ առագաստներ է բացում՝
Գնալով ընդառաջ կապույտի լույսին,
Հավերժանալով կրակաբոցում…
Արտի զարկերով լույսը հևում
Ու խենթանում է նիզակի սայրին…
Եվ այգաբացն է լուռ ըմբոշխնում
Լինելիությունը լուսե հաճույքի…
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ