ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Ճրագալույսի փողոցներով լուռ
Ճրագալույսի փողոցներով լուռ՝
Ես սկսեցի դանդաղ քայլել.
Երկիրն է արդեն մի բուռ
Եվ վերջին մարդն եմ նրա վրա,
Որ մնացել է՝ հազվագյո՜ւտ տեսակ…
Աշխարհում, միշտ հիշի՛ր,
Հույսը կորցնելն է ամենասոսակալին…
Եվ գիտե՞ս՝ դու երբեք չես իմանա,
Թե ով կամ որտեղից ես դու,
Երբ որ քեզանից դառնաս
Մեկ ուրիշ մարդ…
Իսկ վերջը թաքնված է սկզբում…
Քեզ դուր կգա՞, թե՞ չի գա,
Ժամանակը կմաքրի ամեն ինչ սակայն,
Եվ ծովը քարերն այն կմոռանա,
Որ վաղուց էին նետված,
Բայց այնտեղ են դեռ դրանք,
Այնտեղ էլ կմնան շատ երկար…
Իսկ մենք կյանքն ենք սպանում
Մեր սպասումներում,
Եվ սպասումներում մեր
Մենք սպանում ենք և մեզ…
Բայց դե ես գարուն եմ իմ մեջ՝
Գտնելով իմ աշխարհը հենց…
Եվ ի վերջո, ընդհանրապես
Մարդը մնում է իր մեջ…
Մենք այնքա՜ն արագ ենք գնում,
Որ հոգիներն են մեր
Մեր հետևը մնում…