Այսօր Փանոս Թերլեմեզյանի ծննդյան օրն է
Այսօր Փանոս Թերլեմեզյանի ծննդյան օրն է: Մեծ վարպետը ծնվել է 1865-ին Վան քաղաքի Այգեստան կոչվող արվարձանում, հողագործի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է Վանի Կենդրոնական վարժարանում, որը գերազանց ավարտելով ստանձնել է ուսուցչի պաշտոն: Հետագայում (1899-1904թթ.) լիարժեք մասնագիտական կրթություն է ստանում Փարիզի Ժյուլիենի Գեղարվեստի մասնավոր ակադեմիայում` սովորելով պրոֆեսորներ Ժան Պոլ Լոռանսի և Բենժամեն Կոնստանի մոտ:
Մենք բոլորս նրան վարպետ էինք կանչում, բայց առավել սիրում էինք քնքշորեն ու կրճատ նրան կանչել Թերլեմեզ:
Թերլեմեզն ասաց … Թերլեմեզը գնաց նկարելու … Թերլեմեզը մասնակցեց ցուցահանդեսին … Թերլեմեզը պատմեց …: Իսկ Թերլեմեզ` թուրքերեն նշանակում է չքրտնող: Մարդ, որ ինչքան աշխատում է, ճգնում, ճակատին քրտինք չի երևում, ուրեմն և տոկուն մարդ է, ամուր, պինդ, առնական:
Եվ դա ճիշտ էր. Թերլեմեզն առնական էր:
Առնական ոչ միայն իր արտաքին տեսքով, այլև իր հաստատակամությամբ, վճռականությամբ, դատողությամբ և, որ գլխավորն է, իր հերոսական գործունեությամբ:
Ծնվել էր Վանում: Նրա պապերը երեք հարյուր վաթսուն տարի առաջ գաղթել էին Մոկաց Թալմազ գյուղից, որի անունից առաջ էր եկել նրանց ազգանունը` Թալամազյաններ, այդտեղից էլ` Թերլեմեզյանը:
Տառապալի և տխուր էր անցել նրա մանկությունը: Փոքր հասակում կորցրել էր հորը ու մնացել մոր խնամքին: Դեռ պատանի` սկսել էր աշխատել և օգնել մորը, զգացել կյանքի դառնությունները: Հարուստ ազգականներից և ոչ մեկը չէր օգնել նրանց: Փանոսը կյանքի դժվարին ուղին հարթել էր սեփական ուժերով` մենակ: Եվ այդ ուղին եղել էր դաժան ու տատասկոտ: Նա իր շրջապատում տեսել էր կողոպուտ, ավերածություն, թշվառություն, հարյուր հազարավոր մարդկային զոհեր, մահ …
Պատանու հոգում ծնվել էր մի նոր զգացում` ազատասիրություն, իսկ մտքում` անարդարությունների դեմ պայքարելու վճիռ: Եվ Փանոսը իր կյանքի տասը տարիները, մինչև երեսուն տարեկանը, առանց վարանման, խիզախորեն դրել էր ժողովրդի ազատագրության զոհասեղանին: Նրա համար ժողովրդի հանդեպ ունեցած անհուն սերը վեր էր ամեն ինչից, կյանքից, անհատական շահից, սեփական երջանկությունից: Եվ նա, այդ տարիներին, զենքը ձեռքին պայքարել էր նրա ազատագրության համար, ինչպես վայել է ժողովրդի ծոցից դուրս եկած և ժողովրդանվեր, անձնուրաց ու խիզախ մարտիկին: Քանի՜—քանի՜ անգամ նրա դիպուկ գնդակը զգետնել էր աշխատավոր ժողովրդին կողոպտող, սարսափ ազդող, արյունռուշտ բեկերին ու ավազակներին: Քանի՜—քանի՜ անգամ նա կանգնել էր մահվան դեմ առ դեմ և երջանիկ դիպվածով, տոկունությամբ, խիզախությամբ ճողոպրել նրա ճիրաններից:
Թերլեմեզը, այդպիսով, վառ հայրենասերի, ազնիվ քաղաքացու, վառվռուն ու կենսունակ արվեստագետի մի ներդաշնակ կերպար էր, որն իր քաղաքական, հասարակական և ստեղծագործական գործունեությամբ բացառիկ երևույթ էր հայ ժողովրդի կերպարվեստի դարավոր պատմության մեջ: