Այսօր «որոնող հայի»` ամերիկահայ ականավոր կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի ծննդյան օրն է
Ամերիկայում նրան անվանում են «կոմպոզիտոր, որ առաջ է կանգնած մյուսներից», Ճապոնիայում և Հնդկաստանում՝ «որոնող հայ», Անգլիայում՝ «խաղաղ ամերիկացի»:
Այսօր ամերիկահայ ականավոր կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի ծննդյան օրն է:
— Գիտե՞ս, Ալան Հովհաննեսն է եկել, — ասաց բարեկամս:
Մի մարդու մասին խորհրդավոր բաներ ես լսել, տեսել ես նրա լուսանկարը, հեռվից հեռու նա քո հետաքրքրությունն է շարժել, բայց համարյա ոչինչ չգիտես նրա մասին և մտքովդ էլ չի անցել, որ երբևիցէ կհանդիպես նրան: Եվ հանկարծ նրան տեսնում ես փողոցում: Ի՞նչ կզգաս: Բարեկամիս լուրը այդպիսի հանդիպման տպավորություն թողեց իմ վրա:
Ալան Հովհաննեսի անունը լսել էի քսան տարի առաջ, Կիպրոսում, հայկական թերթերից. մի ամերիկահայ երիտասարդ երգահան սկսել է աչքի ընկնել: Այդքան: Հետո նա մնաց հեռավոր, տարօրինակ մի անուն և ազգանուն, որի մասին հասնող կցկտուր ու նույնքան տարօրինակ տեղեկությունները ավելի խորհրդավոր էին դարձնում անծանոթին: Հետո լսեցինք նրա մի սիմֆոնիան, որ Հայկ Յաղջյանը կատարեց Երևանում, բայց դա էլ անցավ ասուպի նման …
Եվ ահա Ալան Հովհաննեսը եկել է: Այստեղ է, Երևանում: Առաջին պահ դա էլ տարօրինակ թվաց, որովհետև եկել է ինքը` կոմպոզիտորը, բայց մենք դեռ չգիտենք նրա երաժշտությունը, անգամ չգիտենք, թե ինչ երկեր է գրել:
Անդրկովկասյան երաժշտական գարնան հերթական համերգն է` կոմպոզիտորների տանը, ցերեկը: Ասում են, Ալան Հովհաննեսը գտնվում է դահլիճում: Հայացքով փնտրում եմ` գուցե ճանաչեմ: Չեմ գտնում: Հանկարծ ունկնդիրներից մեկի ձեռքում տեսնում եմ մի գրքույկ, որի վրա Ալան Հովհաննեսի նկարն է, իսկ վերի ձախ անկյունում` հանրահայտ «Պետերս» երաժշտական հրատարակչության կնքանշանը: Այն հրատարակչության, որ մոտ երկու հարյուր տարի լույս է ընծայել աշխարհի բոլոր նշանավոր կոմպոզիտորների երկերը` սկսած Բախից ու Հենդելից: Թերթում եմ 66 էջանոց, մեծ խնամքով պատրաստված գրքույկը, և վայրկյան առ վայրկյան աճում է զարմանքս: Անակնկալներ` իրար ետևից: Նախ այն, որ մի ամբողջ կատալոգ լցնելու չափ երկեր է հրատարակել «Պետերսը» Ալան Հովհաննեսից: Դա րատակարգ է, գրեթե անհավատալի: Հետո` օպուսների թիվն անցնում է 200-ը. 17 սիմֆոնիա, կոնցերտներ, օպերաներ, կանտատներ, խնբերգեր, մեներգեր, կամերային և դեռ շատ ուրիշ այլազան գործեր` բազմաժանր և առատաբուխ ստեղծագործություն: Երկերի անուններ` հայկական, ուրարտական, հնդկական, ճապոնական … բայց մանավանդ հայկական. «Արարատ», «Սոսյաց անտառ», «Արևագալ», «Լուսածագ», «Վահագն», «Վանատուր», «Անահիտ», «Աղթամար», «Գոհար», «Վարագ», «Վիճակ», «Սուրբ Վարդան», «Զարթիրք, փառք իմ» … Մոտ 35 երկ:
Իսկ ինչպե՞ս են գնահատում նրա երաժշտությունը: Բազում կարծիքներ` աշխարհի տարբեր ծայրերից: Ամերիկացի Ֆրեդ Գրունֆելդը գրում է դեռ 1939-ին. «Արևելքի և Արևմուտքի միջև ամենաուժեղ զուգակշիռը ցարդ գտնում ենք Ալան Հովհաննեսի երաժշտության մեջ` հայկական-շոտլանդական ծագումով ամերիկացի կոմպոզիտորի, որ երկու հնարավոր աշխարհներից իրագործել է առավելագույնը: Նրա երաժշտությունը, Վենետիկի ս. Մարկոս տաճարի ճարտարապետության նման, իր ուժն առնում է արվեստի մեջ երկու ուժեղ հոսանքների միախառնումից, և զուտ արդյունքը հոյակապորեն բյուզանդական է»: Ամերիկացի Վիրջիլ Թոմսոնը` 1947-ին. «Այս երաժշտության բարձր որակը, ներշնչման մաքրությունը երևում է մեղեդիների արտակարգ գեղեցկությունից (և դրանք ինքնուրույն մեղեդիներ են, ոչ թե ֆոլկլորի ծաղկաքաղ), ինչպես և այն կատարյալ քաղցրությունից, որի համը մնում է ունկնդրի բերանում: … Երաժշտարվեստի մեջ մուծած մեր բոլոր ամերիկյան ավանդներից, որոնքատ են, այս մեկը պատկանում է ամենահետաքրքրական և ամենաինքնատիպ ավանդների շարքին»: Գերմանացի Կարլ-Ռեյնհարդտ Վիտտեն` 1961-ին. «Ալան Հովհաննեսը, անտարակույս, վերջերս մեզ այցելած ամենաինքնատիպ երաժշտական անհատականություններից մեկն է: Այս անմոռանալի երեկոյին կարելի էր պատկերացնել, որ Սոֆիեզալ համերգային դահլիճը գտնվում է ոչ միայն Մյունխենում, այլև Երևանում` Արարատի ստորոտին, հնդկական Մադրասում կամ որևէ ասիական քաղաքում: Թեև Ամերիկայում ծնված, այս երաժշտառատ, բայց ամբողջովին ասիական ուղղության երաժիշտը (իր նախնյաց հայրենիքը Հայաստանն է) այսպես ասած «համակողմանի հանճար» է, մի կոմպոզիտոր, որ բոլոր ոճերի մեջ պահպանում է իր անհատականությունը, բայց և այնպես իրեն ենթարկել է գլխավորաբար տարաշխարհիկ ֆոլկլորի ազդեցությանը: … Այս երաժշտությունը ուժեղ, ստեղծագործ, ինքնատիպ կամքի վկայությունն է»:
Համերգը վերջացել է, և Ալան Հովհաննեսին գտնում եմ դրսում, կոմպոզիտորների տան մուտքի առաջ, արևի տակ: Ռուս թարգմանչուհու միջոցով խոսում է մեկ-երկու հայ արվեստակիցների հետ: Երեկ թերթում կարդացել էի, որ նա ընդամենը երեք բառ գիտի հայերեն. մեծ, պզտիկ, Մասիս …
Կարպիս Սուրենյան «Հանդիպումներ Ալան Հովհաննեսի հետ»